Հայաստանի Սահմանադրության և 2016 թվականին փոփոխված Ընտրական օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն ԱԺ պատգամավորները պետք է պարտադիր տիրապետեն հայերենին: Վերջիններիս գիտելիքները ստուգելու համար ներմուծվեց քննություն հանձնելու գաղափարը, որը գործնականում կրում է ձևական բնույթ:
«Նոր խորհրդարանի այն պատգամավորները, ովքեր Հայաստանում հայերենով ամբողջական միջնակարգ կրթություն չեն ստացել ստիպված կլինեն թեկնածությունը գրանցելուց առաջ հանձնել այդ թեստը։ Ի դեպ, այս թեստերը ավարտական քննությունների մակարդակի են»,- հայտարարել էր լեզվի պետական տեսչության ղեկավար Սերգո Երիցյանը։
Ըստ երևույթի, քննություն են հանձնելու միայն այն պատգամավորության թեկնածուները, ովքեր երբեք որևէ ուսումնական հաստատությունում հայոց լեզու չեն սովորել։ Այնինչ, անգամ սովետական ժամանակաշրջանում, թե Հայաստանի և թե ԼՂԻՄ բոլոր դպրոցներում հայերենը պարտադիր առարկա էր:
Որոշ լրատվամիջոցներ հանդես եկան հրապարակումներով, ուր քննարկվեցին Առաքել Մովսիսյանի, Սամվել Ալեքսանյանի, Մհեր Սեդրակյանի և այլոց կողմից այդ քննությունը հանձնելը, սակայն այս անձինք, եթե առաջադրվեն, որևէ քննություն չեն հանձնելու:
Ավելին, մենք դժվարացանք գտնել գեթ մեկ պատգամավորի, ով չունի հայերենով միջնակարգ, բարձրագույն կամ այլ կրթություն: Անգամ ԱՄՆ-ում կրթությունը ստացած Վարդան Օսկանյանն ու Րաֆֆի Հովհաննիսյանը իրենց կրթության ընթացքում հայոց լեզու առարկա անցել են:
Հավելենք, որ Առաքել Մովսիսյանը 1997թ. ավարտել է Արցախի պետական համալսարանը, գեներալ Սեյրան Սարոյանը 1993թ. ավարտել է ՊՆ բարձրագույն ակադեմիական կուրսերը, Գեներալ Մանվել Գրիգորյանը 1993 թվականին ընդունվել է Ստեփանակերտի պետական համալսարան, իսկ արդեն 1998թ. ավարտել է ԵՊՀ իրավաբանության ֆակուլտետը։
Հետևաբար հավանական է, որ գալիք խոհրդարանական ընտրություներում պատգամավորի ոչ մի թեկնածու հայոց լեզվի քննություն չի հանձնի: