Ինչպես հայտնի է փետրվարի 8-ից ոստիկանությունը սկսել է կիրառել շարժական լուսանկարահանող արագաչափը: Այն տեղադրված է առանց տարբերանշանների ավտոմեքենայի մեջ, կայանում է տարբեր ճանապարհահատվածներում և տուգանում կարգազանց վարորդներին։
Որպես փաստարկ Ճանապարհային ոստիկանությունը ներկայացրել էր զոհերով ճանապարհային պատահարների վիճակագրություն, որոնց «զգալի մասը» տեղի են ունենում արագության ռեժիմի խախտման հետևանքով։
«Միայն այս տարվա հունվարի տվյալներով, 36 զոհ է եղել 28 ճանապարհատրանսպորային վթարի հետևանքով: Նախնական ուսումասիրությունները, փաստում են, որ 11 դեպքով չի պահպանվել առավելագույն երթևեկության ռեժիմը», — ասել էր Ճանապարհային Ոստիկանության պետի տեղակալ Արմեն Խաչատրյանը։
Սակայն ճանապարհային ոստիկանությունը չունի ոչ իրավական և ոչ էլ տեխնիկական հնարավորություն պարզելու, թե արդյոք մահվան ելքով վթարում առկա է եղել սահմանված արագության խախտում: Մահվան պատճառ դարձած բոլոր վթարներով հարուցվում են քերական գործեր, որոնք քննում է Քննչական կոմիտեն: Հենց նախաքննության սահմաններում են քննիչները (որպես կանոն՝ փորձագետների օգնությամբ) որոշում, թե որ հանգամանքների արդյունքում և ում մեղավորությամբ են զոհվել մարդիկ:
Մեր հարցմանը ի պատասխան, սակայն, Քննչական կոմիտեից հայտնեցին, որ սահմանված արագության գերազանցմամբ կատարված մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահարների դեպքերի առանձին վիճակագրություն չի իրականացվում։
Մենք կապվեցինք ՃՈ պետի տեղակալ Արմեն Խաչատրյանի հետ հավելյալ պարզաբանումներ ստանալու նպատակով։ Ըստ Խաչատրյանի՝ իր ներկայացրած վիճակագրությունը նախնական է, որը հիմնված է դեպքի վայր ժամանած ՃՈ տեսուչների ենթադրությունների վրա։
Հավելենք, որ 2016 թվականին Ռուսաստանում (որտեղ վիճակագրությունը վարվում է) մահվան ելքով վթարների ընդամենը 2 տոկոսի դեպքում է պատճառը սահմանված եղել արագության խախտումը: Իսկ ահա դեպքերի 32 տոկոսում պատճառը եղել է մեքենայի արագության անհամատեղելիությունը ճանապարհային և եղանակային պայմանների հետ:
Հիշեցնենք նաև, որ առանց նախազգուշացնող նշանների շարժական արագաչափերի տեղադրումը հակասում է նաև Ազգային ժողովին տրված ոստիկանության խոստմանը, որի մասին կարող եք կարդալ այստեղ: