Ոստիկանությունն այս պահին խուզարկություն է անցկացնում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ, ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի առանձնատանն ու նրա հետ փոխկապակցված ընկերությունների գրասենյակներում։ Մամուլում շրջանառվող տեղեկությունը Fip.am-ի հետ զրույցում հաստատեցին ոստիկանության լրատվական ծառայությունից։
«Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում կա հարուցված քրեական գործ և դրա շրջանակում կատարվում է խուզարկություն»,- ասաց ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը։ Օրեր առաջ մամուլում հրապարակումներ եղան, որ քրեական գործը վերաբերում է Հայրապետյանի կողմից ֆուտբոլային մարզադաշտերի ու ակադեմիաների կառուցման ընթացքում առանձնապես խոշոր չափերի գումար յուրացնելուն, դրա շրջանակում ստանձնած պարտավորությունները չկատարելուն կամ մասնակի կատարելուն։
Fip.am-ը հոկտեմբերի 12-ին հետաքննությունն էր հրապարակել Հայրապետյանի՝ ՀՖՖ նախագահի պաշտոնը զբաղեցնելու ժամանակ ֆուտբոլի ակադեմիաների կառուցման վերաբերյալ։ Մասնավորապես, պարզել էինք, որ կառուցված բոլոր 4 ակադեմիաների շինարար կազմակերպությունը եղել է նույնը՝ «Զեյթուն կահույքի ֆաբրիկա» ԲԲԸ-ն, որի սեփականատերը Ռուբեն Հայրապետյանն է։ Ֆուտբոլի ֆեդերացիայից ակադեմիաների կառուցմանը վերաբերող մանրամասն տեղեկատվություն հրաժարվել էին ներկայացնել։