Կառավարության հունիսի 9-ի նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ահռելի քանակությամբ պետական գույք կա, որը ոչ մի եկամուտ, արդյունք չի բերում երկրին։
Նույն օրը կառավարությունը հաստատեց որոշման նախագիծ, ըստ որի՝ վաճառքի հանվեց «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի շենքը՝ հարակից տարածքով:
«Հազարավոր օբյեկտներ, որոնք պետական են, չեն աշխատում ուղղակի կամ չօգտագործվելու պատճառով մաշվում են»,- նիստի ժամանակ հավելել էր Փաշինյանը։
Ի լրացումն վարչապետ այս հայտարարության՝ Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանը «Հայկական ժամանակի» հետ զրույցում նշել է, որ քիչ չեն այդպիսի կառույցները, որոնք պատկանում են պետական գերատեսչություններին, սակայն այս պահին չեն օգտագործվում որևէ նպատակով։
«Մոնիթորինգի աշխատանքների ավարտից հետո մենք այդ թվերը կհրապարակենք․ մեծ թվի հետ գործ ունենք, միգուցե՝ 10 հազարից ավելի»,- ասել է Ավետիսյանը՝ հստակեցնելով, որ այդ տարածքները կարող են օգտագործել այն պետական հաստատությունները, որոնք ներկայումս տեղակայված են վարձակալված տարածքներում։
«Փաստերի ստուգման հարթակը» փորձեց պարզել, թե նախկինում պետգույքի մասնավորեցման որոշումներին ինչպիսի արձագանք է տվել ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, նաև նրան կամ նրա ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» օրաթերթը, և ինչպիսի դիրքորոշում կա հարցի վերաբերյալ այսօր։
«Մաշվող» պետգույքի մասնավորեցման որոշումներ ու մտադրություններ. ընդունված պրակտիկան շարունակվում է
2022 թ. ապրիլին հրապարակումներ եղան, ըստ որոնց՝ կառավարությունը վաճառքի է հանել Երևանում և մարզերում Պաշտպանության նախարարությանը պատկանող 72 միավոր անշարժ գույք, որի ցանկում են ՊՆ նախկին շենքը, զորամասեր, հեկտարներով հողատարածքներ, օդանավակայան, բուժվարչության մասնաշենքերից մեկը, Ռազմական ոստիկանության Երևանի վարչության շենքը և այլ շինություններ։ Նախարարությունը պարզաբանել էր, որ ՊՆ նախկին շենքի օտարումից հնարավոր կլինի գումար տնտեսել։ Իսկ Կոմիտեի նախագահը շեշտել էր՝ այս հարցով իրենց և «նախկինների» տարբերությունն այն է, որ «նախկինում առանց մրցույթի և աճուրդի ՊՆ-ի գույքը տվել են նրանց, ում ցանկացել են»։
2021 թ․-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր պետգույքի վաճառքի ևս մեկ «նախագծի» մասին։ Ըստ նրա՝ նախատեսվում է Երևանի բուհերի շենքերը հանել վաճառքի՝ հիմնավորելով, որ բուհերում շենքային պայմաններն արդեն չեն համապատասխանում 21-րդ դարի չափանիշներին։ Եվ ըստ այդմ, քանի որ շենքերը գտնվում են կենտրոնում, վաճառքից ձևավորված գումարներով կարող են Երևանից դուրս կառուցել ակադեմիական քաղաք։ Հանրային ակտիվ քննարկումից ու քննադատություններից հետո ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը «Հայկական ժամանակ» թերթին տված հարցազրույցում շտապել էր պարզաբանել․ «Չի ասվել, որ բոլոր շենքերը կվաճառվեն, այլ նրանք միայն, որոնք նպատակահարմար չեն լինի գործել որպես բուհ կամ բուհի ինչ-որ մաս»։
