Արցախ տեղափոխված ռուսաստանցի գործարար Ռուբեն Վարդանյանը հարցազրույց է տվել Forbes-ի ռուսական ծառայությանը՝ ներկայացնելով իր որոշման պատճառները։
Գործարարը թեև ասել է, թե չի պլանավորում Հայաստանում պետական պաշտոն ստանձնել, սակայն, ըստ նրա, հնարավոր է այնպիսի իրավիճակ ստեղծվի, որ «ստիպված լինի և ճիշտ համարի» պաշտոն ստանձնել։
«Հայաստանում օրենքն արգելում է պետական ծառայողներին երկքաղաքացիություն ունենալ և արտերկրում ակտիվներ ունենալ։ Բացի այդ, դուք պետք է որոշ ժամանակ ապրեք երկրում և այս ընթացքում չունենաք այլ քաղաքացիություն»,- ասել է նա՝ պարզաբանելով, թե ինչու է հրաժարվել ՌԴ-ի քաղաքացիությունից և ինչու է իր ակտիվները փոխանցել ընտանեկան հիմնադրամին։
Վարդանյանն ասում է, որ ինքը բացի ռուսական անձնագրից այլ անձնագիր չի ունեցել, իսկ նախորդ տարվա հունիսից ստացել է նաև ՀՀ քաղաքացիություն։
«Փաստերի ստուգման հարթակը» փորձեց պարզել, թե որքանով են Վարդանյանի պնդումները տեղին՝ պետական ծառայության համար ներկայացվող օրենսդրական պահանջների և սահմանափակումների մասով և որ պետական պաշտոններին են վերաբերում։
Ի՞նչ պաշտոն է դիտարկում Ռուբեն Վարդանյանը
Հանրային ծառայության մասին օրենքի 13-րդ հոդվածով սահմանվում է, որ Հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, որոնք բավարարում են հանրային ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով (աշխատատեղի նկարագրով) ներկայացվող պահանջներին։
Իսկ հանրային ծառայության պաշտոնի անձնագրով (աշխատատեղի նկարագրով) ներկայացվող պահանջներով «նստակեցության ցենզ»՝ միայն ՀՀ քաղաքացի և որոշակի ժամանակ Հայաստանում մշտական բնակության պահանջ դրվում է միայն նախագահի, կառավարության անդամի (այդ թվում՝ վարչապետի) ու ԱԺ պատգամավորի դեպքում։ Մնացած բոլոր պաշտոնների դեպքում դրված է միայն ՀՀ քաղաքացի լինելու և պաշտոնն ստանձնելու պահից Հայաստանում բնակվելու պահանջ։
Ըստ այդմ, կարելի է ենթադրել, որ վկայակոչելով նստակեցության պահանջը, Ռուբեն Վարդանյանը դիտարկում է նախագահի, կառավարության անդամի (վարչապետի) կամ պատգամավորի պաշտոններն զբաղեցնելու հավանականությունը։
ՀՀ ընտրական օրենսգրքի 80 հոդվածով սահմանվում է պատգամավորի ընտրվելու իրավունքը։ «Ազգային ժողովի պատգամավոր կարող է ընտրվել քսանհինգ տարին լրացած, վերջին չորս տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին չորս տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, ընտրական իրավունք ունեցող և հայերենին տիրապետող յուրաքանչյուր ոք:
Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին օրենքի 3-րդ հոդվածով սահմանվում է, որ կառավարության անդամի համապատասխան պաշտոնում նշանակվելու համաձայնությունից հետո թեկնածուն պետք է ներկայացնի տեղեկանք` վերջին չորս տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու և վերջին չորս տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվելու մասին։
ՀՀ նախագահի թեկնածուին ներկայացվող պահանջները սահմանված են Սահմանդրության 124-րդ հոդվածով, ըստ որի՝ Հանրապետության նախագահ կարող է ընտրվել քառասուն տարին լրացած, վերջին վեց տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին վեց տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, ընտրական իրավունք ունեցող և հայերենին տիրապետող յուրաքանչյուր ոք:
Արցախի Հանրապետության Սահմանադրության պահանջով՝ հանրապետության նախագահն ընտրվում է հինգ տարի ժամկետով: Ըստ ԱՀ Ընտրական օրենսգրքի 78-րդ հոդվածի՝ Հանրապետության նախագահ կարող է ընտրվել 35 տարին լրացած, վերջին 10 տարում միայն Արցախի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին 10 տարում Արցախի Հանրապետությունում մշտապես բնակվող, ընտրական իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք:
Ըստ այդմ, հաշվի առնելով, որ Ռուբեն Վարդանյանը ՀՀ քաղաքացիություն է ստացել, ինչպես ինքն է պնդում, 2021 թ.-ի հունիսից, կարող է ՀՀ նախագահի պաշտոնին հավակնել միայն 2027 թ.-ի հունիսից հետո (Արցախի նախագահի՝ 2031 թ.-ից հետո), ՀՀ պատգամավորի և վարչապետի պաշտոնին՝ 2025 թ.-ից։
Օրենքը չի արգելում պետական պաշտոնյային արտերկրում ակտիվներ ունենալ
Հանրային ծառայության մասին օրենքի հոդված 31-ը սահմանվում է պաշտոնյայի անհամատեղելիության պահանջները։
Ըստ այդմ, հանրային պաշտոն զբաղեցնող անձինք և հանրային ծառայողները չեն կարող զբաղեցնել իրենց կարգավիճակով չպայմանավորված պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման այլ մարմիններում, որևէ պաշտոն` առևտրային կազմակերպություններում, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, կրթական և ստեղծագործական աշխատանքից:
Հոդված 34-ով սահմանվում է պետական պաշտոն զբաղեցնող անձի գույքի, եկամուտների և շահերի հայտարարագրման պարտականությունը, իսկ հոդված 41-ի մեջ ընդգրկված է, որ պաշտոնյան կարող է հայտարարագրել նաև արժեթուղթ, կամ այլ ներդրումը հավաստող փաստաթուղթը (բաժնեմասը, փայաբաժինը)։ Օրենքում արտերկրում ակտիվներ ունենալու ուղղակի արգելք չկա։
Այսինքն, Ռուբեն Վարդանյանի պնդումը ՀՀ օրենսդրությանը վերաբերելի չէ․ պետական պաշտոնյան, դադարեցնելով ձեռնարկատիրական գործունեությունը, այդուհանդերձ կարող է արտերկրում ակտիվներ ունենալ՝ օրենքի պահանջով հայտարարագրելով դրանք։
Իսկ պնդումը, թե Հայաստանում օրենքն արգելում է պետական ծառայողներին երկքաղաքացիություն ունենալ և պետք է որոշ ժամանակ ապրել երկրում, վերաբերում է միայն նախագահի, կառավարության անդամի ու պատգամավորի պաշտոններին, մնացած բոլոր պաշտոնների դեպքում ՀՀ քաղաքացի լինելու ժամկետ դրված չէ։
Ուստի, ՌԴ-ի քաղաքացիությունից հրաժարվելը կարող է նշանակել, որ Ռուբեն Վարդանյանը հավակնում է նախագահի, կառավարության անդամի կամ պատգամավորի պաշտոններին։
Նելլի Լազարյան