Նախորդ շաբաթվա ընթացքում՝ մայիսի 10-17-ն ընկած ժամանակահատվածում, որոշ լրատվամիջոցներ և համացանցի օգտատերեր հանդես եկան կեղծ և մոլորեցնող հրապարակումներով։
«Փաստերի ստուգման հարթակը» շաբաթական ամփոփման շրջանակում ներկայացնում է իրականությանը չհամապատասխանող այն հայտարարությունները, որոնք չեն հայտնվել մեր առանձին հոդվածներում:
Եվրամիությունը դադարեցնում է AstraZeneca-ի պատվերները
Մայիսի 10-ին որոշ լրատվականներ գրեցին AstraZeneca պատվաստանյութից հրաժարվելու Եվրամիության որոշման մասին՝ միաժամանակ մեղադրանքներ ներկայացնելով իշխանություններին։
«Հայաստանի գործող իշխանությունների համար սեփական ժողովուրդը կարծես փորձադաշտ է։ Այս պահին դժվար է պատկերացնել, թե ինչի հիման վրա են իշխանությունները որոշել օգտագործել մի պատվաստանյութ, որից օգտվել հրաժարվում են ամենաառաջատար երկրները»,- նշված էր Politik.am-ի հոդվածում։
Ինչպես պարզվեց, անցած կիրակի Եվրամիության ներքին շուկայի հարցերով գլխավոր հանձնակատար Տիերի Բրետոնին իսկապես հայտնել էր, որ հունիսին՝ գործող պայմանագրի ժամկետի ավարտից հետո, ԵՄ-ն AstraZeneca-ի հետ նոր պայմանագիր չի կնքի։
Սակայն լրատվականները լռել էին պատվաստանյութից հրաժարվելու իրական պատճառների մասին։ AstraZeneca ընկերությունը չէր կատարել պայմանագրով պատվաստանյութերի մատակարարման իր պարտականությունները և տապալել պատվաստման արշավը Եվրոպայում, ինչի առիթով անցած ամիս Եվրոպական հանձնաժողովը դատի էր տվել AstraZeneca ընկերությանը՝ պահանջելով անհապաղ մատակարարել պատվիրված պատվաստանյութերի խմբաքանակը։
Տիերի Բրետոնին նաև France Inter ռադիոյին հայտնել էր, որ չի բացառում որոշ ժամանակ հետո AstraZeneca-ի նոր խմբաքանակ ձեռք բերելը, և դրական գնահատել պատվաստանյութը։
Դրանից օրեր առաջ Արցախի Մարդու իրավունքների նախկին պաշտպան, «Անտինիկոլ» շարժման անդամ Ռուբեն Մելիքյանը ապակողմնորոշող տեղեկություն էր տարածել պատվաստանյութի մասին՝ հրապարակելով Риа Новости լրատվականի նյութի միայն վերնագիրը, որում ասվում էր, որ Գերմանիան հրաժարվել է AstraZeneca պատվաստանյութի օգտագործման առաջարկություններից։
Կարդացողի մոտ, ըստ այդմ, կարող էր կարծիք ձևավորվել, թե Գերմանիան հրաժարվում է այս պատվաստանյութի օգտագործումից։
Իրականում, սակայն, Риа Новости-ի ամբողջական նյութում ասվում էր, որ Գերմանիայի իշխանությունները որոշել են հրաժարվել միայն 60 տարեկանից բարձր մարդկանց համար AstraZeneca-ի պատվաստանյութ օգտագործելու առաջարկից՝ այդպիսով պատվաստանյութը հասանելի դարձնելով նաև մինչև 60 տարեկան քաղաքացիների համար։
Ադրբեջանցի բլոգերի գոյություն չունեցող գրառումը և Ռոբերտ Քոչարյանի անձնագրի մասին կեղծ տեղեկությունները
