Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն հարկային դաշտ բերելու մասին խոսակցությունները նոր չեն։ Դրանք ակտիվ էին նաև 2019-ին, և չի բացառվում՝ հենց այդ պատճառով է, որ այժմ պետություն-եկեղեցի հարաբերությունները լարված են։
Դեռևս 2019 թ․ հունվարին ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել էր պետական գերատեսչությունների և եկեղեցու ներկայացուցիչների մասնակցությամբ աշխատանքային խումբ՝ պետության և եկեղեցու հարաբերությունների շրջանակներում հարցեր քննարկելու նպատակով: Հայտարարվել էր, որ այս աշխատանքային խմբի շրջանակներում քննարկվող հարցերի շարքում ներառված են այնպիսի արդի խնդիրներ, ինչպիսիք են հանրակրթական դպրոցներում Հայ եկեղեցու պատմության՝ որպես պարտադիր առարկայի, կրթակարգից դուրս բերումը, եկեղեցու գործունեության հարկումը և այլն:
Հայ եկեղեցու պատմություն առարկայի հետ կապված հայտնի է՝ ինչ կատարվեց, սակայն Հայ-առաքելական եկեղեցուն ամբողջությամբ հարկային դաշտ բերելու նախաձեռնությունն առայժմ հաջողություն չունի։ Այս օրերին, երբ Տավուշի թեմի ղեկավար Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ Երևանում կառավարության քննադատների բողոքի ակցիաներ են անցկացվում, գործող իշխանության ներկայացուցիչներն առիթը բաց չեն թողնում սպառնալու՝ եկեղեցուն կբերենք հարկային դաշտ։
Պետության և Հայ-առաքելական եկեղեցու հարկային փոխհարաբերությունները
Շիրակի թեմի ղեկավար Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը մայիսի 14-ին 24News-ին տված հարցազրույցում հայտարարել էր, որ քահանան հարկ վճարում է, և հակառակը պնդողները տհաս են։
«Եկամտահարկ և գույքահարկ վճարում ենք, ուրիշ ի՞նչ պետք է վճարեինք։ Թող վերահսկեն։ Մենք մաքսային, հարկային ոչ մի արտոնություն չունենք։ Վրաստանի կառավարությունը, որ հատուցում է եկեղեցուն, հա՞րկ է պահանջում, ավելի դեմոկրատ ու լայնախոհ են, քան ռուսնե՞րը, հույնե՞րը, բուլղարնե՞րը, թող համեմատեն ուղղափառ երկրների հետ, տեսնեն՝ պետության ու եկեղեցու հարաբերություններն ինչպիսին են, հարկվո՞ւմ են։ Վրաց, ռուս, ռումինական, սերբական եկեղեցին հարկվո՞ւմ է, պետք է ծափահարե՞նք հիմարությանը՝ ինչ լավ է, հիմա բյուջեն կլցվի։ Եկեղեցու ունեցածը ի՞նչ է, գիտեն, թե եկեղեցին առասպելական հարստություն ունի»,- հավելել էր նա։
ՀՀ Հարկային օրենսգիրքը, սակայն, այլ բան է ասում․ եկեղեցին ունի հարկային արտոնություններ, օրինակ՝ ազատվում է անշարժ գույքի հարկից։ Մասնավորապես, անշարժ գույքի հարկից ազատվում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն պատկանող, կրոնական, պաշտամունքային անշարժ գույքը, հուշարձանի կարգավիճակ չունեցող եկեղեցիները, հոգևոր-մշակութային, կրթադաստիարակչական, եկեղեցական և ծիսական պարագաների արտադրության և իրացման համար օգտագործվող անշարժ գույքը, եկեղեցու ներքին սպասարկումն իրականացնող արհեստանոցները, ինչպես նաև դրանց սպասարկման և օգտագործման համար անհրաժեշտ անշարժ գույքը:
Բացի այդ, ավելացված արժեքի հարկից ազատված է քահանաների կողմից մատուցվող կրոնական ծիսակատարությունների կազմակերպումը, օրինակ՝ մկրտություն, պսակադրություն և այլն։ Ինչպես նաև՝ կրոնական կազմակերպություններին կրոնական պարագաների օտարումը, ինչպես նաև կրոնական կազմակերպությունների կողմից այդ պարագաների օտարումը։