Կառավարության որդեգրած քաղաքականությունից հետ չի մնացել նաև Երևանի քաղաքապետարանը։ Վերջերս Երևանի ավագանին որոշեց պոլիկլինիկաներից 6 շենք ազատել՝ միավորելով այլ պոլիկլինիկաների, որոնք հիմնականում Կենտրոն և Արաբկիր վարչական շրջաններում են։ Դեռևս հայտնի չէ, թե պոլիկլինիկաների ազատված շենքերն ինչ նպատակով են օգտագործվելու։
2017-ին Փաշինյանը պետգույքի մասնավորեցման քառամյա ծրագրին դեմ էր, բայց հետո ցանկն ավելացնում է
2017-ին խորհրդարանում «Պետգույքի մասնավորեցման 2017-2020» ծրագրի քննարկմանը, ըստ որի նախատեսվում էր այլ օբյեկտներից բացի նաև բազմաթիվ առողջապահական կենտրոններ վաճառել, պատգամավոր Նիկոլ Փաշինյանն իր ելույթում հայտարարում է, որ դեմ է մասնավորեցմանը՝ հիմնավորելով իր տեսակետը նրանով, որ «հանրության լայն շերտերի շահերը շոշափող կարևորագույն օբյեկտների սեփականաշնորհումը տեղի է ունենում առանց հանրային խորհրդարանական պատշաճ մանրամասն լսումների»։ Ըստ նրա՝ թեև մասնավոր հիվանդանոցների զուգարաններից գարշահոտություն չի գալիս, բայց հանրապետությունում գործում է առողջապահական օլիգարխների համակարգը և այդ հիվանդանոցներում ամենասովորական անալիզների համար աստղաբաշխական գումարներ պետք է վճարել։
Հետագայում արդեն՝ ծրագրի տարեկան կատարողականների քննարկման ժամանակ, իշխանության եկած ՔՊ-ական պատգամավորները դրական եզրակացություն են տալիս, իսկ կառավարությունը վաճառքի հանված օբյեկտների ցանկին է ավելացնում նաև «Հատուկ լեռնափրկարար ծառայություն» ՓԲԸ-ն և վաճառում։
Ինչ էր գրում ընդդիմադիր «Հայկական ժամանակ» թերթը, երբ հերթական պետգույքն էր վաճառքի հանվում
Նախկինում «Հայկական ժամանակ» թերթը, որի՝ տարբեր տարիների սեփականատերը, գլխավոր խմբագիրը Նիկոլ Փաշինյանն է կամ նրա ընտանիքի անդամ/ները, մշտապես քննադատաբար էր անդրադառնում նախորդ կառավարությունների՝ պետական գույքի վաճառքի այս կամ այն որոշմանը։
«Հայկական ժամանակը» բավական հաճախ էր մեջբերում Ռոբերտ Քոչարյանի այն նկատողությունը, երբ Երևանի երբեմնի քաղաքապետ Ալբերտ Բազեյանի՝ քաղաքի կարիքների համար գումար հայցելու առիթով ասել էր. «Փողի վրա նստած՝ մեզանից փո՞ղ ես ուզում»:
Թերթը հեռավոր 2002 թվականի հրապարկումներից մեկում ներկայացնում է Ռոբերտ Քոչարյանի այցը Երևանի քաղաքապետարան․ «Ռ. Նազարյանը արդարացավ, թե բոլոր թվերն էլ հաշվետվությունում նշված են, մասնավորապես, մայրաքաղաքի հողերը վաճառելու միջոցով պետբյուջեն միլիոնավոր դոլարների հավելյալ մուտքեր է ունեցել: Անմիջապես հետևեց Ռոբերտ Քոչարյանի արձագանքը, թե՝ «Որ ասում էի՝ փողի վրա եք նստած և ամեն օր ձեռքներդ մեկնած միայն լաց եք լինում՝ սպասելով բյուջեից կոպեկներ կտան, թե չեն տա: Այ, դրա մասին էր խոսքը»:
