Եթե շտապում ես. հակիրճ՝ նյութի մասինՄինչև 2006-ը Հայաստանում արձանագրվում էին կարմրուկի հազարավոր դեպքեր: Իմունականխարգելման ազգային ծրագրի ներդրումից հետո կարմրուկի տեղական դեպքեր 2007-ից ի վեր չեն արձանագրվել։ Նյութում մեջբերված վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ ամբողջ աշխարհում նմանատիպ պատկեր է արձանագրվել շնորհիվ հետևողական պատվաստումների: Թեև Հայաստանում կարմրուկի ներկա բռնկումը տեղական ծագման չէ, սակայն տարածման ռիսկը մեծացել է՝ հաշվի առնելով պատվաստումների նվազման միտումները։ |
Առողջապահության նախարարությունը մարտի 3-ին տեղեկացրեց, որ Հայաստանում արձանագրվել է լաբորատոր հաստատված կարմրուկի 11 դեպք։ Մարտի 13-ի դրությամբ կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել էր 50-ի։
Ըստ ԱՆ-ի՝ հիվանդներից 44-ը կարմրուկի դեմ պատվաստված չէ, 4-ը՝ պատվաստված է 1 դեղաչափով, 2-ը՝ 2 դեղաչափով:
Գերատեսչությունը պարբերաբար զգուշացնում էր՝ կարմրուկի կանխարգելման լավագույն և արդյունավետ միջոցը պատվաստումն է, և հորդորում բոլոր նրանց, ովքեր չունեն կարմրուկի դեմ առնվազն երկու դեղաչափ պատվաստում, դիմել տեղամասային պոլիկլինիկա և պատվաստվել:
Ի պատասխան հրապարկումների՝ քաղաքացիներից ոմանք արձագանքեցին, որ կարմրուկի վարակ ամեն տարի էլ լինում է, սակայն դա հանրային այնպիսի արձագանք չի ստանում, ինչպես այս տարի: Ըստ այդ կարծիքների, ընդամենը պատվաստվել պարտադրելու պատրվակով խուճապ է տարածվում։
«Փաստերի ստուգման հարթակը» փորձեց պարզել, թե կարմրուկի վարակման քանի դեպք է արձանագրվել նախորդ տարիներին և որքանով է պատվաստումը Հայաստանում և աշխարհում նպաստել վարակի կանխմանը։
Տեղեկանք․Կարմրուկը սուր վիրուսային, խիստ վարակիչ հիվանդություն է, գնահատված է, որ ընկալունակությունը կարմրուկի նկատմամբ մոտենում է 100%-ի․ մեկ մարդը կարող է վարակել մինչև 12-18 անձի: Կարմրուկն ունի վտանգավոր հետևանքներ՝ սկսած թոքաբորբի, նյարդաբանական բարդություններից վերջացրած՝ գլխուղեղի բորբոքումներ, որն ավարտվում է մահվան ելքով։Կարմրուկի դեմ պատվաստումն արվում է երկու անգամ․ մեկ անգամ՝ 1 տարեկանում և հաջորդը՝ 4-6 տարեկանում։ 2 դեղաչափով պատվաստված լինելու դեպքում վարակման հավանականությունը քիչ է։ Կարմրուկի դեմ անվտանգ և արդյունավետ պատվաստանյութի երկու չափաբաժնով կատարված ներարկումների 95 տոկոս կամ ավելի բարձր ընդգրկվածությունը կարող է պաշտպանել երեխաներին կարմրուկից: |
2004-2022 կարմրուկի արձանագրված դեպքերը Հայաստանում
Ըստ առողջապահության նախարարության, Հայաստանում 2007 թվականից կարմրուկի տեղական դեպքեր չեն արձանագրվում։ Սակայն պարբերաբար գրանցվում են այլ երկրներից բերովի դեպքեր՝ հիմնականում չպատվաստված կամ թերի պատվաստված անձանց շրջանում։ Այս տարի ևս հայտարարվել է, որ Հայաստանում առաջին վարակակիր երեխան եղել է արտասահմանից։
2004 թ․-ին, ըստ ԱՎԿ-ի, Հայաստանում արձանագրվել է կարմրուկի 1783 դեպք, 2005-ին՝ 2281 դեպք, 2006-ից դեպքերի թիվը նվազել է՝ հասնելով 137-ի։ 2007-ին արձանագրվել է 7 դեպք, որոնք բոլորն էլ այլ երկրից են բերվել։
2007 թ․-ից Հայաստանում սկսվել են կարմրուկի զանգվածային պատվաստումներ: Մինչ այդ կատարվում էին տարիքային պատվաստումներ: Այսօր արդեն Հայաստանը համարվում է տեղական փոխանցման ընդհատմամբ երկիր, քանի որ Հայաստանի Հանրապետությունում հաջողությամբ է իրականացվել Իմունականխարգելման ազգային ծրագիրը։