Նաև՝ Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին իրավունք ունի կազմակերպել հասարակական դրամահավաքներ և ստանալ նվիրատվություններ ու ընծաներ, որոնք ազատ են հարկումից:
Նույն օրենսգիրքը ավելացված արժեքի հարկից ազատում է նաև կրոնական կազմակերպությունների կողմից ապրանքների ներմուծումը, մատակարարումը, աշխատանքների կատարումը։ Նաև հարկից ազատվում է օտարերկրյա պետություններում գործող Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու թեմերում Մայր Աթոռի կողմից հոգևոր ծառայության նշանակված քաղաքացիների անձնական օգտագործման ապրանքի ներմուծումը:
Հայ-առաքելական եկեղեցին պետությանը հիմնականում վճարում է եկամտահարկ․ ՊԵԿ-ի տվյալների համաձայն՝ 2022-ին վճարել է 450 մլն դրամ, 2023-ին՝ 435 մլն դրամ, իսկ 2024-ի 1-ին եռամսյակում՝ 147 մլն դրամ։
Մայիսի 22-ին խորհրդարանում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայ-առաքելական եկեղեցուն ավելի վաղ առաջարկել են ստվերի դեմ պայքարի շրջանակում ունենալ ընդհանուր դրամաշրջանառություն, որտեղ կհավաքվի նաև եկեղեցու գործունեության արդյունքում հավաքված գումարը, սակայն եկեղեցին մերժել է։ «Մենք ասել ենք, որ մեր խնդիրն է ընդհանուր դրամաշրջանառության մեջ ստվերի տեղ չթողնելը։ Մենք հասկանում ենք, որ Հայ-առաքելական եկեղեցին ունի առանձնահատկություններ, ու պաշտոնապես առաջարկել ենք, որ այդ հարկային համակարգը ներդնենք, իսկ հավաքագրված ամբողջ գումարը վերադարձնենք եկեղեցուն։ Ինձ համար զարմանալի է, թե ինչու ենք մերժվել։ Մենք ասել ենք, որ ընդամենը ուզում ենք թափանցիկություն․ ինչքան կհավաքվի ՀԱԵ գործունեության արդյունքում, մենք պատրաստ ենք վերադարձնել պետբյուջեի օրենքով։ Բայց մերժվեցինք։ Ի՞նչը կարող է պատճառ դառնալ այս մերժման․․․ թափանցիկության խնդիրը»,- հայտարարել էր վարչապետը։
Եկեղեցին և հարկերը․ միջազգային փորձ
Ռուսաստանում պետություն-եկեղեցի հարկային փոխհարաբերություններն այնպես են, ինչպես Հայաստանում․ կրոնական բոլոր կազմակերպությունները, այդ թվում՝ եկեղեցի, սինագոգ, մզկիթ, ազատվում են գույքահարկից։ Այդ օրենքը տարածվում է նաև կրոնական կրթություն տարածող հաստատությունների վրա։ Եկեղեցին և կրոնական մյուս կազմակերպությունները ՌԴ-ում ազատված են նաև հողահարկից։ Այս երկրի հարկային օրենսգիրքը եկեղեցական, կրոնական ծեսերի, ծառայությունների մատուցման, ինչպես նաև կրոնական գրականության ու այլ ատրիբուտների վաճառքից ստացվող շահույթը չի դիտարկում հարկման ենթակա։
Հարևան Վրաստանում Ուղղափառ եկեղեցին ազատված է հարկերից։ Եվ դա սահմանադրական համաձայնագրի հիման վրա է, որը փոփոխման ենթակա չէ։ Այդ համաձայնագրով, «եկեղեցու գույքը, հողատարածքները, արտադրանքը, դրա ներմուծումը ազատված են հարկերից»։ Եկեղեցին, ըստ նույն փաստաթղթի, պետության միակ ու բացառիկ գործընկերն է կրթական ոլորտում, ինչը նշանակում է, որ պետությունը պարտավոր է օժանդակել եկեղեցու կրթական հաստատություններին։ Դպրոցներում կրոնական առարկա սովորելը կամավոր է։
