Փետրվարի 9-ին hայկական մի շարք լրատվական կայքերում (news.am, politik.am, operativ.am) «Մարդիկ արդեն պատրաստ են Նիկոլի դեմ պայքարել, 67%-ը նրան դավաճան է համարում. Եվ նա վախենում է. Աննա Մկրտչյան» վերտառությամբ հոդված է հրապարակվել:
Հոդվածում նշվում է, որ Արմեն Աշոտյանի գործով դատական նիստից առաջ լրագրողների հետ զրույցում «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը, հղում անելով Գելլափի վերջին հարցումներին, հայտարարել է, թե 67 տոկոսը Նիկոլ Փաշինյանի դավաճան է համարում:
Այնինչ, լրագրողների հետ վերոհիշյալ հարցուպատասխանը դիտելիս պարզ է դառնում, որ լրատվականներն աղավաղել են պատգամավորի խոսքը: Իրականում նա ասել է․ «67 տոկոսն է, որ չի վախեցել և խոսել է այն մասին, որ կեսի համար նա (Նիկոլ Փաշինյանը,- խմբ․) դավաճան է, մյուս կեսի համար անընդունելի է, երրորդների համար՝ անպատասխանատու, ՀՀ-ի համար որևէ լավ բան անելու անընդունակ մեկը»։
Այսինքն՝ պատգամավորը չի ասել, թե հարցվածների 67 տոկոսը Նիկոլ Փաշինյանին համարում է դավաճան, ի հեճուկս լրատվամիջոցների հրապարակ հոդվածների վերնագրերի:
Ի՞նչ հարցումներ են
«Փաստերի ստուգման հարթակը» նաև փորձել է պարզել, թե իրականում ինչ հարցման են հղում անում լրագրողներն ու պատգամավորը, և ինչ տվյալներ են այնտեղ ամփոփված։
Խոսքը, ըստ այդմ, փետրվարի 7-ին հրապարակված՝ «Էմ Փի ՋԻ» (MPG) ընկերության կողմից իրականացված «Երիցուկ` Փոխե՞լ, Չփոխե՞լ…» հետազոտության մասին է, որը կատարվել է այս տարվա հունվար ամսվա ընթացքում։
Ըստ հարցման արդյունքների՝ հարցվածների 38․1 տոկոսը ընդհանրապես չի վստահում, իսկ 28․3% տոկոսը ավելի շուտ չի վստահում Նիկոլ Փաշինյանին։ Այս թվերի հանրագումարն էլ, թերևս, կազմում է այն 66․4 տոկոսը, որի մասին խոսում է Աննա Մկրտչյանը։
Ինչ վերաբերում է Փաշինյանի ռեյտինգին, ապա այն իրոք նվազել է՝ համեմատած նույն ընկերության նախորդ հետազոտության տվյալների։
Մասնավորապես, 2023 թվականի նոյեմբերին հարցման մասնակիցների 54.1 տոկոսն էր Նիկոլ Փաշինյանի հանդեպ անվստահություն հայտնել։
Ու նորից «Գելլափի» մասին
Ինչպես նշեցինք, լրատվականների տարածած հոդվածում նշվում է, որ պատգամավորը հղում է անում «Գելլափի վերջին հարցումներին», ինչը, սակայն, ևս չի համապատասխանում իրականությանը։
Դեռևս 2019-ին «Փաստերի ստուգման հարթակը» գրել էր այն մասին, որ Gallup International Аssociation-ը, որի ներկայացուցիչը Հայաստանում «Էմ Փի ՋԻ» ՍՊԸ-ն է, որևէ կապ չունի միջազգայնորեն ճանաչված Gallup Inc.-ի հետ։ Ավելին, իրավական խնդիրներից խուսափելու համար «Gallup International Аssociation»-ի գործընկեր կազմակերպությունները պարտավորված են նշել, որ իրենք կապ չունեն ամերիկյան Gallup, Inc․-ի հետ։ Այդպիսի գրություն կա նաև «Էմ Փի ՋԻ» ընկերության հետազոտության վերջում
Այսպիսով, թեև ընկերության հարցման արդյունքները ցույց են տալիս, որ Փաշինյանի հանդեպ վստահությունը կտրուկ նվազում է, բայց լրատվամիջոցների տարածած վերնագրերը լիովին չեն արտահայտում ո՛չ պատգամավոր Աննա Մկրտչյանի խոսքը, ո՛չ էլ հարցման իրական արդյունքները։
Արփինե Հովհաննիսյան