2015-ին Հայաստանում արձանագրվել է կարմրուկի 33 դեպք (19-ը՝ երեխա, 14-ը՝ մեծահասակ) 2016-ին՝ 2 դեպք (2-ը՝ երեխա), 2017-ին՝ 1 դեպք (մեծահասակ), 19 դեպք՝ 2018-ին (11-ը՝ երեխա, 8-ը՝ մեծահասակ), 7 -ը՝ 2019-ին (1-ը՝ երեխա, 6-ը՝ մեծահասակ)։ 2020, 2021 և 2022 թթ․-ին որևէ դեպք չի արձանագրվել։
Հայաստանում կարմրուկի պատվաստանյութով (ԿԿԽԱ) պատվաստումներում երեխաների ընդգրկվածության տոկոսը 2015-ից 2022-ն ընկած ժամանակահատվածում շուրջ 2 տոկոսով նվազել է։
Երբ բնակչության շրջանում պատվաստումների մակարդակը 92%-ից ավելի է, կարմրուկի բռնկումները սովորաբար էլ չեն լինում, սակայն դրանք կարող են նորից ի հայտ գալ, եթե պատվաստումների մակարդակը նվազի։
Կարմրուկի դեմ պատվաստումների ընդգրկվածությունն աշխարհում ևս նվազել է
Դեռևս նախորդ տարի ԱՀԿ-ն և ՅՈՒՆԻՍԵՖ-ը զգուշացրել էին, որ 2022 թ․-ի հունվարին և փետրվարին գրանցված կարմրուկի դեպքերի թվի աճը մտահոգիչ է և վկայում է պատվաստանյութով կանխարգելվող հիվանդությունների տարածման բարձր ռիսկի մասին: 2022 թ. առաջին երկու ամիսներին, 2021 թ. նույն ժամանակահատվածի համեմատ, աշխարհում գրանցված կարմրուկի դեպքերի թիվն աճել է 79%-ով (գրեթե 17,338 դեպք՝ 2021 թվականի առաջին երկու ամիսների ընթացքում գրանցված 9,665-ի փոխարեն)։ Կազմակերպությունները նշում են, որ ստեղծված իրավիճակի հետևանքով այս տարի կարող են ավելի մեծ բռնկումներ լինել, հատկապես` երեխաների շրջանում:
Ըստ ԱՀԿ-ի՝ կարմրուկի դեմ պատվաստումների ընդգրկվածությունը կայունորեն նվազել է COVID-19 համաճարակի սկզբից ի վեր։ 2021 թվականին գրեթե 40 միլիոն երեխա բաց է թողել կարմրուկի դեմ պատվաստանյութի չափաբաժինը. 25 միլիոն երեխա բաց է թողել իր առաջին դեղաչափը, ևս 14․7 միլիոն երեխա բաց է թողել երկրորդ դեղաչափը։
2021 թվականին ամբողջ աշխարհում գրանցվել է կարմրուկի 9 միլիոն դեպք և 128,000 մահ։ 21 երկրներում բռնկումներ են գրանցվել: «Պատվաստանյութերի ծածկույթի նվազումը, կարմրուկի դեմ հսկողության թուլացումը և պատվաստման գործողությունների շարունակական ընդհատումները և հետաձգումները COVID-ի պատճառով, ինչպես նաև 2022 թվականին մշտական խոշոր բռնկումները նշանակում են, որ կարմրուկը անմիջական սպառնալիք է աշխարհի բոլոր տարածաշրջաններում»,- արձանագրել էր ԱՀԿ-ն:
ԱՀԿ-ն հայտարարել է նոր դարաշրջան կարմրուկի և կարմրախտի դեմ պայքարում
ԱՀԿ-ն նշում է, որ կարմրուկի դեմ պայքարի գլոբալ նախաձեռնությունը ձևավորվել է 2001 թ․-ին, ինչի արդյունքում կարմրուկից մահացությունների տարեկան թիվը նվազել է 83 տոկոսով՝ 761,000-ից հասնելով 128,000-ի: Նախաձեռնությունն օգնել է կարմրուկի դեմ պատվաստանյութեր տրամադրել երեխաներին ամբողջ աշխարհում՝ նպաստելով դրա ձևավորման օրվանից ի վեր աշխարհում ավելի քան 56 միլիոն կյանք փրկելուն և ներդրել է ավելի քան 1․2 միլիարդ ԱՄՆ դոլար կարմրուկի և կարմրախտի դեմ պայքարի համար։
Հաշվի առնելով կարմրուկի տարածման դեպքերը՝ բոլոր հիմնադիր գործընկերներն ընդունել են Կարմրուկի և կարմրախտի 2030 ռազմավարական շրջանակը, որը համաշխարհային ռազմավարություն է՝ առավելագույնի հասցնելու պատվաստանյութերի՝ կյանքեր փրկող ազդեցությունը:
Այսպիսով կարող ենք եզրակացնել, որ եթե մինչև 2006 թ․-ը Հայաստանում արձանագրվում էին կարմրուկի հազարավոր դեպքեր, ապա Իմունականխարգելման ազգային ծրագրի ներդրումից և հաջող իրականացումից հետո կարմրուկի տեղական դեպքեր 2007-ից չեն արձանագրվել։ Եվ թեև կարմրուկի ներկա փոքր բռնկումը ևս տեղական ծագման չէ, սակայն տարածման ռիսկը մեծացել է՝ հաշվի առնելով պատվաստումների նվազման միտումները։
Նելլի Լազարյան