Հատկանշական է, որ Վրաստանի կառավարությունը տարեկան 25 մլն լարի (9 մլն ԱՄՆ դոլար) է փոխանցում Վրաստանի պատրիարքարանին, վերջինս էլ իր հայտարարություններում ընդգծում է, որ այդ գումարը Ռուսական Կասյրության ու սովետական իշխանության կողմից վրաց եկեղեցուն հասցված վնասի փոխհատուցումն է։ Ըստ նույն հայտարարությունների, այդ գումարը ծախսվում է եկեղեցու կողմից իրականացվող սոցիալական գործունեությունը ֆինանսավորելու համար։
ԱՄՆ հարկային օրենսդրության համաձայն, եկեղեցիները դիտարկվում են բարեգործական կազմակերպություններ, իսկ դրանք ազատված են դաշնային, նահանգային և տեղական հարկեր վճարելուց: Սակայն այստեղ ստիպված են սահմանել՝ ի՞նչ է եկեղեցին, քանզի բոլորը չէ, որ կարող են ազատվել հարկերից։ Եկեղեցի ԱՄՆ-ում համարում են այն հաստատությունը, որտեղ հնարավոր է աղոթել, երկրպագել աստծուն: Այդ թվում են քրիստոնեական եկեղեցիները, տաճարները, մզկիթները, սինագոգները և այլն։ Միևնույն ժամանակ, սակայն, ԱՄՆ հարկային օրենսդրության համաձայն, եթե եկեղեցին զբաղվում է կամ ներգրավված է բիզնես գործունեության մեջ, ապա անպայման պետք է «հատուկ հարկ» վճարի ստացված եկամտից։
Գերմանիան միայն կրթության մասին խոսելիս է անդրադառնում կրոնին՝ նշելով, որ ծնողը/խնամակալը ազատ է որոշել՝ իր երեխան պե՞տք է ստանա կրոնական կրթություն, թե՞ ոչ։ Գերմանիան եվրոպական այն երկրներից է, որտեղ գործում է եկեղեցական հարկը կամ, այլ կերպ ասած, տասանորդը (Church tax), երբ հավատացյալը կամ կրոնական որևէ համայնքի անդամը գումար է նվիրաբերում, այս դեպքում՝ հարկ է վճարում եկեղեցուն։ Հավատացյալն այս երկրում վճարում է իր եկամտի 8-9 տոկոսը:
Ի դեպ, Գերմանիայից բացի, Եվրոպայի ևս 5 երկրում եկեղեցու համար տասանորդը պարտադիր է։ Այդ երկրներն են Ավստրիան, Դանիան, Ֆինլանդիան, Շվեդիան և Շվեյցարիան։ Այս երկրներում հավատավոր քրիստոնյաները, որոնք հաճախում են եկեղեցի, կրոնական որևէ համայնքի անդամ են, պարտավոր են վճարել հարկ, սակայն նրանք կարող են չվճարել, եթե դուրս են գալիս անդամությունից։
Ֆրանսիայում եկեղեցուն հարկելը կախված է շինության պատմական նշանակությունից ու դրա պատկանելությունից։ 1905 թվականին այս երկրում եկեղեցին առանձնացվել է պետությունից, հետևաբար՝ բոլոր կոթողները փոխանցվել են տեղական ինքնակառավարման մարմիններին, իսկ խոշորագույնները, ինչպիսին, օրինակ, Փարիզի Աստվածամոր տաճարն է, փոխանցվել են պետությանը։ Արդյունքում, այդ շինությունները շարունակում են մնալ եկեղեցականների տրամադրության տակ, սակայն հենց եկեղեցին դրանց տնօրինողը չէ։
Այն, ինչ կառուցվել է 1905 թվականից հետո՝ շուրջ 3000 օբյեկտ, չի հարկվում այն դեպքում, եթե դա հանրային է, իսկ մյուս շինությունները՝ ծառայողական շինություններ, գրադարան, կրթական տարածքներ, հարկվում են ընդհանուր հիմունքներով։
Իսպանիայի Կաթոլիկ եկեղեցին 2023 թվականից սկսել է վճարել երկու հարկ, որից մինչ այդ ազատված էր։ Տարեկան հարկային վճարը կազմում է շուրջ 17 մլն եվրո։ Դա կտրուկ փոփոխություն էր Իսպանիայի Կաթոլիկ եկեղեցու համար, որը կայացվել էր մեկ տարվա ինտենսիվ բանակցությունների շնորհիվ։ Արդյունքում, պետությունը այս երկրում եկեղեցուն վերաբերում է գործող մյուս ոչ առևտրային կազմակերպությունների պես։
Հասմիկ Համբարձումյան