ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Գուրգեն Մելքոնյանը լրագրողների հետ զրույցում պնդել է, թե Գորիս-Կապան մայրուղու մի հատվածը Ադրբեջանին են հանձնել ռուսները։
«Ռուսների հետ էին իրանք (ադրբեջանցիները,-խմբ․) կանգնած էդ տարածքում, ու մի օր էլ փակեց, հանձնեց ադրբեջանցիներին, ոնց որ Լաչինի միջանցքը»,- ասել է ՔՊ-ական պատգամավորը։
Ինչպես է հանձնվել ճանապարհահատվածը
2020 թվականի դեկտեմբերին համացանցում հայտնվեց տեսանյութ, որում Գորիս – Կապան Մ2 ճանապարհի Որոտանի հատվածում ադրբեջանական բանակի զինծառայողներ էին երևում։
Արդեն դեկտեմբերի 19-ին ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարություն տարածեց՝ նշելով, որ ավտոճանապարհի 21 կմ-անոց հատվածը որոշ տեղերում անցնում է «վիճարկելի տարածքով»։
«Համաձայն ձեռք բերված պայմանավորվածության՝ Գորիս – Դավիթ Բեկ ճանապարհային հատվածում երթևեկության անխափան կազմակերպման նկատառումով տեղակայվում են ռուս սահմանապահ ուժեր: Գորիս – Կապան ավտոճանապարհի 21 կմ երկարությամբ հատվածի անվտանգությունը, որն անցնում է վիճարկելի տարածքով, կապահովվի ռուս սահմանապահների միջոցով: Շփման գծի մի կողմում կտեղակայվեն ՀՀ սահմանապահ զորքերը Հայաստանի կողմից, Ադրբեջանի սահմանապահ զորքերը՝ Ադրբեջանի կողմից»,- ասվում էր հաղորդագրության մեջ:
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունն իր հերթին հաղորդագրություն տարածեց՝ հայտնելով, որ ճանապարհին հայ և ադրբեջանցի սահմանապահների կողմից, ռուս գործընկերների հետ համագործակցությամբ, իրականացվում են սահմանապահ վերակարգերի տեղակայման աշխատանքներ։ ԱԱԾ-ն պնդում էր նաև, որ գործընթացի ավարտից հետո ճանապարհահատվածում «լիարժեքորեն ապահովվելու է բնականոն ու անվտանգ երթևեկության կազմակերպումը», իսկ խնդիրների դեպքում ճանապարհի այդ մասով անցնող քաղաքացիներին հորդորում էր զանգել ԱԱԾ թեժ գծի հեռախոսահամարով։
Արդեն 2021 թվականի փետրվարին ցանցում հայտնվում է մի հուշագիր, որում սահմանվում էին Գորիս – Դավիթ Բեկ – Կապան – Ճակատեն ավտոճանապարհի անվտանգ օգտագործման պայմանները։
Փաստաթղթի առաջին հոդվածում նշվում էր, որ «հայկական կողմը 2020 թ. դեկտեմբերի 18-ին դուրս է հանում իր զինված կազմավորումներն Ադրբեջանի Զանգելան և Կուբաթլու շրջաններից»։
2021-ի օգոստոսին Փաշինյանն ԱԺ-ում կառավարության ծրագրի ներկայացման ժամանակ ասաց, որ փորձ է արվում ներկայացնել, թե Հայաստանի կառավարությունը ժողովրդի թիկունքում որևէ բան է արել:
«Ես ուզում եմ այս հարցը մեկընդմիշտ փակել և ձեր ուշադրությունը հրավիրել հետևյալին. դեկտեմբերի 19-ին ես ուղերձով եմ հանդես եկել և խոսել եմ Գորիս-Կապան հատվածում պրոբլեմների մասին: Ասել եմ, որ այդտեղ մենք խնդիր ունենք, և ըստ էության, ասել եմ հետագայում, որ մենք, այո, քաղաքական որոշում ենք կայացրել, և ես ամբողջությամբ այդ որոշման պատասխանատվությունը կրում եմ»,- ասել էր Փաշինյանը:
Նույն տարվա սեպտեմբերին Ադրբեջանի ներքին գործերի նախարարությունը Գորիս – Կապան ճանապարհին ոստիկանական կետ տեղադրելու վերաբերյալ հաղորդագրություն տարածեց։
Օրեր անց՝ սեպտեմբերի 15-ին, ՀՀ վարչապետն ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում հիշեցրեց 2010 թ. «Վարչատարածքային բաժանումների մասին» օրենքը, որի համաձայն՝ մայրուղու նշված հատվածը պատկանում է Ադրբեջանին։
«Որևէ այդպիսի փաստաթղթով խնդրո առարկա հատվածը ՀՀ տարածքում չի գտնվում։ Եվ երբ որ մենք ասում ենք, որ երեկվա իրադարձությունների թատերաբեմը միանշանակ ՀՀ տարածք է, ու մեզ ասում են` որտեղից գիտեք, մենք ասում ենք` մենք դա գիտենք այնպես, ինչպես գիտենք, որ Էյվազլի – Չայզանի հատվածը ՀՀ տարածք չէ»,- հայտարարեց Փաշինյանը։
Փաշինյանը թեմային անդրադարձել է նաև 2021 թվականի նոյեմբերի 11-ի կառավարության նիստում՝ նշելով, որ ճանապարհահատվածը Ադրբեջանի տարածքում է։
Այսպիսով, հայկական կողմն ամենաբարձր մակարդակում ընդունել է, որ Գորիս – Կապան ճանապարհի 21 կմ-անոց հատվածը պատկանում է Ադրբեջանին, և այնտեղ տեղակայվել են ադրբեջանական ստորաբաժանումներ և ՌԴ սահմանապահ զորքեր եռակողմ պայմանավորվածության արդյունքում։
Միևնույն ժամանակ, ադրբեջանական կողմը չի պահպանել ճանապարհի այդ հատվածի օգտագործման պայմանների վերաբերյալ ձեռք բերված համաձայնություններն ու մաքսակետ տեղադրել այնտեղ, ինչի հետևանքով անհնար է դարձել ճանապարհահատվածով անարգել երթևեկությունն ու այն ապահովելու կոչված ռուսական ու հայկական ուժերի գործառույթների իրականացումը։
Այսպիսով, ՔՊ-ական պատգամավորի պնդումը, թե ճանապարհահատվածը հանձնել են ՌԴ սահմանապահները, չի համապատասխանում իրականությանը։
Նանե Մանասյան