Փետրվարի 23-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպում է ունեցել ՌԴ Հյուսիսային նավատորմի սպաների հետ, որի ընթացքում հայտնել է Սիրիայում ռուսաստանյան ռազմական գործողությունների նպատակների մասին:
«Դուք կատարել են ձեր առջև դրված առաջադրանքները. էական, նշանակալի վնաս եք հասցրել միջազգային ահաբեկչական խմբավորումներին, նրանց կայաններին, զինապահեստներին, ռազմամթերքին, տեխնիկային, ենթակառուցվածքին: Եվ սա անպայման նպաստել է բոլոր երկրների ջանքերին, որոնք մասնակցում են միջազգային ահաբեկչության դեմ պայքարին՝ տվյալ դեպքում Սիրիայի Արաբական Հանրապետությունում և նպաստել է Սիրիայի կառավարության և զինված ընդդիմության միջև խաղաղ բանակցությունները շարունակելու համար պայմաններ ստեղծելուն», — մասնավորապես ասել է Պուտինը ռազմածովային սպաների հետ հանդիպմանը:
Նկատենք, սակայն, որ ՌԴ գործողությունները Սիրիայում միանշանակ չեն: Հիշեցնենք, օրինակ, որ 2016 թվականի դեկտեմբերի 11-ին Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը սիրիական կառավարական բանակից հետ գրավեց Պալմիրա անտիկ քաղաքը, որի ազատագրումը համարվում էր սիրիական հակամարտության ընթացքում Ռուսաստանի ամենագլխավոր ձեռքբերումը։ Իսլամիստները Պալմիրայի գրոհը սկսել էին դեկտեմբերի 8-ին և փաստացի երեք օրում գրավել այն, այնինչ 2016 թվականի մարտին այդ քաղաքը ազատագրելու համար Ռուսաստանից և Սիրիայից ահռելի ջանքեր էին պահանջվել։
Հատկանշական է, որ Պալմիրայի գրավումը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից տեղի ունեցավ այն ժամանակամիջոցում, երբ սիրիական բանակը Հալեպ քաղաքում կատաղի մարտեր էր մղում չափավոր ընդդիմության հետ և իր վերահսկողության տակ էր առնում նորանոր թաղամասեր։ Այսինքն, սիրիական բանակի ուժերը հիմնականում կենտրոնացված էին Հալեպում և կարելի է դրանով բացատրել այն, որ Պալմիրայի մոտ իսլամիստներին լուրջ դիմադրություն չի ցուցաբերվել։
Ուստի կարելի է արձանագրել, որ ռուսական օդուժը, ինչպես և սիրիական կառավարական բանակը «աշխատում» էին Հալեպի ուղղությամբ, որտեղ մարտեր էին ընթանում չափավոր ընդդիմության դեմ։
Այս փաստերը անշուշտ թույլ են տալիս կասկածի տակ դնել ՌԴ նախագահի հայտարարությունների իսկությունը և համարել այն որպես հերթական պաշտոնական քող, որի նպատակն է կոծկել ռուսական զինուժի իրական առաքելությունը Սիրիայում: