Ազգային ժողովի հունիսի 17-ի նիստին կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը մտավախություն էր հայտնել, որ վարձավճարներ չվճարելու պատճառով առաջիկայում հնարավոր է ուսանողները զանգվածաբար դուրս մնան բուհերից։
Աննա Կոստանյանը հիշեցրել էր, որ կառավարության, մասնավորապես՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համապատասխան շրջաբերական գրությամբ բուհերի ռեկտորներին նախապես առաջարկված է եղել արտակարգ դրության ժամանակահատվածում զերծ մնալ ուսանողներին ուսման վարձը չվճարելու պատճառով բուհից հեռացնելուց և խնդիր ունեցող ուսանողների համար սահմանել անհատական ժամանակացույցներ։ «Սակայն մինչև այսօր ես գրեթե ամեն օր ուսանողներից նամակներ եմ ստանում և տարբեր բուհերից, որ ռեկտորատներից նախազգուշացնում են քննություններին իրենց մասնակցությունից զրկելու մասին, ինչի արդյունքում մենք մոտ ապագայում հնարավոր է զանգվածաբար ուսանողներ ունենաք, ովքեր դուրս են մնացել բուհերից»,- մասնավորապես նշել էր Կոստանյանը։
ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, ի պատասխան, վստահեցրել էր, որ որևէ ուսանող ուսման վարձը չվճարելու համար դուրս չի մնացել։ «Ես այդպիսի մի դեպք չգիտեմ, որ որևէ ուսանող վճար չվճարելու համար դուրս է մնացել։ Գուցե ավարտական կուրսերում եղել է, բայց մյուս դեպքերում կազմվել է անհատական մոտեցում։ Բուհերի պարտքերը 90 տոկոսով մարված են»,- պատասխանել էր նախարարը։
«Փաստերի ստուգման հարթակը» մի շարք պետական բուհերից փորձել է պարզել, թե արդյո՞ք եղել են ուսանողներ, որոնք դուրս են մնացել ուսման վարձը չվճարելու պատճառով։
Նշենք, որ 2019-2020 ուսումնական տարվա հեռակա ուսուցման քննաշրջանը դեռևս չի ավարտվել։
Երևանի պետական համալսարան
Ի պատասխան Fip.am-ի հարցման՝ Երևանի պետական համալսարանից (ԵՊՀ) նշել են, որ վարձավճարներ չվճարելու պատճառով դուրս մնացած ուսանողների մասին ամփոփ տեղեկություն կունենան միայն վերջին լուծարքից հետո։
Միաժամանակ, ԵՊՀ-ից նշել են, որ առկա բակալավրիատի ավարտական կուրսից այս տարի դուրս է մնացել 4 ուսանող, որոնք իրենց ուսման վարձերը չեն վճարել փետրվարից և չեն մասնակցել ուսման գործընթացին, հետևաբար՝ դուրս մնալու պատճառը միանշանակ չէ։ Առկա մագիստրատուրայի ավարտական կուրսից ոչ մի ուսանող դուրս չի մնացել։
ԵՊՀ-ից տեղեկացրել են նաև, որ ոչ մի ուսանողի հետ անհատական ժամանակացույց չի սահմանվել։ «Որովհետև այն բոլոր ուսանողների համար, որոնք դիմում են գրել, ուսման վարձի վճարման վերջնաժամկետ է սահմանվել վերջին քննության օրը։ Ընդհանուր առմամբ, այս պահին վճարվել է ուսման վարձերի 90%-ը»,- պատասխանել են բուհից։
Ի դեպ, ԵՊՀ-ից հավաստիացնում են, որ այս տարի ավելի շատ են զեղչել ուսանողների ուսման վարձը, ինչը լրացուցիչ հարկային պարտավորություն է առաջացրել ԵՊՀ-ի համար։
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանից (ՀՊՏՀ), ի պատասխան մեր գրության, նշել են, որ որևէ ուսանող, այդ թվում՝ ավարտական կուրսից, համալսարանից դուրս չի մնացել վարձը չվճարելու պատճառով։
Ըստ բուհից ստացված պատասխանի, հունիսի 18-ի դրությամբ ուսանողների 25 տոկոսը չի վճարել ուսման վարձը։ «Մինչև այժմ ՀՊՏՀ ռեկտորին վարձավճարը հետաձգումով վճարելու խնդրանքով դիմել է 147 ուսանող, և բոլորի համար կազմվել է վճարման անհատական ժամանակացույց»,- պատասխանել են ՀՊՏՀ-ից։
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան
Ուսման վարձավճարը չվճարելու պատճառով ուսումնական այս տարվա ավարտին ոչ մի ուսանող դուրս չի մնացել բուհից, այդ թվում՝ նաև ավարտական կուրսերին։ Ինչպես Fip.am-ին պատասխանել են բուհից, ուսանողների 37․6 տոկոսն առ 23.06.2020 թ․ դեռ ունի վարձավճարի գծով լրիվ կամ մասնակի պարտքեր։
Համալսարանը սահմանել է վարձավճարների վճարման անհատական ժամանակացույց 502 ուսանողի համար։
Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան
