Ապրիլի 10-ին ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել, որով մեղադրել է վերջին օրերի ցույցերի կազմակերպիչներին օրենքը խախտելու մեջ ու կոչ արել «ձեռնպահ մնալ հասարակական կարգը խախտող գործողություններ կատարելուց»: Մի կողմ թողնելով ցուցարարների գործողությունների իրավաչափության գնահատումը (հաշվի առնելով դրանց մասսամբ ինքնաբուխ լինելը)՝ արձանագրենք, որ այդ հավաքների ժամանակ հենց ոստիկանությունն է խախտում օրենսդրության պահանջները:
Ոստիկանություն չկա՞ր
Այսպիսով, 2018 թվականի մարտի 24-ին, ապրիլի 9-ին և 11-ին «Մերժիր Սերժին» նախաձեռնությունը Երևանի կենտրոնում իրականացրել էր հարյուրավոր մասնակիցներով հավաքներ և երթեր, որոնք չեն ուղեկցվել ոստիկանության համազգեստով ծառայողների կողմից:
«Հավաքների մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի համաձայն՝ ոստիկանությունը պարտավոր է ապահովել իր ներկայացուցչի ներկայությունը հավաքին: Իսկ «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածն ամրագրում է, որ «Ոստիկանությունը պարտավոր է ապահովել հասարակական կարգի պահպանությունը փողոցներում, հրապարակներում… Հասարակական կարգի պահպանությունն ապահովելիս ոստիկանության ծառայողները պարտավոր են կրել սահմանված ձևի համազգեստ, որի վրա տեսանելի մասում փակցվում են ոստիկանության ծառայողին անձնապես նույնականացնելու հնարավորություն տվող տարբերանշաններ»:
Այնինչ մարտի 24-ին, ապրիլի 9-ին ու 11-ին տեղի ունեցած հանրահավաքներին և երթերին համազգեստով գեթ մեկ ոստիկան չկար: Ներկա էին բացառապես քաղաքացիական հագուստով ոստիկանության քրեական հետախուզության աշխատակիցներ (օպերլիազորներ), ովքեր որևէ կերպ չէին միջամտում:
Տեսանկարահանել են խախտմամբ
Քաղաքացիական հագուստով ոստիկաններից շատերը, սակայն, հավաքի ժամանակ խախտում էին նաև այլ իրավակարգավորում: Մասնավորապես, վերջերս ընդունված «Ոստիկանության մասին» օրենքի փոփոխություններով (դրա 22-րդ հոդվածով) ամրագրվել է, որ «Հանցագործությունները կանխելիս կամ բացահայտելիս, հասարակական կարգի պահպանությունն ապահովելիս ոստիկանության ծառայողները կարող են օգտագործել շարժական տեսաձայնագրող կամ լուսանկարահանող տեխնիկական միջոցներ… Տեսաձայնագրող կամ լուսանկարահանող տեխնիկական միջոցն ամրացվում է ոստիկանության ծառայողի համազգեստին կամ գտնվում է ոստիկանության ծառայողի ձեռքում կամ ոստիկանության ծառայողական տրանսպորտային միջոցում: … Սույն մասով նախատեսված տեսաձայնագրող կամ լուսանկարահանող տեխնիկական միջոցներով ոչ գաղտնի վերահսկողության մասին ոստիկանության ծառայողը պարտավոր է բանավոր նախազգուշացնել: Տեսաձայնագրումը, տեսանկարահանումը և լուսանկարահանումն իրականացվում են միայն ծառայողական (ոչ անձնական) տեխնիկական միջոցներով»:
Այնինչ լրագրողների (այդ թվում՝ մեր) տեսախցիկները ֆիքսել են ոստիկանության ծառայողների, ովքեր իրենց անձնական բջջային հեռախոսներով նկարահանում էին ցույցն ու դրա մասնակիցներին՝ առանց այդ մասին նախազգուշացնելու:
Այդ կերպ ոստիկանները խախտում էին ոչ միայն «Ոստիկանության մասին» օրենքի 22-րդ հոդվածը, այլև «Անձնական տվյալների մասին» օրենքը, քանի որ այդ նկարահանումներով ցույցի մասնակիցների մասին անձնական տվյալներ էին հավաքագրվում: