Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հոկտեմբերի 14-ին թուրքական Haber Türk հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ Ադրբեջանի տարբեր շրջաններում, այդ թվում՝ Բաքվում, ներկայում հազարավոր հայեր են ապրում:
«Ադրբեջանը բազմազգ պետություն է: Ադրբեջանի տարբեր շրջաններում, առաջին հերթին՝ Բաքվում, հազարավոր հայեր են ապրում և նրանք մեր քաղաքացիներ են հանդիսանում»,- ասել է Ալիևը: Նա այս «փաստը» ներկայացրել է իբրև ապացույց, որ «Արցախի՝ Ադրբեջանի կազմ վերադառնալուց հետո» տեղի խաղաղ բնակչությունը կապրի խաղաղ և անվտանգ պայմաններում։
«Այդ իսկ պատճառով Լեռնային Ղարաբաղի հայերը չպետք է անհանգստանան: Այն բանից հետո, երբ մենք կփրկենք նրանց հանցավոր խունտայից, նրանք կապրեն ավելի լավ, ավելի անվտանգ պայմաններում, և նրանց բարեկեցությունը կմեծանա…»,- հայտարարել է Ալիևը։
«Փաստերի ստուգման հարթակը» ներկայացնում փաստեր, որոնք ապացուցում են, որ Ադրբեջանի նախագահի պնդումները մանիպուլյատիվ են և չեն համապատասխանում իրականությանը։
Ադրբեջանում բնակվող հայերի թվի մասին
Ադրբեջանում իբր հազարավոր հայերի գոյության մասին պնդումները նոր չեն։ Այդ երկրի իշխանությունները պարբերաբար խոսում են, մասնավորապես, Բաքվում բնակվող տասնյակ հազարավոր հայերի մասին։ Ըստ հետազոտող Էմիլ Սանամյանի՝ տարբեր տարիների խոսվել է 10-ից 30 հազար Բաքվում ապրող հայերի մասին, սակայն որևէ հիմք չկա այդ թվերին հավատալու։ Սանամյանը նշում է, որ Ադրբեջանում այս կամ այլ պատճառով մնացած ծպտյալ հայերը հիմնականում այլազգիների հետ ամուսնացած ծեր կանայք են և չեն կարող բացահայտել իրենց հայկական ծագումը։ 2001-ին հրապարակված վերլուծական հոդվածում ադրբեջանցի իրավապաշտպան Արիֆ Յունուսովը, որի մայրը հայ էր, նշում էր, որ Ադրբեջանում, իրատեսորեն, ապրում է 2-3 հազար հայ։
Ավելին՝ ըստ 2009-ին Ադրբեջանում անցկացված մարդահամարի, այդ երկրում բնակվում է 120,306 հայ։ Այս թիվը, սակայն, մոլորեցնող է, քանի որ Ադրբեջանի վիճակագրական կոմիտեն «հաշվել է» ներկայում նաև Ադրբեջանի վերահսկողությունից դուրս գտնվող Արցախի բնակչությունը։ Ըստ նույն մարդահամարի՝ 120,089 հայ ապրում է Արցախի Հանրապետության վերահսկողության տակ գտնվող տարածքում։ Այսինքն՝ հենց Ադրբեջանի պաշտոնական տվյալների համաձայն, Ադրբեջանում բնակվում է ընդամենը 217 հայ, որոնց մոտ կեսը՝ 104-ը, մայրաքաղաք Բաքվում։
Մինչև արցախյան հակամարտության սկիզբը Ադրբեջանում ապրել են մի քանի հարյուր հազար հայեր։ Ըստ 1979 թ. խորհրդային մարդահամարի՝ 352,410 հայ է բնակվել Ադրբեջանում՝ չհաշված Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը։ Նրանցից մոտ 216,000-ը՝ Բաքվում, 41,000-ը՝ Կիրովաբադում (Գյանջա) և 14,000-ը՝ Սումգայիթում։
Ադրբեջանի կազմում Արցախի հայությունն անվտանգ չի լինի
Չնայած Իլհամ Ալիևը բազմիցս պնդել է, որ Ադրբեջանի՝ Արցախը գրավելուց հետո հայերին անվտանգ, ավելին՝ բարեկեցիկ կյանք է սպասում, իրականում փաստերը հակառակն են ապացուցում:
Այդպիսի օրինակներ եղել են ինչպես Ղարաբաղյան առաջին պատերազմի, այնպես էլ 2016-ի ապրիլյան պատերազմի և 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի ընթացքում:
Ընթացող ռազմական գործողություններում էլ առաջին զոհերը խաղաղ բնակիչներ էին: Մարտունիում հրթիռակոծության հետևանքով սեպտեմբերի 27-ին զոհվեցին մեկ տարեց կին և նրա 9-ամյա թոռը: Ադրբեջանն առաջին օրից հրթիռակոծում, հրետանակոծում է քաղաքներն ու քաղաքացիական ենթակառուցվածքները։
Ադրբեջանական բանակի վերաբերմունքը խաղաղ բնակիչների նկատմամբ ակնհայտ դարձավ Մոսկվայում համաձայնեցված մարդասիրական հրադադարից հետո՝ անմիջապես հոկտեմբերի 10-ին: Այդ օրը Հադրութ քաղաք ներխուժած ադրբեջանական դիվերսիոն խմբի անդամները գնդակահարել են առնվազն չորս քաղաքացիական անձի՝ հաշմանդամություն ունեցող Միշա Մովսիսյանին, նրա մորը՝ Անահիտ Մովսիսյանին, Նվեր Գրիգորյանին և Արտյոմ Միրզոյանին:
Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը Twitter–ի իր էջում հրապարակել էր Հադրութում ադրբեջանցիների կողմից սպանված, հաշմանդամություն ունեցող տղայի լուսանկարը:
«Տեսեք, նրանք կրակել են նույնիսկ տղայի բաց ափի մեջ, որը ենթադրաբար բարձրացրել էր, որպեսզի ցույց տար, որ նա անզեն է իր տանը»- գրել էր Բեգլարյանը:
Ըստ Արցախի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի տվյալների՝ մինչև հոկտեմբերի 11-ը ներառյալ Արցախում սպանվել է ընդհանուր 20 խաղաղ բնակիչ, որից 1-ը մանկահասակ աղջիկ էր, 7-ը կին և 12 տղամարդ:
Մանկահասակ երեխան, հինգ կանայք և չորս տղամարդիկ սպանվել են իրենց տան բակում:
Հատկանշական է, որ զոհերն ու վիրավորումներն արձանագրվել են արգելված զինատեսակների ու մեթոդների կիրառման հետևանքով: Ադրբեջանը քաղաքացիական բնակչության դեմ լայնորեն կիրառում է ծանր ու լայն ազդեցության շառավղով հրթիռային ու ավիացիոն միջոցներ, որոնց մի մասը կասետային է:
2016 թվականի Ապրիլյան պատերազմի ընթացքում ադրբեջանցիների կողմից խաղաղ քաղաքացիների և զինվորականների նկատմամբ հակամարդկային գործողությունների մասին Fip.am-ը գրել է առանձին հրապարակման մեջ:
2016 թվականի ապրիլի 1-ի լույսի 2-ի գիշերը Ադրբեջանը լայնածավալ ռազմական գործողություններ սկսեց Արցախի դեմ: Ապրիլի 3-ի երեկոյան «Հետք» պարբերականը և «Ֆոտոլուր» գործակալությունը ցնցող լուսանկարներ էին հրապարակել Թալիշ գյուղում ադրբեջանցի զինվորների բարբարոսությունների մասին: Ադրբեջանցիները սպանել էին գյուղից չտարհանված Վալերա Խալափյանին ու նրա կնոջը` Ռազմելային, ինչպես նաև Վալերա Խալափյանի 92-ամյա մորը՝ Մարուսյա Խալափյանին, խոշտանգել նրանց մարմինները, կտրել ականջները:
Հետևաբար, Ալիևի պնդումը, թե Լեռնային Ղարաբաղի հայերը չպետք է անհանգստանան և որ ադրբեջանցիներն ապահովելու են նրանց համար բարեկեցիկ ապագա, անհիմն է։ Իրականում, արձանագրված դեպքերը փաստում են, որ քաղաքացիական բնակչության հանդեպ Ադրբեջանը որդեգրել է հակամարդկային վերաբերմունք:
Լուսինե Ոսկանյան
Հովհաննես Նազարեթյան