Վերջին օրերին Հայաստանում քննարկվում է ամանորյա ոչ աշխատանքային օրերը կրճատելու՝ Էկոնոմիկայի նախարարության առաջարկած նախագիծը։
Ապրիլի 15-ի կառավարության նիստում նախարար Վահան Քերոբյանը հայտարարել էր, որ հունվարի տոնական օրերի քանակը նվազեցնելը դրական ազդեցություն կունենա երկրի ՀՆԱ-ի վրա։ «Պետք է հաշվի առնել, որ մեր ռեգիոնում, չհաշված Ռուսաստանը, մենք միակ երկիրն ենք, որ այսպիսի երկար Նոր տարի ունենք։ Եվ Վրաստանը, Ուկրաինան, Բելառուսը ընդամենը երկու օր են ամանորին հանգստանում»,- նշել էր նախարարը։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը, սակայն, հակադարձել էր Քերոբյանին՝ պնդելով, որ վերջինիս հայտարարությունը, թե հանգստյան օրերի քանակով Հայաստանը գերազանցում է մի շարք երկրների, չի համապատասխանում իրականությանը։
«Հայաստանը միջին երկրների մակարդակի է գործող կարգավորումներով»,- նշել էր Առաքելյանը՝ հավելելով, որ շատ երկրներում, նույնիսկ, ընդունված է մարդկանց լրացուցիչ ոչ աշխատանքային օրեր տալ, երբ որևէ տոնական օր համընկնում է հանգստյան օրերի հետ, իսկ Հայաստանում նման պրակտիկա չկա։
«Փաստերի ստուգման հարթակը» որոշել է ուսումնասիրել նախարարների հայտարարությունները և ոչ աշխատանքային օրերի քանակի վերաբերյալ աշխարհի տարբեր երկրների քաղաքականությունը։
Կարգավորումները Հայաստանում
Ըստ «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքի՝ 2021 թվականին Հայաստանում ոչ աշխատանքային է 16 տոնական օր (եղել են տարիներ, երբ մեռելոցները ևս եղել են ոչ աշխատանքային)։ Այս շարքում 6 ոչ աշխատանքային օր կապված է ամանորյա հանգստի հետ՝ դեկտեմբերի 31-ից մինչև հունվարի 7-ը։ Այս օրերն է Կառավարությունը ցանկանում դարձնել աշխատանքային՝ բացառությամբ դեկտեմբերի 31-ի, հունվարի 1-ի և հունվարի 6-ի։
Ոչ աշխատանքային օրերը նվազեցնելու առաջարկով էր հանդես եկել նաև Հայաստանի նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը՝ առաջարկելով աշխատանքային տարին սկսել հունվարի 3-ից։ Փոփոխությունները, սակայն, գործնական փուլ չմտան Կարապետյանի կառավարման ընթացքում։
Համաշխարհային փորձը
Աշխատանքային և ոչ աշխատանքային օրերի քանակը յուրաքանչյուր երկրում անհատական է, սակայն յուրաքանչյուր երկիր ունի սեփական քաղաքականությունը՝ կապված ինչպես ազգային տոների քանակի, այնպես էլ աշխատանքային և հանգստի իրավունքի հետ։
Հարևան Վրաստանում ոչ աշխատանքային է 14 տոնական օր։ Ամանորյա տոները սահմանափակվում են հունվարի 1-ով և 2-ով։ Լատվիայում ոչ աշխատանքային է 15 օր, Էստոնիայում՝ 13: Ուկրաինայում ոչ աշխատանքային է 12 օր, իսկ տոնը հանգստյան օրերի հետ համընկնելու դեպքում հաջորդող երկուշաբթին համարվում է ոչ աշխատանքային։ Բելառուսում ոչ աշխատանքային է տոնական 9 օր։
Պետական տոների քանակը Գերմանիայի Դաշնությունում 9-ն է, սակայն որոշ նահանգներ ունեն դաշնային տոներ, որոնք նշվում են միայն տվյալ նահանգում։ Այստեղ տոնական օրը հանգստյան օրերի հետ համընկնելու պարագայում չի փոխարինվում։ Տոնական օրերի նույն քանակը և նույն կարգավորումներն ունի նաև Իռլանդիան։
Համաձայն Ռուսաստանի աշխատանքային օրենսգրքի՝ հանգստյան օրերի հետ համընկնող տոնական օրերի համար հավելյալ ոչ աշխատանքային օր է սահմանվում տոնին նախորդող կամ հաջորդող աշխատանքային օրը՝ ըստ կառավարության հայտարարության։ Այստեղ տոնական ոչ աշխատանքային օրերը 14-ն են։ Ռուսաստանում, ինչպես և նշել էր էկոնոմիկայի նախարարը, ամանորյա տոնական օրերը մինչև հունվարի 6-ը ոչ աշխատանքային են։
Հանգստյան օրերի հետ համընկնող տոնական օրերը մեկ այլ աշխատանքային օրով փոխարինելու պրակտիկա գործում է, օրինակ, Նոր Զելանդիայում և Ճապոնիայում։ Ճապոնիայում 2000-ականների սկզբին ներդրվել է «Ուրախ երկուշաբթիների» հայեցակարգը՝ որոշ տոներին հաջորդող երկուշաբթիները դարձնելով ոչ աշխատանքային և սահմանելով եռօրյա հանգստյան օրեր։
Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ տոնական և ոչ աշխատանքային օրեր սահմանելը որոշվում է՝ համաձայն յուրաքանչյուր երկրի մշակութային ու քաղաքական առանձնահատկություների և առկա տոների քանակի։ Նշենք, սակայն, որ ճիշտ է այն պնդումը, որ ամանորյա երկարաժամկետ արձակուրդներից հրաժարվել են աշխարհի և տարածաշրջանի բազմաթիվ երկրներ։
Անի Ավետիսյան