Օրերս անդրադարձել էինք Aysor․am-ի տարածած ապատեղեկատվությանը, երբ կայքը հրապարակել էր այնպիսի գլխագրով նյութ, որը ոչ միայն չէր արտացոլել «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի բուն խոսքում տեղ գտած հայտարարությունները, այլև թյուրիմացության մեջ էր գցել ընթերցողին։
Մեր հրապարակման մեջ նշել էինք նաև, որ կայքը առնչվում է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ։
Aysor.am-ը, սակայն, տարածած ապատեղեկատվությունը հերքելու փոխարեն, կեղծիքի մեջ մեղադրեց «Փաստերի ստուգման հարթակին» (Fip.am) և նշեց հետևյալը․ «Խնդրում ենք ստի դեմ պայքարող և արհեստավարժություն քարոզող կայքին մատնանշել մամուլի հրապարակումները, որտեղ որպես ապացուցված փաստ ներկայացված է Aysor.am-ի կապը Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի հետ, կամ հրապարակայնորեն հերքել ակնհայտ կեղծիքը»։
Այժմ ներկայացնում ենք որոշ ուշագրավ տեղեկություններ կայքի սեփականատիրոջ վերաբերյալ:
Aysor.am-ը հիմնադրվել է 2008 թվականին «Պանորամա.էյեմ» ՍՊԸ կողմից։ Այս ընկերությունը և նույնանուն լրատվական կայքը՝ Panorama.am-ը, պատկանում են (պատկանում էին) «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի նախկին տնօրեն, ԱԺ աշխատակազմի ղեկավար Արա Սաղաթելյանին, ով նաև ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արման Սաղաթելյանի հորեղբայրն է։
Արդարադատության նախարարության էլեկտրոնային ռեգիստրից տեղեկանում ենք, որ Արա Սաղաթելյանը «Պանորամա.էյեմ» ՍՊԸ-ի՝ իրեն պատկանող 49 տոկոս բաժնեմասը հանձնել է Ռոբերտ Քոչարյանի մերձավոր Արմեն Թավադյանին։ Ի դեպ, ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թավադյանը գնել է նաև «Արարատ» հեռուստաընկերությունը:
Վերադառնալով Aysor.am կայքին՝ հարկ ենք համարում նշել, որ վերջինիս գլխավոր խմբագիրը՝ Հովհաննես Կոսյանը, աշխատել է նաև Արա Սաղաթելյանի գլխավորած ՊՈԱԿ-ում և աշխատավարձ ստացել պետությունից։
Մեր հարցմանն ի պատասխան, նշված ՊՈԱԿ-ը ներկայացրել է մայիսի 1-ի դրությամբ հաստիքացուցակը, որտեղ Կոսյանը զբաղեցնում է հանրային կապերի բաժնի մասնագետի հաստիքը։
Կարծում ենք՝ կոռուպցիոն ռիսկը ակնհայտ է։ Սաղաթելյանն իր կողմից ղեկավարվող պետական կառույցում աշխատանքի է ընդունել մարդու, որը աշխատում է իր սեփական լրատվական կայքում։
Ռաֆայել Աֆրիկյան