Օգոստոսի 17-ին, կառավարության պաշտոնավարման 100 օրվա կապակցությամբ կայանալիք հանրահավաքին ընդառաջ, ոստիկանությունը հայտարարություն տարածեց, որով արգելեց դրոնների օգտագործումը հանրահավաքի ընթացքում:
«Զանգվածային լրատվության միջոցներին հայտնում ենք, որ օգոստոսի 17-ին տեղի ունենալիք հանրահավաքի մասնակիցների անվտանգությունը ապահովելու նկատառումներից ելնելով՝ արգելվելու է դրոնների միջոցով տեսանկարահանումն օդից և նման փորձերը կասեցվելու են։ ԶԼՄ-ների ներկայացուցիչներին խնդրում ենք ձեռնպահ մնալ տեսանկարահանման այդ միջոցների կիրառումից։ Շնորհակալություն ենք հայտնում համագործակցության և փոխըմբռնման համար»,- մասնավորապես, ասված է հայտարարության մեջ:
Նկատենք, սակայն, որ դրոնների օգտագործման կարգը սահմանվում է Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության 56-րդ հրամանով, որի 17-րդ կետով ասվում է. Կառավարվող և չկառավարվող օդային տարածքում հեռակառավարվող անօդաչու համակարգերով (մինչև 5 կգ քաշ ունեցող) թռիչքները կարող են իրականացվել ոչ ավելի քան 50 մետր (հարաբերական բարձրություն), առանց Գլխավոր վարչություն հայտ ներկայացնելու և սույն կարգի 7-րդ կետով սահմանված տեղեկացմանը:
Ըստ այդմ, հեռակառավարվող անօդաչու թռչող սարքերի կիրառման սահմանափակումներ օրենքում չկան: Հասկանալու համար, թե ո՞ր իրավական հիմքով է արգելվել դրոնների կիրառումը, կապ հաստատեցինք ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանի հետ, որը մեր հարցին ի պատասխան նշեց, որ դա արվել է պարզապես անվտանգության նկատառումներից ելնելով, իսկ իրավական հիմքը պարզելու համար առաջարկեց գրավոր հարցում ուղարկել :
Նշենք, որ ոստիկանությունը, որպես հասարակական անվտանգության երաշխավոր, լիազորված է համապատասխան գործողություններ իրականացնել՝ ապահովելու մարդկանց անվտանգությունը, սակայն դրոնների կիրառումը արգելել այն իրավասու չէ, իսկ այդպիսի իրավասությամբ օժտված է Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը, որը նման հրամանով կամ օրենքում փոփոխություններ կատարելու մասին որոշմամբ հանդես չի եկել:
Հատկանշական է, որ օրերս Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի դեմ մահափորձ էր կատարվել՝ պայթուցիկով դրոնի միջոցով: Ոստիկանությունը, հավանաբար, այս դեպքը նկատի ունենալով էլ նման միջոցների է դիմել:
Կարինե Կիրակոսյան