Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ՝ սեպտեմբերի 22-ին, ելույթ ունեցավ Լոս Անջելեսի Գրանդ Փարկում հրավիրված հանրահավաքի ժամանակ։ Այդ հանրահավաքի մասին Փաշինյանը հայտարարել էլ դեռ սեպտեմբերի 8-ին։ Հայկական մամուլում հանրահավաքի շուրջ մի քանի մանիպուլյատիվ տեղեկություններ հրապարակվեցին, որոնք Fip.am-ը ներկայացնում է ստորև։
Կալիֆորնիայի հայ բնակչության թիվը
Նախկին ՀՀԿ-ական պատգամավոր և Tert.am կայքի համասեփականատեր Միհրան Հակոբյանը նույն կայքում այսօր՝ սեպտեմբերի 23-ին, հրապարակված հոդվածում պնդում է, որ Կալիֆորնիայում «1 միլիոն հայեր են ապրում»։ Նման պնդում է կատարվել նաև 168.am կայքում հրապարակված «Այդքան PR-ված հավաքին՝ ընդամենը 10.000 մարդ» հոդվածում։ «Ըստ պաշտոնական հրապարակված տեղեկատվության՝ Կալիֆորնիա նահանգում է բնակվում ամերիկահայության մոտ 40 տոկոսը, 1.000.000 ամերիկահայ»,- նշվում է նյութում։
Ըստ ԱՄՆ մարդահամարի բյուրոյի 2017 թ. տվյալների՝ ԱՄՆ-ում բնակվում է 485,970 (+/-18,396) հայ, որոնցից Կալիֆորնիա նահանգում բնակվում է 270,022-ը (+/-13,054)։ Մասնավորապես, 201,814 (+/-11,774) հայ է բնավում Լոս Անջելեսի շրջանում, որն իր մեջ, Լոս Անջելես քաղաքից բացի, ներառում է նաև խիտ հայկական բնակչություն ունեցող Գլենդել քաղաքը։
Ըստ ոչ պաշտոնական գնահատականների, Կալիֆորնիայում բնակվում է հայկական ծագում ունեցող մի քանի անգամ ավելի շատ մարդ: Օրինակ, ըստ Լոս Անջելեսում ՀՀ հյուպատոսության, մոտ 500,000 հայ է բնակվում Կալիֆորնիայում, իսկ ԱՄՆ Հայ դատի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը նշում է 600,000-700,000 թիվը։ Սակայն այս թվերը «օդից վերցրած» են և հիմնված չեն որևէ դաշտային աշխատանքի կամ վստահելի տեղեկությունների վրա։
168.am-ի այն պնդումը, որ պաշտոնական տեղեկություններով մեկ միլիոն հայ է բնակվում Կալիֆորնիայում, չի համապատասխանում իրականությանը։ Ավելին, Կալիֆորնիայում է բնակվում ամերիկահայերի մոտ 56%-ը, ոչ թե 40%-ը։
Ցույցի մասնակիցների թիվը
Ե՛վ Հակոբյանի, և՛ 168.am-ի դեպքում Կալիֆորնիայի հայ բնակչության թվաքանակը նշվում է, որպեսզի ցույց տրվի Փաշինյանի հրավիրած հանրահավաքի, իբրև, սակավամարդ լինելը։
Այժմ տեսնենք՝ արդյո՞ք դա համապատասխանում է իրականությանը, թե ոչ։ Ըստ Los Angeles Daily News կայքի՝ Փաշինյանի հրավիրած ցույցին մասնակցել է մոտ 10,000 մարդ։ Եթե հիմք ընդունենք ԱՄՆ մարդահամարի բյուրոյի վերջին (2017 թ.) տվյալները, ապա Փաշինյանի սեպտեմբերի 22-ի ցույցին մասնակցել է Լոս Անջելեսի շրջանի հայազգի բնակչության 5%-ը (200,000-ից 10,000-ը)։
Համեմատության համար նշենք, որ, օրինակ, ԱՄՆ նախագահի թեկնածու Բերնի Սանդերսի հանրահավաքներին մասնակցել է 12,000-ից 16,000 մարդ, որն ամերիկյան լրատվամիջոցները բնորոշել էին որպես խոշոր։
Հովհաննես Նազարեթյան