Իսկ 2012 թ.-ին «Բկներիդ կանգնի» վերնագրված հրապարկմամբ ներկայացվում է Կառավարական թիվ 2 մասնաշենքի (որտեղ տեղակայված էր Արտաքին գործերի նախարարությունը) օտարման մասին կառավարության որոշումը. «Երեկ բառացիորեն գաղտագողի վաճառքի ներկայացվեց ԱԳՆ շենքը: Հիմա ի՞նչ է սա` անմեղսունակությո՞ւն, թե՞ հանցագործություն: Շենքի վաճառքն այսպես հապճեպ կազմակերպելը պայմանավորված է նաև նրանով, որ այդ գումարը պետք է ուղղվի ՀՀ արտաքին պարտքի սպասարկմանը: Թե ինչով են սպասարկելու 2013 թվականի արտաքին պարտքը, կարելի է տարբերակներ քննարկել. ասենք, մի 30 միլիոն դոլարով կվաճառեն օպերան, մի 20 միլիոնով… Վա՛յ, էլ բան չկա»:
«Հայկական Ժամանակ» օրաթերթի 2006 թվականի նոյեմբերի 18-ի համարում «Ավանդույթի համաձայն. Հրազդանի ՋԷԿ-ն էլ տվեցին» նյութում հեղինակը գրում է, որ վաճառքի գումարով սուբսիդավորում են գազի սակագինը, չէ՞ որ այդ ժողովրդի ձայները այդքան անհրաժեշտ են լինելու ընդամենը մեկ տարի հետո կայանալիք ընտրություններում։ Իսկ նույն թեմայով «Կրիմինալ գործարք. կթու կովը կաթի գնով» հոդվածը եզրափակում են․ «Սա ո՛չ տնտեսական և ո՛չ էլ քաղաքական գործարք է: Սա կրիմինալ գործարք է, որի մեղավորներին ապագայում դատելը իրավական տեսանկյունից ոչ մի դժվարություն չի ներկայացնելու: Դատվելու են»:
2006-ի սեպտեմբերի 16-ին լույս տեսած «Հերթ կանգնեք. Երևան ծախեմ բիրիքով» հոդվածում նշվում է․ «Բայց արդյո՞ք միայն քաղաքապետարանն է իրականացնում «բիրիքնոցի» գործառույթ: Շատ ավելի սարսափելի թվերի հետ է խաղ անում ՀՀ կառավարությունը, որն ունի Երևանի հողերը առանց աճուրդի` ուղղակի վաճառքով ծախելու իրավունք: Եվ, բառիս բուն իմաստով, ծախում է աջ ու ձախ»:
«Հայկական Ժամանակ» օրաթերթի 2006 թվականի նոյեմբերի 18-ի համարում «Աչք են դրել. ո՞ւմը կդառնա պոլիկլինիկայի շենքը» հոդվածում նշվում է․ «Առողջապահության նախարարությունը ծրագիր է ներկայացրել կառավարություն, ըստ որի` նախատեսվում է մարզերում միավորել այնտեղ եղած պոլիկլինիկաներն ու հիվանդանոցները: Ըստ տարածված լուրերի` Տավուշի մարզպետն ու Իջևանի քաղաքապետն արդեն աչքադրել են Իջևանի պոլիկլինիկայի շենքը»։
«Ամեն ինչ զրոյից. «Հայֆիլմում» վիճակը խառն է», 2006-ի հունվարի հոդվածը վերաբերում էր «Հայֆիլմ» կինոստուդիայի վաճառքին։
«Դավիդյանն առաջարկում է այրվածքաբանության կենտրոնում խորովածանոց բացել» հոդվածով թերթն անդրադարձել էր նաև 2017 թ․ պետգույքի մասնավորեցման ծրագրում ներառված առողջապահական կենտրոնների վաճառքին։
Ի դեպ, հանրապետության ներկայիս նախագահ Վահագն Խաչատրյանը 2015 թվականին հարցազրույցներից մեկում, երբ քննարկվում էր Որոտան կասկադի գույքի վաճառքի թեման, նշել էր, որ և՛ 2013-14 թթ․-ին, և՛ 2015-ին մեծ ֆինանսական կարիքներ ունի բյուջեն։ «Ամեն գնով ինչ ունենք վաճառելու տարբերակը գործում է մինչև հիմա՝ կլինի Որոտանի ՀԷԿ, կլինի Արտաքին գործերի նախարարության շենք»,- ասել էր նա։
