Հայաստանում վերջին տարիներին ազատազրկված մի շարք անձանց հետ կապված գոյություն ունի տեսակետների բախում, թե արդյո՞ք այդ անձինք հանդիսանում են քաղաքական բանտարկյալներ: Հիմնական միտումն այն է, որ իշխանության ներկայացուցիչները հերքում են Հայաստանում քաղաքական բանտարկյալների առկայությունը, իսկ ընդդիմադիր, ինչպես նաև հասարակական գործիչները, իրավապաշտպանները գտնում են, որ Հայաստանում քաղբանտարկյալներ կան: Ավելին, կան մարդիկ, ովքեր պնդում են, որ եթե անձի գործողություններում հանցակազմ կա, ապա այդ մարդն արդեն չի կարող քաղբանտարկյալ կոչվել:
Քաղաքական բանտարկյալների հարցերով զբաղվող միջազգային կառույցներն ունեն որոշակի չափանիշներ այս կամ այն անձին այդ կատեգորիային դասելու համար: Փորձենք քննարկել ամենահեղինակավոր կառույցների կողմից «քաղբանտարկյալ» և «խղճի բանտարկյալ» եզրույթների սահմանումները:
ԵԽԽՎ
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ, որին նաև Հայաստանն է անդամակցում) 2012թ. ընդունված բանաձևով վերահաստատել է 2001թ.-ին իր կողմից ընդունված չափանիշներն առ այն, թե ովքեր կարող են համարվել քաղաքական բանտարկյալ: Բանաձևում մասնավորապես նշված է, որ ազատությունից զրկված անձը կարող է համարվել քաղաքական բանտարկյալ, եթե
- անձը ազատազրկվել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով և կից արձանագրություններով երաշխավորված հիմնարար իրավունքներից/ազատություններից որևէ մեկի խախտմամբ, մասնավորապես խղճի, մտքի, կրոնի, արտահայտման, տեղեկատվության, հավաքների, միավորումների ազատության,
- անձի ազատազրկումը տեղի է ունեցել զուտ քաղաքական պատճառներով՝ առանց որևէ հանցանքի հետ առնչություն ունենալու,
- քաղաքական դրդապատճառներով ազատազրկման ժամկետը կամ պայմանները հստակորեն անհամաչափ են այն հանցանքին, ինչի համար անձը մեղավոր է ճանաչվել կամ կասկածվում է,
- քաղաքական դրդապատճառներով անձը այլ անձանց համեմատ խտրական կերպով է ազատազրկվել, կամ
- ազատազրկումը արդյունք է հստակորեն անարդար դատավարության, ինչը առերևույթ կապված է իշխանությունների քաղաքական դրդապատճառների հետ:
Բանաձևում նաև հստակորեն սահմանվում է, որ ահաբեկչական գործողությունների համար ազատազրկված անձինք չեն կարող համարվել քաղաքական բանտարկյալներ:
Ամնեսթի Ինթերնեշնլ
Աշխարհահռչակ Ամնեսթի Ինթերնեշնլ իրավապաշտպան կազմակերպությունը առանձնացնում է երկու հասկացություն՝ քաղաքական բանտարկյալ և խղճի բանտարկյալ: Կազմակերպությունը քաղաքական բանտարկյալ տերմինի համար ունի ավելի լայն սահմանում, մասնավորապես այն քաղաքական բանտարկյալ է համարում ազատազրկված ցանկացած անձի, ում դեպքն ունի նշանակալի քաղաքական տարր՝ կլինի դա բանտարկյալի գործողությունների դրդապատճառը, բուն գործողությունը թե այդ անձի նկատմամբ իշխանությունների գործողությունների դրդապատճառները: Կազմակերպությունը քաղաքական բանտարկյալների համար պահանջում է արդար դատավարություն:
Քաղաքական բանտարկյալ հասկացությունն իր մեջ ներառում է խղճի բանտարկյալ հասկացությունը: Ամնեսթի Ինթերնեշնլը խղճի բանտարկյալ է համարում միայն այն անձանց, ովքեր բանտարկությամբ կամ այլ եղանակով ազատությունից զրկվել են իրենց համոզմունքների, արտահայտած տեսակետների կամ ազգային, ռասայական և այլ պատկանելության համար և, որպես պարտադիր պայման, որևէ բռնություն չեն գործադրել կամ քարոզել: Կազմակերպությունը գտնում է, որ բոլոր խղճի բանտարկյալները պետք է անհապաղ և առանց նախապայմանների ազատ արձակվեն:
Հայաստանում
Հետևապես, կարելի է վստահաբար պնդել, որ երկու չափանիշներով էլ Հայաստանում քաղաքական բանտարկյալներ կան: ԵԽԽՎ-ի չափանիշներով քաղաքական բանտարկյալներ են, օրինակ, Անդրիաս Ղուկասյանը, Գևորգ Սաֆարյանը, Շանթ Հարությունյանը, Հայկ Կյուրեղյանը և այլն։ «Սասնա ծռերի» քաղաքական բանտարկյալ լինել/չլինելը ԵԽԽՎ-ի չափանիշներով քննարկման առարկա է, բայց եթե հիմնավորվի, որ, օրինակ, նրանց նկատմամբ վերաբերմունքը առավել խիստ է իրենց ընդդիմադիր հայացքների համար, ապա իրենք էլ պետք է որակվեն քաղաքական բանտարկյալ:
Ամնեսթի Ինթրնեշնլի սահմանմամբ «Սասնա ծռերը» քաղաքական բանտարյալներ են, իսկ Գևորգ Սաֆարյանը, Անդրիաս Ղուկասյանը և մի շարք այլ անձինք՝ խղճի բանտարկյալներ:
Անուշ Համբարյան