2018 թվականի հեղափոխությունից հետո քաղաքական իշխանությունը բազմիցս հայտարարել է, որ երկրում կտրուկ կրճատելու են ծառայողական ավտոմեքենաների թիվը։ Նույնիսկ եղան հայտարարություններ կոնկրետ պետական մարմնում դրանց թվաքանակի նվազման վերաբերյալ։
Օրերս լրագրողները վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանից հետաքրքրվեցին, թե ինչո՞ւ է նվազելու փոխարեն պետական հիմնարկներում ավելանում ծառայողական մեքենաների թվաքանակը, ինչին ի պատասխան Արայիկ Հարությունյանը պնդեց, որ իրենք կատարել են իրենց խոստումները, և որպես օրինակ բերեց վարչապետի աշխատակազմի ծառայողական մեքենաների թվաքանակի վերաբերյալ տվյալները։
«Ո՞ր տվյալների վրա եք հիմնվում, որ ավելացել են։ Հիմա ես ձեզ աշխատակազմի թվերը ցույց կտամ […] Հիմա ես ձեզ թիվ ասեմ, որ 20 թվականին աշխատակազմում եղել է 84 մեքենա, ներկայում մենք ունենք 40 մեքենա։ Նախորդ տարվա համեմատ մեքենաների թիվը նվազել է 11 տոկոսով, դրա նախորդ տարին՝ 6 տոկոսով։ Այսինքն սիստեմատիկ մեքենաների թիվը կրճատվում է․ 84-ից 40»,- հայտարարեց Հարությունյանը։
«Փաստերի ստուգման հարթակը» Ֆինանսների նախարարությունից ստացավ վերջին տարիներին պետական համակարգի ծառայողական մեքենաների թվաքանակը, որով պարզ է դառնում, որ իշխանությունների պնդումներն այն մասին, թե ծառայողական մեքենաների թիվն էականորեն կրճատվել է, չի համապատասխանում իրականությանը։
Մասնավորապես, 2018 թվականին եղած 902 ծառայողական ավտոմեքենայի փոխարեն այս տարի կա 939 ավտոմեքենա։
Ինչ վերաբերում է վարչապետի աշխատակազմի մեքենաներին, ապա հեղափոխական 2018-ին վարչապետի աշխատակազմի հաշվեկշռում գրանցված մեքենաների թիվը տեխնիկապես աճել էր՝ 58-ից դառնալով 90։ Դա կապված էր երկրի կառավարման համակարգի՝ նախագահականից խորհրդարանականի փոփոխությամբ: Համապատասխանաբար, նույն տարում նախագահի աշխատակազմի 67 մեքենաներից մնացին 20-ը։ Փաստացի ստացվում է, որ այդ փոփոխությամբ ծառայողական մեքենաների թվաքանակը կրճատվեց 15-ով։
Հաջորդ տարի՝ 2019-ին, աշխատակազմի 90 մեքենաների թիվը պահպանվեց:
2020-ին վարչապետի աշխատակազմի ծառայողական մեքենաների թվաքանակը գրեթե կիսով կրճատվեց՝ 90-ից դառնալով 46։
Ըստ Ֆինանսների նախարարությունից ստացված պատասխանի՝ 2020 թվականից մինչ օրս աշխատակազմի ծառայողական մեքենաների թվաքանակը որևէ փոփոխության չի ենթարկվել։ Այսինքն, Արայիկ Հարությունյանի պնդումը, թե մեքենաների թիվը 84-ից կրճատվել է՝ դառնալով 40, չի համապատասխանում իրականությանը։
Այսպիսով փաստենք, որ 2018-ի հեղափոխությունից ի վեր պետական համակարգի ծառայողական մեքենաների թվաքանակը ոչ միայն չի պակասել, այլ նաև ավելացել է, իսկ ինչ վերաբերում է վարչապետի աշխատակազմին, ապա այստեղ դրանց թվաքանակը նվազել է միայն 2020 թվականին, ինչից հետո որևէ փոփոխության չի ենթարկվել, հետևաբար՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի պնդումը, թե պետական համակարգի ծառայողական մեքենաների թվաքանակը նվազել է, իսկ աշխատակազմի մեքենաները շարունակաբար նվազում են, չի համապատասխանում իրականությանը։
Սևադա Ղազարյան