«Հետքը» հոկտեմբերի 21-ին հոդված տարածեց, համաձայն որի՝ վարչապետի գաղտնի հանձնարարականով կրկնապատկվել են նախարարների և փոխնախարարների աշխատավարձերը։
Հաջորդ օրը վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը Ֆեյսբուքում գրառում կատարեց՝ պարզաբանելով, թե ինչու է վարչապետը գաղտնի հանձնարարականով բարձրացրել պաշտոնյաների աշխատավարձերը։ Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Փաշինյանը ևս անդրադարձավ հարցին՝ նշելով, որ աշխատավարձերի բարձրացման հարցը քննարկվել է վաղուց ու հանրային, իսկ ավել գումարները տրամադրվում են այս տարվա պետական բյուջեով նախատեսված պարգևատրման ֆոնդերից։
Այսպես, ըստ «Հետքի» հաշվարկների, այս տարվա հուլիսից նախարարների ամսական աշխատավարձը դարձել է 1,5 միլիոն դրամ, փոխնախարարներինը՝ 1 միլիոն։ Վարչապետի մամուլի խոսնակը նշել է, որ բարձրացել են նաև մարզպետների աշխատավարձերը՝ դառնալով 900 հազար դրամ։
Պաշտոնյաների վարձատրության մասին
Պետական պաշտոն զբաղեցնող անձանց վարձատրության կարգը սահմանվում է օրենքով։ Յուրաքանչյուր պաշտոնի համար սահմանված է գործակից, որը բազմապատկվում է տվյալ տարվա բազային աշխատավարձով (66 հազար 140 դրամ)։
Պաշտոնյաները կարող են ստանալ նաև լրացուցիչ աշխատավարձ և պարգևատրումներ։
Լրացուցիչ աշխատավարձը տրվում է որպես հավելում և հավելավճար։ Սա կախված է աշխատանքային պայմաններից, աշխատակցի հմտություններից, փորձից և այլնից։ Լրացուցիչ աշխատավարձի ֆոնդը չի կարող գերազանցել կառույցի աշխատավարձային ֆոնդի 30 տոկոսը։
Այլ հարց է պարգևատրման համակարգը։ Այն միանվագ վճար է, որը հիմնականում տրվում է լավ աշխատանքի համար։
Պարգևատրման ֆոնդի դեպքում սահմանափակումը խիստ չէ։ Այս ֆոնդերի միջոցները թեև նույնպես չպետք է գերազանցեն աշխատավարձային ֆոնդի 30 տոկոսը, սակայն կառույցները կարող են ունենալ այդպիսի միանգամից մի քանի ֆոնդեր։ Օրինակ՝ 3 կամ 4 աղբյուր ունենալու պարագայում պարգևատրման ֆոնդը կարող է անգամ գերազանցել աշխատավարձային ֆոնդը։
Ըստ Վլադիմիր Կարապետյանի՝ նոր հանձնարարականով սահմանվել են նաև պարգևատրման ֆոնդերի չափի սահմանափակման դրույթները։
Պաշտոնյաների փաստացի եկամուտները
Նախարարների և փոխնախարարների աշխատավարձերի կրկնապատկումը մեծ աղմուկ բարձրացրեց, սակայն պարզվում է, որ պաշտոնյաները նոր չէ, որ ստանում են ամսական 1,5 միլիոն և ավելի եկամուտ։
Այսպես, «Փաստերի ստուգման հարթակը» ուսումնասիրել է վերջին ամիսներին աշխատանքից ազատված մի քանի նախարարների և փոխնախարարների հայտարարագրերը և պարզել, թե որքան է եղել նրանց եկամուտը՝ նախքան վարչապետի հուլիսի հանձնարարականը։
Արդարադատության նախկին նախարար Արտակ Զեյնալյանը պաշտոնավարումը դադարեցրել է 2019 թվականի հունիսի 14-ին։ Պաշտոնը դադարեցնելու օրվա դրությամբ Զեյնալյանի ներկայացրած հայտարարագրի համաձայն՝ հունվար-հունիս ժամանակաշրջանում նրա եկամուտը՝ աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված վճարների մասով, կազմել է 7 միլիոն 164 հազար դրամ։ Ստացվում է, որ Զեյնալյանի ամսական միջին աշխատավարձը եղել է 1 մլն 200 հազար դրամ։ Ըստ կարգավորման՝ Զեյնալյանի ամսական աշխատավարձն առանց հավելավճարի և պարգևատրումների պետք է լիներ 793 հազար դրամ։
Հետաքրքրական է արդարադատության նախարարի երկու տեղակալներ Սուրեն Քրմոյանի և Արթուր Հովհաննիսյանի ստացած աշխատանքի վարձատրությունը. նրանք պաշտոնավարման երեք ամսվա ընթացքում ստացել են այնքան եկամուտ, որքան Արտակ Զեյնալյանը՝ 6 ամսվա ընթացքում։
Սուրեն Քրմոյանն արդարադատության նախարարի տեղակալ է նշանակվել 2014 թվականին, ազատվել այս պաշտոնից՝ 2019 թ. մարտին։ Պաշտոնավարումը դադարեցնելու վերաբերյալ մարտին ներկայացրած հայտարարագրում նրա եկամուտները կազմել են 7 միլիոն 224 հազար դրամ։ Ստացվում է, որ Սուրեն Քրմոյանը 3 ամսվա ընթացքում ամսական միջինում ստացել է 2 միլիոն 408 հազար դրամ աշխատավարձ և դրան հավասարեցված այլ վճարումներ։ Փոխնախարարի՝ 2018 թ․ տարեկան հայտարարագրում ներկայացված նախարարի տեղակալի աշխատավարձային եկամուտները կազմում են 16 միլիոն 286 հազար դրամ։ Ըստ այդմ, 12 ամսվա ընթացքում նա ամսական ստացել է ավելի քան 1 մլն 380 հազար դրամ։ Նախարարի առաջին տեղակալը, ըստ օրենքի կարգավորման, առանց հավելյալ վճարների ստանում է 661 հազար դրամ, տեղակալը՝ 562 հազար դրամ։
Ստացվում է, որ Քրմոյանը ստացել է բյուջեով սահմանված աշխատավարձը շուրջ 4 անգամ գերազանցող պարգևավճար և լրացուցիչ աշխատավարձ։
Նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը ևս պաշտոնավարել է մինչև այս տարվա մարտի 22-ը։ Նրա ամսական միջին եկամուտը կազմում է շուրջ 2 մլն 300 հազար դրամ։
Համեմատության համար նշենք, որ 2018 թվականի հունիսի 8-ին պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնում նշանակված Դավիթ Փախչանյանը 2019 թ․ հունվար-մարտ ամիսների դրությամբ հայտարարագրել է 803 հազար դրամ եկամուտ։
Այսպիսով, փաստացի, որոշ պաշտոնատար անձիք նախատեսվածից մի քանի անգամ բարձր աշխատավարձ ստացել են այս տարվա սկզբից կամ նույնիսկ նախորդ տարվանից։
Անի Ավետիսյան