Մայիսի 13-ին հետևորդների մեծ բանակ ունեցող ֆեյսբուքյան ֆեյք Ռեգինա Պրազյանը իր էջում տարածել էր տելեգրամյան Info.Port ալիքի հրապարակումը։ Տելեգրամյան այս ալիքը ստեղծվել է ապրիլի 30-ին, իսկ հետևորդների քանակը հրապարակման պահին չէր գերազանցում 10-ը։
Ըստ հրապարակման՝ ադրբեջանցի լրագրող և ընդդիմախոս Մուհամմադ Միրզալին հայտարարել էր, որ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև ոչ պաշտոնական պայմանավորվածություն է ձեռք բերվել Սյունիքի և Տավուշի մարզերի սահմանամերձ շրջանների վրա առավելագույն ճնշում գործադրելու մասին։
Հրապարակումը տարածվել էր բազմաթիվ խմբերում և սունկ կայքերում: Ֆեյսբուքում այն տարածվել էր 1200-ից ավելի անգամ։
Սակայն ուսումնասիրելով ադրբեջանցի լրագրողի Facebook, Twitter, Youtube էջերը՝ չգտանք որևէ նմանատիպ գրառում, իսկ որոնողական համակարգերում որոնման փորձերը նույնպես ապարդյուն անցան։
Դրանից մեկ օր անց՝ մայիսի 14-ին, նույն Ռեգինա Պրազյան կեղծ օգտահաշիվը Ռոբերտ Քոչարյանի անձնագրի լուսանկար էր հրապարակել՝ կից մեծածավալ տեքստում առաջ տանելով այն թեզը, որ երկրորդ նախագահ Քոչարյանի հայրը այլազգի է, և հենց այդ պատճառով է, որ Քոչարյանը թաքցնում է հայրանունը։
Այս հրապարակումը ևս տարածվել էր տարբեր սունկ կայքերում և խմբերում՝ ընդհանուր ստանալով 1800-ից ավելի տարածում։
Սակայն լուսանկարում պատկերվածը երկրորդ նախագահի դիվանագիտական անձնագիրն է, որը 2016 թվականին ներկայացվել էր Հայաստանի ազգային արխիվի ցուցահանդեսին։ Այդ օրը ցուցահանդեսի համար ներկայացվել էին նաև Վազգեն Սարգսյանի, Լևոն Տեր-Պետրոսյանի և կաթողիկոսների դիվանագիտական անձնագրերը։
Լուսանկարներում կարելի է նկատել, որ հայրանունը բացակայում է բոլորի մոտ:
Արցախի հերոս Կարեն Ջալավյանի անունից գործող ֆեյսբուքյանը էջը իրեն չի պատկանում
Մայիսի 13-ին «Կարեն Ջալավյան//Karen Jalavyan Քյոխ» անվանմամբ ֆեյսբուքյան էջը հրապարակում էր արել՝ զգուշացնելով վճռական ճակատամարտի մասին և կոչ անելով լինել պատրաստ և զգոն։ Տպավորություն էր ստեղծվել, որ կոչն արվել է հայտնի «Եղնիկներ» զորամասի հրամանատար, գնդապետ Ջալավյանի կողմից։
Միայն բուն հրապարակումը ստացել էր 1400-ից ավելի տարածում, տարածվել էր մեծ լսարան ունեցող բազմաթիվ ֆեյսբուքյան էջերում և լրատվականներում։ Գրառումը արտատպել էին նաև Slaq.am-ը և Analitik.am-ը (արդեն հասանելի չէ)։
Նույն օրը «Հանուն հայ զինվորի» ՀԿ նախագահ Դավիթ Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնեց, որ զանգահարել է գնդապետ Ջալավյանին, որը հերքել էր իր կապը այդ էջի հետ։
Ժամեր անց էջը վերանվանվեց «Եղնիկների ԱՐԾԻՎ», բայց շարունակում է պարբերաբար հրապարակումներ անել բարձրաստիճան զինվորականի անունից՝ կից դնելով նրա լուսանկարները։
Հայկ Հովհաննիսյան