Ուկրաինացի հայտնի երաժիշտ Մաքս Բարսկիհի (Max Barskih) համերգը Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում պլանավորված էր դեկտեմբերի 10-ին, սակայն Հայաստանի դեմ Ադրբեջանի հարձակման ֆոնին հայտնի դարձավ, որ երաժշտի համերգը չեղարկվել է։
Համերգի չեղարկումից հետո հայկական մամուլը սկսեց ակտիվորեն տարածել, որ համերգը չեղարկվել է ի աջակցություն Հայաստանի, իսկ սոցցանցերի հայկական տարածքում օգտատերերը շնորհակալություն էին հայտնում Բարսկիհին։
Միևնույն ժամանակ, ադրբեջանական մամուլը գրում էր, որ Բարսկիհի համերգը չեղարկել են ադրբեջանցի կազմակերպիչները, ի պատասխան նրա, որ երգիչը «պաշտպանել է Հայաստանի ագրեսիան»:
«Փաստերի ստուգման հարթակը» որոշեց հասկանալ՝ ինչ է կատարվել և ինչպես է որոշվել չեղարկել համերգը։
Ադրբեջանի՝ Հայաստանի դեմ սկսած հարձակումից հետո երաժիշտը Ինստագրամի իր էջում Հայաստանին աջակցող «սթորի» էր տարածել, որից հետո սոցիալական ցանցերի ադրբեջանական տիրույթում և մամուլում ակտիվ և ագրեսիվ քննադատություն էր սկսվել երգչի և համերգի վերաբերյալ։
Ըստ ադրբեջանական լրատվականների՝ սեպտեմբերի 15-ի առավոտյան տարածած տեղեկատվության, Մաքսը շատ չանցած ջնջել է Ինստագրամի իր «սթորին»` Ադրբեջանից ստացած արձագանքներից հետո։ Այս պնդումը, ամենայն հավանականությամբ, ճիշտ է, քանի որ Բարսկիհի ինստագրամյան էջում միայն համերգը չեղարկելու մասին տեղեկությունն էր, սակայն առաջին հրապարակումից 24 ժամ չէր անցել, իսկ հայտնի է, որ ինստագրամյան «սթորիները» ցուցադրվում են 24 ժամվա ընթացում։
Սոցցանցերի ադրբեջանցի օգտատերերը պահանջում էին չեղարկել համերգը և թույլ չտալ, որ երաժիշտը այլևս մուտք գործի Ադրբեջան։
Իսկ արդեն համերգը չեղարկելու մասին Բարսկիհը գրել էր սեպտեմբերի 15-ի կեսօրին։ Նա, մասնավորապես, գրել էր, որ «երկիրը, որը թույլ է տալիս ագրեսիա այլ երկրի նկատմամբ, չի կարող լինել իմ համերգների վայր»։
Ավելի վաղ՝ նույն օրը առավոտյան, Ադրբեջանում արդեն տեղեկություններ էին տարածվել համերգի չեղարկման մասին։
Համերգի չեղարկման մասին լուրերը հաստատել էր տոմսերի վաճառքով զբաղվող կազմակերպությունը՝ tiket.az-ը։ Վերջինս հայտարարել էր, որ համերգի չեղարկման պատճառը «Բարսկիհի պրովոկացիոն դիրք» գրավելն ու «ագրեսոր ռեժիմին աջակցելն» է։
Ըստ ադրբեջանական աղբյուրների՝ համերգի կազմակերպիչը կապվել էր երգչի մենեջերի հետ և պարզել, որ վերջինիս գրառման «պատճառը» Բարսկիհի «հայազգի ընկերն է»։
Ադրբեջանական vesti.az կայքը Բարսկիհին խորհուրդ էր տալիս ելույթ ունենալ Երևանում, սակայն «հիշեցրել», որ Հայաստանի բնակչությունը «աջակցում է Ռուսաստանին»։
Բարսկիհի նկատմամբ ատելության խոսքի տարածումը շարունակվեց և ավելի ուժեղացավ վերջինիս՝ համերգի չեղարկման մասին գրառում անելուց հետո։
Այսպիսով, ստույգ կերպով հաստատել կամ հերքել, թե համերգի չեղարկումը ում նախաձեռնությունն է եղել, հնարավոր չէ, սակայն հատկանշական է, որ Ադրբեջանում համակարգված արշավ էր սկսվել երաժիշտի դեմ՝ Հայաստանին աջակցող գրառման համար։
Անի Ավետիսյան