Նոյեմբերի 18-ին Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտարարել էր, որ պատերազմի ընթացքում «Հայաստան» համահայկական հիմնադրամին նվիրաբերված գումարի մի մասը փոխանցվել է կառավարությանը: Ըստ նրա՝ առողջապահական, սոցիալական և ենթակառուցվածքային բնույթի ծախսերը որոշվել է իրականացնել միասին՝ համագործակցելով, որպեսզի դրանք լինեն արդյունավետ։
Մհեր Գրիգորյանը նաև ասել էր, որ հիմնադրամին նվիրաբերված միջոցների մի մասը դեռևս ծախսված չեն։
Փոխվարչապետի այս հայտարարությունը բուռն քննարկումների առիթ էր դարձել։ Հարցադրումներ էին հնչում, թե ի՞նչ գործ ունեն նվիրատվությունները բյուջեում։
Նշենք, որ հիմնադրամի իրականացրած «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» համազգային դրամահավաքի ընթացքում հավաքվել էր ավելի քան 170 միլիոն դոլար։
«Փաստերի ստուգման հարթակը» խնդրել էր Ֆինանսների նախարարությանը պարզաբանել, թե որքանո՞վ է «Հայաստան» համահայկական հիմնադրամ փոխանցված գումարների նվիրաբերությունը կառավարությանն իրավաչափ, փոխանցված գումարներից որքա՞նն է նվիրաբերվել Կառավարությանը, որքա՞ն է ծախսվել և ի՞նչ նպատակների համար։
Որքա՞ն գումար է նվիրաբերել «Հայաստան» համահայկական հիմնադրամը պետական բյուջե
Ֆինանսների նախարարության պարզաբանմամբ՝ հիմնադրամից Հայաստանի Հանրապետությանը նվիրաբերված միջոցները մուտքագրվել են գանձապետական միասնական հաշվին՝ ռազմական գործողությունների հետևանքով ծագած լրացուցիչ բյուջետային կարիքները ֆինանսավորելու նպատակով։
Ըստ այդմ, հիմնադրամի և ՀՀ-ի միջև կնքված նվիրաբերության պայմանագրերի հիման վրա՝ գանձապետական հաշվեհամարին, որպես նվիրաբերություն, փոխանցել է մոտ 52 միլիարդ 703 միլիոն դրամ (շուրջ 105,5 մլն դոլար)։
Ըստ ՖՆ-ի՝ նվիրաբերության գումարն ուղղվել է պետության, ռազմական դրություն հայտարարելու հանգամանքներով պայմանավորված ենթակառուցվածքների, սոցիալական և առողջապահական ծախսերի ֆինանսավորման նպատակով օգտագործելու պայմանով:
«Ընդ որում, նվիրաբերության գումարի հաշվին վկայակոչված ծախսերի ֆինանսավորումը հնարավորություն է ընձեռել կառավարությանը 2020 թվականի պետական բյուջեով այդ ծախսերի ֆինանսավորման համար նախատեսված միջոցները ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ուղղել ռազմական դրությամբ պայմանավորված, նոր ի հայտ եկած ծախսերի ֆինանսավորմանը, որոնք 19.11.2020թ. դրությամբ կազմել են շուրջ 100 մլրդ 978 միլիոն դրամ (շուրջ 202 մլն դոլար)»,- նշվում է նախարարության գրավոր պատասխանում:
Իսկ թե նվիրաբերված գումարից որքանն է ծախսվել և ինչ նպատակների համար, Ֆինանսների նախարարությունից նշում են, որ ռազմական դրությամբ պայմանավորված նոր ի հայտ եկած ծախսերի ֆինանսավորման նպատակով միջոցները հատկացվել են ՀՀ կառավարության համապատասխան որոշումներով։ «Դրանց օգտագործման վերաբերյալ հաշվետվությունները օրենսդությամբ սահմանված կարգով կհրապարակվեն բյուջեների կատարման հաշվետվությունների շրջանակում»,- նշվում է պատասխանում:
Արդյո՞ք հիմնադրամի կողմից կառավարությանը նվիրաբերությունը իրավաչափ է
Անդրադառնալով հիմնադրամի կողմից նվիրաբերության պայմանագրերի կնքման իրավաչափության վերաբերյալ լրատվամիջոցներում տեղ գտած գնահատականներին՝ նախարարությունից նշում են, որ գումարն ամբողջությամբ մուտքագրվել է միասնական գանձապետական հաշվին «ՀՀ բյուջետային համակարգի մասին» և «Գանձապետական համակարգի մասին» օրենքների պահանջներին համապատասխան և դրանցով սահմանված կարգով:
«Հիմնադրամների մասին» օրենքի համաձայն՝ հիմնադրամի շահառուներ են համարվում ֆիզիկական և իրավաբանական այն անձինք, որոնց օգտին, հիմնադրամի կանոնադրությանը համապատասխան, կարող են կատարվել կամ կատարվել են որոշակի վճարումներ, մատուցվել ծառայություններ կամ նրանց փոխանցվել հիմնադրամի գույքի որոշ մասը:
«Հիմնադրամի կանոնադրության 5-րդ կետի համաձայն՝ հիմնադրամի հիմնադիրն է ՀՀ-ն, որի անունից հանդես է գալիս ՀՀ նախագահը:
Կանոնադրության 23-րդ կետի համաձայն՝ հիմնադրամը տիրապետում, օգտագործում և տնօրինում է իրեն պատկանող ու իր կողմից ձեռք բերված գույքը, այդ թվում՝ ֆինանսական միջոցներն իր գործունեության նպատակներին ու գույքի նշանակությանը համապատասխան։
Կանոնադրության 38-րդ կետի «զ» ենթակետի համաձայն՝ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի իրավասությանն է վերապահված հիմնադրամի գույքի տնօրինման կարգի հաստատումը:
Կանոնադրության 10-րդ կետի համաձայն՝ Հիմնադրամի գործունեության նպատակներն ու խնդիրներն են․
ա) օժանդակել Հայաստանի և այլ երկրների սոցիալ-տնտեսական զարգացմանը և բարեփոխումների իրականացմանը,
բ) նպաստել գիտական, կրթական, մշակութային, սոցիալական և առողջապահական համակարգերի բարելավմանն ու կատարելագորմանը […]
Փաստացի, հիմնադրամի կողմից ՀՀ-ին ֆինանսական միջոցները փոխանցվել են.
- սահմանված կարգով կնքված նվիրաբերության պայմանագրերի հիման վրա,
- պետության, ռազմական դրություն հայտարարելու հանգամանքներով պայմանավորված ենթակառուցվածքների, սոցիալական և առողջապահական ծախսերի ֆինանսավորման նպատակով օգտագործելու պայմանով, հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համաձայնությամբ:
Նելլի Լազարյան