Օգոստոսի 6-ին «Քարահունջ հայագիտական կենտրոն» հասարակական կազմակերպության ֆեյսբուքյան էջում գրառում հրապարակվեց, որտեղ ասվում էր, թե Պարիս Հերունու ռադիո-օպտիկական դիտակը (ՌՕԴ) և հարակից տարածքը երկարաժամկետ վարձակալության է տրվել ինչ-որ մասնավոր ընկերության, որը մտադիր է այնտեղ երաժշտական փառատոն անցկացնել։
Սոցիալական ցանցում և լրատվամիջոցներում մեծ արձագանք ստացած գրառման մեջ նշվում էր նաև, որ Հերունու աստղադիտակի վերազինումն ու վերագործարկումը «շարունակաբար խոչընդոտվում է» «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ-ի կողմից, որի ենթակայության տակ է գտնվում դիտակը։
«ՓԲԸ-ն, որը պատկանում է ՀՀ Էկոնոմիկայի նախարարությանը, չնայած որ սարքի պահպանման համար պետությունից տարեկան ստանում է 45 մլն դրամ, ոչ միայն այդ միջոցները չի ծախսում սարքի պահպանության նպատակով (գործիքը այնուամենայնիվ չի հսկվում և թալանվում է), այլև աստղադիտակը վարձով տրամադրում է որպես երաժշտական խմբերի հարթակ, տեսահոլովակների նկարահանման և անվաչմուշկներով սահելու տարածք», — ասվում է հրապարկման մեջ։
Նշվում է նաև, որ այդ գործողությունների պատճառով գործիքը ֆիզիկական վնասներ է կրել, ինչի արդյունքում է՛լ ավելի են խաթարվել անտենայի ճշգրիտ աշխատանքի պայմանները:
«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է այս պնդումները, ինչպես նաև ամփոփել է աստղադիտակի մասին մի շարք ուշագրավ տեղեկություններ։
Ոչ թե երկարաժամկետ վարձակալություն, այլ թույլտվություն՝ միջոցառում անցկացնելու համար
FIP.am-ի հետ զրույցում «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ-ի (ՍՉԱՄ) տնօրենի տեղակալ Արմեն Ոսկանյանը հաստատեց, որ աստղադիտակի տարածքում սեպտեմբերի 10-12-ն անցկացվելու է երաժշտական փառատոն:
Խոսքը էլեկտրոնային երաժշտության Sensor միջազգային փառատոնի մասին է, որին մասնակցելու է ավելի քան 50 երաժիշտ աշխարհի տարբեր երկրներից։ Միջոցառումը կազմակերպել է «Արմատ Քոմմյունիթի ժամանակակից արվեստ» ՀԿ-ն։
Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմնի փոխտնօրենի փոխանցմամբ, սակայն, կազմակերպության հետ կնքվել է ոչ թե վարձակալության՝ այն էլ մի քանի տարով, այլ թույլտվության պայմանագիր՝ սեպտեմբերի 5-15 ընկած ժամանակահատվածում միջոցառում անցկացնելու համար։ ՍՉԱՄ-ից շեշտում են, որ ընկերությունը միջոցառման անցկացման թույլտվության դիմաց գումար չի ստացել։
Պայմանագրում սահմանվում են այն ենթակառուցվածքները, որտեղ մասնակիցների ու կազմակերպիչների մուտքը կամ դրանց շահագործումն արգելվում է։
«Արգելվում է փառատոնի մասնակիցներին և Կողմ 2-ի («Արմատ Քոմմյունիթի ժամանակակից արվեստ» ՀԿ) աշխատակիցներին մտնել կամ օգտագործել այն տարածքները, որոնք չեն ներառված միջոցառման անցկացման համար դիտարկված հատակագծի մեջ, մասնավորապես՝ ՌՕԴ-ի, դրան հարող հարավային թունելի հատված, ինչպես նաև ազգային չափանմուշների համար նախատեսված շինություններ»,— ասվում է պայմանագրում։
Պայմանագրում հստակեցվում է նաև, որ եթե ՓԲԸ-ի կողմից դիտարկվի նշված կետի խախտում, փառատոնի անցկացումն աստղադիտակի տարածքում կարգելվի։ Ոսկանյանը նշել է նաև, որ առաջին դեպքն է, երբ տարածքում այսպիսի մասշտաբային միջոցառում անցկացնելու թույլտվություն է տրվում։
ՓԲԸ-ի փոխտնօրեն Արմեն Ոսկանյանի խոսքով, միջոցառման կազմակերպիչները աստղադիտակի հարակից որոշ տարածքներ բարեկարգելու են։
«Թիվ 1» լրատվամիջոցին տված հարցազրույցում կազմակերպիչ ՀԿ հիմնադիր-նախագահ Լևոն Հունանյանը մանրամասնում է, որ բարեկարգվելու են դիտակի հեռակառավարման շենքը, դրա տանիքը, կարգի է բերվել ու մաքրվել է գործարանային հատվածը։
