Սոցիոլոգ Կարեն Սարգսյանը փետրվարի 23-ին Factor.TV-ի եթերում հայտարարել է, որ Ուկրաինան դատապարտել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի հարձակումը Հայաստանի վրա:
Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման առաջին տարելիցին նվիրված քննարկման ընթացքում Սարգսյանը, մասնավորապես, նշել է. «Ընդ որում, ես ձեզ ասեմ՝ Ուկրաինան սեպտեմբերի 13-ին առավոտյան առաջիններից էր, ով դատապարտեց հարձակումը և ռմբակոծությունը… իրենք ամբողջ գիշեր աշխատել են, առավոտյան ժամը 7-ի դրությամբ Ուկրաինան դա դատապարտել է»։
Իրականում, սակայն, սոցիոլոգը սխալվում է:
Սեպտեմբերի 13-ին կեսգիշերին ադրբեջանական զորքերը զինված հարձակում են սկսել Հայաստանի ինքնիշխան տարածքում: Թիրախավորվել են հայկական բնակավայրեր ու քաղաքներ: Ռազմական գործողություններն ավարտվել են հաջորդ օրը երեկոյան: Ըստ ՀՀ գլխավոր շտաբի՝ Ադրբեջանն օկուպացրել է Հայաստանի 130 քկմ տարածք:
Ուկրաինայի ԱԳՆ-ն այս իրադարձություններին արձագանքել է հենց հարձակման օրը՝ սեպտեմբերի 13-ին․ РБК-Украина-ին տված մեկնաբանությունում այդ երկրի արտաքին քաղաքական գերատեսչության խոսնակ Օլեգ Նիկոլենկոն հայտարարել է. «Կիևն ուշադրությամբ հետևում է իրադարձություններին Ադրբեջանի և Հայաստանի սահմանին։ Կողմերին կոչ ենք անում հակամարտությունը լուծել քաղաքական-դիվանագիտական ճանապարհով՝ միջազգային իրավունքի նորմերին համապատասխան, մասնավորապես՝ պետությունների միջազգայնորեն ճանաչված սահմաններում ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքի հիման վրա»:
Նիկոլենկոն նաև քննադատել է Ռուսաստանին՝ պնդելով, որ այդ երկրի միջնորդական ջանքերն ու խաղաղապահ առաքելությունն անիմաստ են:
Հատկանշական է, որ նույն հայտարարությունում Ուկրաինայի ԱԳՆ-ն կոչ է արել իր քաղաքացիներին չայցելել Լեռնային Ղարաբաղ՝ տպավորություն ստեղծելով, թե ռազմական գործողությունները տեղի են ունենում Արցախում:
Ի դեպ, ուկրաինացի խոսնակի հայտարարությունը հրապարակվել է առավոտյան 10:33-ին, այսինքն՝ Կարեն Սարգսյանի պնդումները, թե ժամը 7-ին Ուկրաինան արդեն դատապարտել էր ռազմական գործողությունները, նույնպես սխալ է:
Այսպիսով, Կարեն Սարգսյանի պնդումը, թե Ուկրաինան դատապարտել է սեպտեմբերի 13–14-ի ռազմական գործողությունները, սխալ է: Պաշտոնական Կիևը անհասցե կոչ է արել՝ հորդորելով կողմերին հարգել միջազգային իրավունքի նորմերը:
Լուսինե Ոսկանյան