Պետական գնումները մշտապես եղել են կոռուպցիոն գործարքների քողարկման հիմնական ձևերից մեկը՝ հատկապես, եթե խոսքը գնում է մեկ անձից կատարվող գնումների մասին։
Ուսումնասիրելով պետական գնումները՝ «Փաստերի ստուգման հարթակը» պարզել է, որ Տավուշի մարզպետարանը սկսել է ակտիվորեն մեկ անձից գնումների պայմանագրեր կնքել ոստիկանության պետ Վահե Ղազարյանի աներոջը պատկանող ընկերության հետ։
Խոսքը «Միքնար» ՍՊԸ-ի մասին է։ Ընկերությունը հիմնադրվել է 2013 թվականին Փառանձեմ Նազինյանի կողմից և զբաղվում է շինարարական աշխատանքների և վերանորոգումների տեխնիկական վերահսկողության ծառայություններ մատուցելով։
Նազինյանի ամուսինն Իջևանի ավագանու անդամ Խաչատուր Համզյանն է, որը նախորդ տարվա մայիսին ձեռք է բերել «Իջնախ» ՍՊԸ-ի 100 տոկոս բաժնեմասը։ Այս ընկերությունը ևս մատուցում է հեղինակային հսկողության և շինարարական աշխատանքների վերահսկողության ծառայություններ։ Պետական գնումների գործընթացներին մասնակցում է 2016 թվականից։ Սակայն 2017-ից սկսած՝ ընկերությանը պատվիրակվում են ծառայություններ՝ առանց մրցույթների անցկացման։ Հիմնական պատվիրատուներն են Տավուշի մարզպետարանն ու Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը։
Համզյանի հայրը՝ Միշա Համզյանը, ևս ունի սեփական ընկերություն՝ «Խաչմիշշին» ՍՊԸ-ն, որը ևս ակտիվ ներգրավված է պետական գնումների գործընթացներում, սակայն ի տարբերություն «Իջնախ» ՍՊԸ-ի՝ վերջինս գնումների գործընթացում հաղթում է մրցույթային ընթացակարգերով։ Բացառություն է կազմում միայն մեկ դեպք, երբ նախորդ տարի Տավուշի մարզպետարանն առանց մրցույթի 32 մլն դրամ էր տրամադրել ընկերությանը՝ Այգեպարի միջնակարգ դպրոցի վերանորոգման աշխատանքներն իրականացնելու համար։
Վերադառնանք «Միքնար» ՍՊԸ-ին։ Ինչպես նշեցինք, ընկերությունը գրանցված էր Փառանձեմ Նազինյանի անունով և զբաղվում է տարատեսակ շինարարական աշխատանքների և վերանորոգումների տեխնիկական վերահսկողության ծառայություններ մատուցելով։ Նազինյանի և նրա ամուսնու հետ նույն հասցեում է բնակվում նաև ոստիկանության պետ Վահե Ղազարյանի կնոջ՝ Լուսինե Մելիքսեթյանի հորաքույրը՝ Գյուլնարա Մելիքսեթյանը, որը Խաչատուր Համզյանի մայրն է և Փառանձեմ Նազինյանի սկեսուրը։
Մինչ օրս Նազինյանի ընկերությունը տարբեր պետական գերատեսչությունների հետ կնքել է ծառայությունների մատուցման 36 պայմանագիր, որոնցից 13-ը կնքվել են Տավուշի մարզպետարանի հետ, 10-ը՝ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի, 3-ը՝ Դիլիջանի համայնքապետարանի հետ։
Տավուշի մարզպետարանի հետ կնքված 13 պայմանագրերից 8-ը եղել են մեկ անձից իրականացված գնումների մասին։
2020-ի հունիսի 8-ին Վահե Ղազարյանը նշանակվեց ոստիկանության պետի պաշտոնում։
Հետաքրքիր զուգադիպությամբ՝ Տավուշի մարզպետարանը «Միքնար» ՍՊԸ-ի հետ մեկ անձից գնումների պայմանագրեր սկսեց կնքել այս նշանակումից ընդամենը 2 ամիս անց։
Մինչ այդ ընկերությունը Տավուշի մարզպետարանի կողմից հայտարարված պետական գնումների գործընթացների մասնակցել էր միայն 2017 թվականին և շահել դրանք մրցութային ընթացակարգերով։
Ուշագրավ է նաև, որ Վահե Ղազարյանի նշանակումից մի քանի օր անց՝ հունիսի 29-ին, «Միքնար» ՍՊԸ-ի 100 տոկոս բաժնեմասը Փառանձեմ Նազինյանը վաճառում կամ փոխանցում է քեռուն՝ Ջիվան Մելիքսեթյանին։ Վերջինս Վահե Ղազարյանի կնոջ հայրն է։
Համեմատության համար նշենք, որ 2017 թվականին այս ընկերությունը Տավուշի մարզպետարանի կողմից հայտարարված մրցույթներում հաղթող էր ճանաչվել 5 անգամ՝ ընդհանուր 1․1 մլն դրամ պայմանագրային արժեքով, իսկ արդեն Վահե Ղազարյանի՝ ոստիկանության պետ նշանակվելուց հետո մարզպետարանն այս ընկերությունից առանց մրցույթ հայտարարելու պատվիրել է թվով 8 ծառայություն, որոնց ընդհանուր գումարը կազմում է մոտ 9․2 մլն դրամ։
Թե որքանո՞վ է սա կապված Վահե Ղազարյանի՝ ոստիկանության պետ նշանակվելու հետ՝ դժվար է ասել, սակայն փաստացի՝ դրանից հետո վերջինիս հետ փոխկապակցված ընկերությունը դարձել է Տավուշի մարզպետարանի «սիրելիներից» մեկը։
Սևադա Ղազարյան