Մասնավորեցումից ստացված միջոցները 2018-2021 թթ․-ին
2018 թ․ «Պետգույքի մասնավորեցման 2017-2020» ծրագրի տարեկան կատարման հաշվետվության համաձայն՝ մասնավորեցումից ստացված միջոցները կազմել են ֏213,229 մլն։ «Փոքր» օբյեկտներից հաշվետու ժամանակահատվածում տարաժամկետ վճարման ենթակա վճարումներից ստացված միջոցները կազմել են ֏33․816 մլն:
2019 թ․ նույն ծրագրի տարեկան հաշվետվության համաձայն՝ մասնավորեցումից ստացված միջոցները կազմել են ֏57 մլն, «փոքր» օբյեկտների վճարումներից ստացված միջոցները կազմել են ֏27 մլն:
2020 թ․ մասնավորեցումից ստացված միջոցները կազմել են 307 մլն դրամ։ «Փոքր» օբյեկտներից հաշվետու ժամանակահատվածում տարաժամկետ վճարման ենթակա վճարումներից ստացված միջոցները կազմել են 18․5 մլն դրամ:
2021 թ․ այդ միջոցները կազմել են 407 մլն 547 հազար դրամ, «փոքր» օբյեկտների վճարումներից ստացված միջոցները՝ 12 մլն դրամ։
Այսպիսով, Նիկոլ Փաշինյանի կառավարության օրոք, նախկինների ընդունած «Պետգույքի մասնավորեցման 2017-2020» ծրագրով, որին, ի դեպ, Փաշինյանը դեմ էր, 2018-2021 թվականներին մասնավորեցման գործարքներից շուրջ ֏984 մլն գումար է ստացվել։ Իսկ նախորդ տարիներին մասնավորեցված «փոքր» օբյեկտներից տարաժամկետ վճարման ենթակա վճարումներից ստացված միջոցները կազմել են շուրջ ֏200 մլն։
Մասնավորեցումից ստացված միջոցները 2010-2017 թթ․-ին
Նախորդ կառավարությունները մասնավորեցման ենթակա պետգույքի ցանկը կազմել են 2006-2007 թթ. ծրագրով, որն իրացվել է մինչև 2017 թ.-ը։
Եթե դիտարկենք 2010-ից մինչև 2017 թ.-ը, ապա այս 8 տարիների ընթացքում մասնավորեցումից ստացված միջոցները կազմել են ֏2 մլրդ 120մլն։ «Փոքր» օբյեկտների մասնավորեցումից ստացված բյուջեի եկամուտները կազմել են ֏301 մլն։
2010-ին մասնավորեցումից ստացված միջոցները կազմել են ֏585․7 մլն, «փոքր» օբյեկտների մասնավորեցումից ստացված բյուջեի եկամուտները կազմել են ֏39 մլն։
2011-ին մասնավորեցումից ստացված միջոցները կազմել են ֏366 մլն, «փոքր» օբյեկտներից եկամուտները՝ ֏46 մլն:
2012-ին մասնավորեցումից ստացված միջոցները կազմել են ֏353 մլն, մասնավորեցված «փոքր» օբյեկտներից ստացված պետական բյուջեի եկամուտները կազմել են ֏54 մլն:
2013-ին՝ ֏456 մլն, «փոքր» օբյեկտներից՝ ֏44 մլն:
2014-ին մասնավորեցումից ստացված միջոցները կազմել են ֏178 մլն, ֏37մլն էլ մասնավորեցված «փոքր» օբյեկտներից:
2015-ին մասնավորեցումից ստացված միջոցները կազմել են ֏52մլն, նախորդ տարիներին մասնավորեցված «փոքր» օբյեկտներից ստացված միջոցները` ֏27 մլն:
2016-ին մասնավորեցումից ստացված միջոցները կազմել են ֏63 մլն, «փոքր» օբյեկտներից՝ ֏24 մլն:
2017-ին մասնավորեցումից ստացված միջոցները կազմել են ֏67 մլն, «փոքր» օբյեկտներից՝ ֏30 մլն:
Նելլի Լազարյան
Մհեր Թարոյան