Հատկանշական է, որ նախկինում տարբեր տարիներին ժամանցային բնույթ ունեցող նկարահանումների համար աստղադիտակի տարածք մուտքի թույլտվություն տրվել է։ Եղել է անգամ դեպք, երբ տեսահոլովակ է նկարահանվել դիտակի թասի մեջ։
Անդրադառնալով նախկինում արձանագրված դեպքերին՝ Ոսկանյանը նշել է, որ գործող տնօրինությունն այժմ արգելել է նման նկարահանումները, և տրվող ամեն թույլտվության մեջ արգելվում է մուտքը ՌՕԴ-ի թասի ներսի հատված։
«Հատկապես վերջին 3 տարում ՓԲ ընկերության այժմյան ղեկավարության օրոք գործում է գիտական կենտրոնի տարածքի մուտքի թույլտվության հստակ ընթացակարգ․ հստակեցվում է այցելուների ցուցակը, օրը, ժամը, ապա՝ նրանք անձը հաստատող փաստաթղթերով են մուտք գործում կենտրոնի տարածք՝ պահակային ծառայության աշխատակիցների ուղեկցությամբ»,- ասում է ՓԲԸ փոխտնօրենը։
Դիտակի ներսում փառատոնի կազմակերպիչները, այնուամենայնիվ, նկարահանումներ իրականացրել են․ պրոմոհոլովակում երևում է թասի ներսում պարող մի կին։
Ըստ Ոսկանյանի, այդ նկարահանումներն ինքնագործունեության հետևանք են, «ամենայն հավանականությամբ տեղի են ունեցել պայմանագրի կնքումից առաջ», իսկ «փառատոնի կազմակերպիչները նախազգուշացվել են»։
Ոսկանյանը չի բացառում, որ դիտակի տարածք նախկինում մուտք են գործել կամ նկարահանումներ են իրականացվել առանց ՍՉԱՄ-ի թույլտվության կամ իմացության, քանի որ, նրա խոսքով, «մոտ 90 հա տարածքն ընդամենը երեք պահակ է հսկում»։
Անդրադառնալով պնդմանը, թե դիտակի պահպանության համար տարեկան 45 մլն դրամ է հատկացվում պետբյուջեից, Ոսկանյանը նշեց, որ այդ գումարը ՓԲԸ-ն ստանում է ոչ թե դիտակի, այլ չափանմուշների սպասարկման, գիտական աշխատողներին աշխատավարձ տալու նպատակով: Նա շեշտում է, որ դիտակի սպասարկման համար ՓԲԸ-ն պետությունից գումար չի ստանում։
Ինչու է ՌՕԴ-ը գիտության փոխարեն ծառայում գիտական տուրիզմին
Հերունու աստղադիտակի շինաշխատանքներն ավարտվել են 1987 թվականին: Ինչպես FIP.am-ին հայտնում են ընկերությունից, այն նախկինում երբեք չի գործել՝ դիտակի՝ կոնստրուկտիվ կոպիտ սխալներով կառուցված լինելու պատճառով։
«Աստղադիտակով կատարվել են ընդամենը մի քանի փորձնական չափումներ, որոնք էլ ի հայտ են բերել դիտակի թերությունները։ Ինչպես նաև ավարտին չեն հասցվել կարգաբերման աշխատանքները»,- հայտնում են ՓԲԸ-ից։
Գիտության պետական կոմիտեի 2015 թվականի ապրիլի 14-ի հրամանով ստեղծված աշխատանքային խումբը նույնպես եկել է այն եզրակացությանը, որ ռադիոդիտակն ի վիճակի չէ գործարկվել և գիտության ժամանակակից խնդիրներ լուծել։
ՓԲԸ-ից նշում են՝ եթե ռադիոդիտակը գործարկել հնարավոր լիներ, ապա դա կարվեր հենց ակադեմիկոս Հերունու կենդանության օրոք։
Այսպիսով, պնդումը, թե աստղադիտակը մի քանի տարով վարձակալության է տրվել մասնավոր ընկերության, չի համապատասխանում իրականությանը․ էլեկտրոնային երաժշտության փառատոնի կազմակերպիչ ՀԿ-ին տրվել է միայն միջոցառման անցկացման թույլտվություն։ ՓԲԸ-ի հետ կնքված պայմանագրով ստանձնած պարտավորություններով կազմակերպիչներն ու մասնակիցները մուտք չեն ունենալու բուն աստղադիտակի տարածք և չափանմուշների համար նախատեսված շինություններ։
*FIP.am-ի լրագրողը ծանոթացել է «Արմատ Քոմմյունիթի» ՀԿ-ի հետ ՍՉԱՄ-ի պայմանագրին, սակայն դրա պատճենը նյութում հրապարակելու թույլտվություն չի ստացել։ Այնուամենայնիվ, FIP.am-ը գրավոր հարցմամբ խնդրել է տրամադրել այն, որի ամբողջական տարբերակը ստանալու դեպքում այն կտեղադրվի հրապարակման մեջ։
Հ.Գ. Նյութի հրապարակումից ժամեր առաջ Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմինը պաշտոնական հաղորդագրությամբ անդրադարձել է իրավիճակին:
Նանե Մանասյան