Հոկտեմբերի 28-ին Ազգային ժողովում Հայաստանի 2020 թվականի պետական բյուջեի նախագծի հանրային քննարկումների մեկնարկին վարչապետ Փաշինյանը հայտարարեց․ «2020 թվականին պլանավորված են 1 տրիլիոն 602 մլրդ եկամուտներ, և ուզում եմ արձանագրել, որ 2018 թվականի բյուջետային եկամուտների համեմատ ունենք 27,4 տոկոս աճ: Ծախսերի աճը կազմել է 29,9 տոկոս, այսինքն՝ 30 տոկոսանոց աճ ունենք բյուջեում»
«Փաստերի ստուգման հարթակը» ստուգել է Փաշինյանի հայտարարությունների ճշմարտացիությունը։
Բյուջետային եկամուտների և ծախսերի մասին
Նիկոլ Փաշինյանը, ներկայացնելով 2020-ի բյուջեի նախագիծը, նշում է, որ պլանավորված է 1 տրիլիոն 602 մլրդ դրամ եկամուտ, ինչը 2018-ի ցուցանիշի համեմատ ավելի է 27,4 տոկոսով։ Փաշինյանի ներկայացրած թվերը փաստացի ճիշտ են, սակայն վերաբերում են ոչ թե բյուջետային եկամուտներին, այլ հարկային մուտքերին։ Վարչապետը, ըստ երևույթին, շփոթել է երկու ցուցանիշները։
Պետական բյուջեի եկամուտները ձևավորվում են հարկերից և տուրքերից, պաշտոնական դրամաշնորհներից և այլ աղբյուրներից։ Հարկային եկամուտներն այս ցանկում գերակշիռ մաս են կազմում, սակայն ամբողջը չեն։
Նշենք, որ Փաշինյանը 2020-ի պլանավորված եկամուտները համեմատել է 2018-ի բյուջեի կատարողականի հետ։
Ըստ նախագծի՝ 2020-ին բյուջետային եկամուտները կկազմեն 1 տրիլիոն 697 միլիարդ դրամ, ինչը 2018-ի ցուցանիշից (1 տրիլիոն 465 մլրդ դրամ) ավել է մոտ 16 տոկոսով։
Որոշ գերատեսչություններին հատկացված գումարների մասին
Փաշինյանն իր ելույթում նշեց նաև, որ զգալի ավելացել են մի քանի ոլորտներում բյուջետային հատկացումները։ Այսպես, ըստ վարչապետի՝ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) ոլորտում հատկացումներն աճել են 41 տոկոսով։ Սակայն վարչապետն այստեղ մանիպուլյացիա է իրականացնում։
Այսպես, 2020 թ․ բյուջեի նախագծով այս ոլորտներին նախատեսվում է հատկացնել ընդհանուր առմամբ 179,4 մլրդ դրամ։ Վարչապետը, ներկայացնելով այս ցուցանիշը, համեմատում է այն 2018-ի բյուջեով միայն կրթության ոլորտին ուղղված ծախսերի հետ։ Սակայն ինչպես գիտենք, 2019 թ. ապրիլին կրթության և գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության նախարարությունները միավորվեցին մեկ գերատեսչության մեջ։ Եվ եթե 2018-ի բյուջեով այս ոլորտներին հատկացումներն իրականացվել էին առանձին տողերով, ապա 2020-ի բյուջեի նախագծով՝ հատկացումը լինելու է մեկ տողով՝ ընդգրկելով երեք ոլորտները։
Եվ վարչապետն աճը ներկայացնելիս համեմատականները տանում է 2018 թվականին միայն կրթությանը հատկացված միջոցների հետ, ինչը փաստացի սխալ է։
Այսպես, ԿԳՄՍ ոլորտներում հատկացումների իրական աճը ներկայացնելու համար պետք է գումարել նշված երեք ոլորտների համար 2018-ին հատկացված գումարները, որը կազմում է 146,9 մլրդ դրամ։ Այսինքն՝ 2020-ին այս ոլորտներին ուղղվող միջոցները՝ 179,4 մլրդ դրամ, աճել են ոչ թե 41 տոկոսով, ինչպես նշել է վարչապետը, այլ 22 տոկոսով կամ 325 միլիոն դրամով։
Առողջապահության ոլորտ
Անհամապատասխանություն կա նաև առողջապահության ոլորտին հատկացված գումարների մասին վարչապետի դիտարկման մեջ։ Նա նշել է, որ 2018-ի համեմատ հատկացումներն աճել են 33 տոկոսով։ 2018-ին նախատեսվում էր հատկացնել 84 միլիարդ դրամ, իսկ փաստացի հատկացվել է մոտ 80 միլիարդ դրամ։ 2020-ի բյուջեով նախատեսվում է հատկացնել 109 մլրդ դրամ։ 2020-ին նախատեսված գումարը, 2018-ին նախատեսվածի համեմատ, աճել է 29,7 տոկոսով։ 2018-ին փաստացի հատկացված գումարի հետ համեմատելու դեպքում էլ աճը կազմում է 36 տոկոս։
Նշենք նաև, որ վարչապետ Փաշինյանը ներկայացնում է մի շարք տնտեսական ցուցանիշներ՝ 2019-ի 10 ամիսների դրությամբ, սակայն նրա այս պնդումները ստուգել հնարավոր չէ, քանի որ 10-րդ ամիսը (հոկտեմբեր) դեռ չի ավարտվել։
Այսպիսով, 2020 թ. բյուջեի քննարկման ընթացքում վարչապետի հայտարարությունների մի մասը մանիպուլյատիվ էր, իսկ տվյալների մի մասն էլ թեև ճիշտ էր, սակայն ներկայացված էր սխալ համատեքստում:
Անի Ավետիսյան