2019-2020 ուստարվա ավարտին Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանից 8 ուսանող դուրս է մնացել վարձը չվճարելու պատճառով։
Ըստ բուհից ստացված գրության՝ ուսանողներից 5-ը սովորում էր ավարտական կուրսերում։
Ուսանողների 2․7%-ը չի վճարել ուսման վարձը։ Վարձավճարները վճարելու համար բուհը 4354 ուսանողի հետ սահմանել է անհատական ժամանակացույց։
Հայաստանի ազգային ագրարային համալսարան
Հայաստանի ազգային ագրարային համալսարանից դուրս է մնացել 15 ուսանող, 15-ն էլ ավարտական կուրսերից։ Բուհից տեղեկացնում են, որ ուսանողների 35%-ը վարձ չի վճարել, նրանց բոլորին ազատ գրաֆիկով ուսման վարձ վճարելու հնարավորություն է տրվել։
Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարան
Բրյուսովի անվան պետական համալսարանից ուստարվա ավարտին ոչ մի ուսանող դուրս չի մնացել ուսման վարձավճարները չվճարելու պատճառով։ Համալսարանի ուսանողների ընդամենը 7․1%-ը չի վճարել ուսման վարձը։ Բուհից տեղեկացնում են, որ վարձավճարները վճարելու անհատական ժամանակացույց է կազմվել 77 ուսանողի համար։
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան
Բժշկական համալսարանից տեղեկացնում են, որ համավարակի հետևանքի պատճառաբանությամբ ուսման վարձը չվճարելու հետևանքով ոչ մի ուսանող չի հեռացվել համալսարանից, այդ թվում՝ նաև ավարտական կուրսերից։
Բուհից տեղեկացնում են, որ համավարակի պատճառով վճարումներ չկատարած համալսարանի թվով 276 ուսանողներ և կլինիկական օրդինատորներ վարձավճարները մարելու են անհատական ժամանակացույցով:
Ուսանողներին հնարավորություն է տրվել աշնանը մասնակցել պարտքերի մարման փուլին
Նշենք, որ ուսանողների ուսման վարձերի վճարման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են օրենսդրությամբ, մասնավորապես՝ «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին», «Կրթության մասին» օրենքներով, կառավարության 2006 թվականի հուլիսի 27-ի N 1183-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսանողական նպաստ և պետական կրթաթոշակ տալու» կարգով, բարձրագույն ուսումնական հաստատության ներքին իրավական ակտերով, ինչպես նաև բարձրագույն ուսումնական հաստատության և ուսանողի միջև կնքված պայմանագրով, որի համաձայն՝ ուսանողը պարտավորվում է բուհի կողմից սահմանված ժամկետում վճարել ուսման վարձը:
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, Fip.am-ի հարցմանն ի պատասխան, տեղեկացրել են, որ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման միջոցառման շրջանակներում, սահմանված ժամկետում վարձը չվճարած ուսանողների համար բարձրագույն ուսումնական հաստատությունների կողմից սահմանվել են անհատական ժամանակացույցեր, հաճախ դրսևորվել են անհատական մոտեցումներ՝ հաշվի առնելով ընտանիքի սոցիալ-տնտեսական իրավիճակը, տրամադրելով ուսման վարձի վճարման լրացուցիչ ժամկետ: Բարձրագույն ուսումնական հաստատությունները նաև թույլատրել են վարձը չվճարած ուսանողներին մասնակցել երկրորդ կիսամյակի քննությունների մեծ մասին՝ այն նպատակով, որ այդ ուսանողները դուրս չմնան բուհից և կարողանան աշնանը մասնակցել պարտքերի մարման փուլին:
Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ ԼՀԿ պատգամավոր Աննա Կոստանյանի մտավախությունը, որ վարձավճարներ չվճարելու պատճառով հնարավոր է ուսանողները զանգվածաբար դուրս մնան բուհերից, տեղին չէ։ Միաժամանակ, նախարար Արայիկ Հարությունյանի պնդումը, որ բուհերից որևէ ուսանող ուսման վարձը չվճարելու համար դուրս չի մնացել, ևս ճիշտ չէ։ Ինչպես պարզեցինք, հարցմանը պատասխանած 7-ից 3 բուհերում միայն ուսման վարձը չվճարելու պատճառով թեև փոքրաթիվ, սակայն ուսանողեր դուրս են մնացել, ընդ որում՝ ոչ միայն ավարտական կուրսերից։
Հաշվի առնելով, որ որոշակի թվով ուսանողների ուսման վարձի վճարման համար լրացուցիչ ժամկետ է տրվել, պետք է նշել, որ բուհերից դուրս մնացած ուսանողների այս թվերը վերջնական համարել չի կարելի։
Նելլի Լազարյան