Պեկինում ԲՐԻԿՍ-ի գագաթաժողովից հետո տրված ասուլիսում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը արել է մի շարք հայտարարություններ, որոնք ուղղակիորեն հակասում են Հարավային Կովկասում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության գոտում Մոսկվայի որդեգրած քաղաքականությանը:
Խոսելով Ուկրաինային ԱՄՆ կողմից զենքի մատակարարումների մասին՝ Պուտինն ասել է, որ զենքի մատակարարումները՝ հակամարտության գոտիներ, չեն նպաստում խաղաղությանը:
«Կան միջազգային կանոններ և մոտեցումներ, զենքի մատակարարումը հակամարտության գոտի չի նպաստում խաղաղեցմանը, այլ միայն վատթարացնում է իրավիճակը», — մասնավորապես ասել է ՌԴ նախագահը:
Ըստ Պուտինի, Ուկրաինայի դեպքում զենքի մատակարարումները սկզբունքորեն չեն փոխի իրավիճակը, բայց զոհերի քանակը կարող է ավելանալ:
Անելով այս հայտարարությունները՝ Վլադիմիր Պուտինն անշուշտ չէր կարող չհիշել Ադրբեջանին Ռուսաստանի կողմից մատակարարվող ահռելի քանակությամբ հարձակվողական զենքերի մասին:
Ինչպես բազմիցս հրապարակվել է, Ռուսաստանը 2011-12թթ. կնքված պայմանագրերով Ադրբեջանին է մատակարարել շուրջ 5 միլիարդ ԱՄՆ դոլարի հարձակվողական սպառազինություն, այդ թվում՝ համազարկային կրակի «Սմերչ» համակարգեր, հրանետային «Սոլնցեպյոկ» ТОС-1А համակարգեր, T-90s տանկեր:
Թե ինչպե՞ս են ազդել այս սպառազինությունները ղարաբաղյան հակամարտության գոտում խաղաղեցմանը, հայտնի է ողջ աշխարհին: 2016 թվականի ապրիլին իր սանձազերծած պատերազմում Ադրբեջանը կիրառեց Ռուսաստանից ձեռք բերված բոլոր զինատեսակները, ինչի հետևանքով հայկական կողմն ունեցավ հարյուրից ավել զոհ (ադրբեջանական կողմի զոհերի մասին տեղեկությունները հակասական են, բայց ի հեճուկս Բաքվի պնդումների՝ դրանք կարող են հաշվվել հարյուրներով), կարգավորման գործընթացը հայտնվեց խորը ճգնաժամային իրավիճակում, իսկ հակամարտող կողմերն էլ ավելի խորը ներքաշվեցին սպառազինությունների մրցավազքի մեջ:
Ստացվում է, որ Պեկինում ՌԴ նախագահի խոսքերում հնչում է ճշմարտությունը՝ սպառազինությունների մատակարարումները հակամարտության գոտիներ չեն կարող նպաստել խաղաղեցմանը և կհանգեցնեն զոհերի ավելացմանը: Պուտինն ընդամենը մոռանում է, որ իր երկիրն է սպառազինություններ մատակարարում հակամարտության գոտիներ: