Պետական «Արմենպրես» գործակալության կայքում արտատպվել է «Հայաստանի Հանրապետություն» պաշտոնաթերթի հոդվածը՝ սովետահայ ֆիզիկոս, Երևանի ֆիզիկայի ինստիտուտի հիմնադիր-տնօրեն Արտեմ Ալիխանյանի մասին։
Հոդվածում որպես Ալիխանյանի և նրա հարազատ եղբոր՝ Աբրահամ Ալիխանյանի (Ալիխանով) հայր է ներկայացվում դերասան Իսահակ Ալիխանյանը, ինչը, սակայն, սխալ է։ Հոդվածը վերնագրված է հենց այդպես՝ «Անվանի դերասանի հռչակավոր զավակներից մեկը»։
Ալիխանյան եղբայրների հայրանունը, իրոք, Իսահակ է, սակայն նա դերասան չէր։ Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի կայքում հրապարակված եղբայրների կենսագրություններում նշվում է, որ նրանք ծնվել են «երկաթուղային մեքենավարի ընտանիքում»։ Նույնը ասվում է Աբրահամ Ալիխանովի՝ Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի կայքում հասանելի կենսագրական տվյալներում։ Նրանց հայրը՝ Իսահակը, շոգեքարշ մեքենավար (паровозный машинист) էր, իսկ հետագայում էլեկտրակայանում էր աշխատում։
Ավելին, ըստ նույն աղբյուրի, Իսահակի հայրանունը Աբրահամ էր (Исаак Абрамович)։
Ինչ վերաբերում է դերասան Իսահակ Ալիխանյանին, նա, իրոք, ինչպես գրում է հոդվածի հեղինակը, անվանի դերասան էր և ծնվել էր Վրաստանի Դուշեթ քաղաքում։ Նա, սակայն, ֆիզիկոս եղբայրների հայրը չէր։ Դերասանի հայրանունը Սիմոն էր։
Մյուս՝ հայտնի եղբայրների հայր Իսահակի նման նա էլ ուներ հայտնի գիտնական որդի՝ Սոս անունով։ Թեև Սոս Ալիխանյանը ֆիզիկոս չէր, այլ կենսաբան-գենետիկ։ Այն, որ Սոսը դերասան Իսահակի որդին է, նշված է նաև «Հայկական Սովետական Հանրագիտարանի»՝ Սոս Ալիխանյանի մասին հոդվածում։ Իսկ Աբրահամ և Արտեմ եղբայրների հետ նրանք ազգակցական կապ չունեին։
Ի դեպ, սա առաջին դեպքը չէ, որ դերասան Իսահակ Ալիխանյանը սխալմամբ ներկայացվում է որպես Ալիխանյան եղբայրների հայր, իսկ Սոսը՝ նրանց եղբայր։ 2022-ի հունիսին, նույն «Հայաստանի Հանրապետություն» պաշտոնաթերթի հոդվածում (արխիվացված) նույնն էր ասվում։ Ուշագրավ է, որ «Վիքիպեդիա» առցանց հանրագիտարանի հայալեզու հոդվածներում ևս Աբրահամ և Արտեմ Ալիխանյան եղբայրների կենսագրության մասին նույն սխալ տեղեկությունն է տարածվել: Ընդ որում, Արտեմ Ալիխանյանի մասին հոդվածում որպես աղբյուր նշվում է ՀՀ ԳԱԱ ֆունդամենտալ գիտությունների գրադարանի կենսամատենագրության 46 հատորը, որի նախաբանում կրկին նշվում է, որ վերջինս ծնվել է երկաթուղային-մեքենավարի ընտանիքում: «Վիքիպեդիան» ազատ հանրագիտարան է, որտեղ յուրաքանչյուր գրանցված անձ կարող է հոդվածներ գրել և խմբագրել:
Այսպիսով, պետական (կառավարությանը պատկանող) տպագիր լրատվամիջոցը հրապարակել, իսկ պետական «Արմենպրես» լրատվական գործակալությունը վերարտադրել է սխալ տեղեկություն: Տարածված սխալը կրկնվում է նաև «Վիքիպեդիա» առցանց հանրագիտարանում:
Հովհաննես Նազարեթյան