Նոյեմբերի 30-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը «Առաջին ալիքին» տված հարցազրույցում պնդել է, որ երկրում «ստեղծվել են բազմաթիվ աշխատատեղեր»։
«2 տարվա մեջ, ես նայեցի թվերն այստեղ գալուց առաջ, մոտավորապես 74,000 նոր աշխատատեղ է ստեղծվել»,- մասնավորապես, ասել է Քերոբյանը։
«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրեց վերջին երկու տարում աշխատատեղերի տվյալներն ու պարզեց, որ էկոնոմիկայի նախարարը սխալվում է։
Այսպես, Հայաստանի վիճակագրական կոմիտեի՝ աշխատաշուկայի վերաբերյալ վերջին հրապարակման մեջ ամփոփված է ընթացիկ 2022 թվականի հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածը։
Ըստ այդ նախնական տվյալների՝ 2022 թվականի սեպտեմբերին Հայաստանում եղել է 699,319 գրանցված աշխատող։
FIP.am-ն այս ցուցանիշը համեմատել է 2020 թվականի նույն ժամանակահատվածի՝ սեպտեմբեր ամսվա տվյալների հետ ու պարզել, որ այդ ժամանակ Հայաստանում եղել է 648,673 գրանցված աշխատող։
Փաստացի, 2020 թվականի սեպտեմբերի համեմատ 2022 թվականի համապատասխան ժամանակահատվածում գրանցված աշխատողների թիվն ավելացել է 50,676-ով, այլ ոչ թե 74,000-ով, ինչպես պնդում է Քերոբյանը։
Հարկ է նշել նաև, որ գրանցված աշխատողների թվաքանակի նման աճը դեռևս չի նշանակում, որ Հայաստանում այս երկու տարում նշված թվով նոր աշխատատեղ է ստեղծվել, քանի որ այս տվյալների մի մասը ստվերից հարկային դաշտ բերված աշխատատեղերն են։ Այս հարցին բազմիցս անդրադարձել են պաշտոնյաներն ու փորձագետները․ մոտ մեկ ամիս առաջ խնդրի մասին հերթական անգամ խոսել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մենք կարող ենք արձանագրել, որ 2018 թվականից ի վեր Հայաստանում 108,000 նոր աշխատատեղ է ի հայտ եկել, ստեղծվել, ստվերից դուրս եկել։ Մենք, ցավոք, էլի եմ ասում՝ մեթոդաբանությունը չունենք հստակ զատորոշելու՝ որն ա նոր ստեղծվել, որն ա ստվերից դուրս եկել, և էդպես շարունակ»,- նշել է վարչապետը։
Այսպիսով, Քերոբյանի պնդումը, թե երկու տարվա ընթացում 74,000 նոր աշխատատեղ է ստեղծվել, սխալ է․ գրանցված աշխատողների թիվը 2022-ին 2020-ի համեմատ աճել է ոչ թե 74,000-ով, այլ մոտ 51,000-ով։ Էկոնոմիկայի նախարարի վերոհիշյալ պնդումը նաև խնդրահարույց է, քանի որ կառավարությունը չի պարզել, թե նշված աշխատատեղերից քանիսն է նոր ստեղծվել և քանիսը՝ ստվերից դուրս բերվել։
Վերջին 4 տարիների վիճակագրությունը
Թեև Քերոբյանի ներկայացրած տվյալները տարբերվում են Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներից, սակայն դրական դինամիկա, այնուամենայնիվ, կա։ Համեմատության համար կարող ենք վերցնել 2018-2022 թվականների գրանցված աշխատատեղերի թվաքանակը յուրաքանչյուր տարվա սեպտեմբերի դրությամբ։
Այսպես՝ 2018 թվականի նշված ժամանակահատվածում Հայաստանում եղել է 578,593 գրանցված աշխատատեղ, 2019-ին՝ 614,459, 2020-ին՝ 648,673, 2021-ին՝ 666,775, իսկ 2022-ին՝ 699,319 գրանցված աշխատատեղ։
Այսպիսով, 2018-ի համեմատությամբ 2022-ի սեպտեմբերին գրանցված աշխատողների թիվն ավելացել է 120,726-ով։
Նարեկ Մարտիրոսյան