Պաշտպանության նախկին փոխնախարար, Հանրապետական կուսակցության անդամ Արտակ Զաքարյանը հոկտեմբերի 28-ին «5-րդ ալիքի» «Հայլուր. հարցազրույցի» եթերում հայտարարել է, որ Զինված ուժերում սննդի բարելավումը նախկին իշխանությունների ծրագիրն է:
Զաքարյանը, մասնավորապես, պնդել է, որ բանակում սննդի մատակարարման նոր մշակույթը իրենք են մտցրել, և ներկայիս իշխանությունները պարզապես ընդլայնում են դա. «Մենք այդ նորամուծությունը դրել էինք Ռազմական ինստիտուտում և ուսումնական զորամասերում ու պատրաստվում էինք հետագայում ընդլայնել դա (…) Դա նրանց հետ կապ չունի: Գաղափարից սկսված՝ արվել է մեր ժամանակ: Արդյո՞ք պահպանվելու են նորմերը: Գեղեցիկ սպասքից բացի, գեղեցիկ կտրված սննդից և պատրաստված աղցաններից բացի, մենք պետք է հասկանանք՝ համապատասխան կալորիականությունը ստանո՞ւմ է այն մարդը, որը մեզ համար երկու տարի շարունակ ուղիղ ծառայում է մեր պետության անվտանգությանը»:
Հիշեցնենք, որ Պաշտպանության նախարարության մի շարք զորամասերում արդեն մի քանի ամիս սննդի մատակարարումն իրականացնում են մասնավոր ընկերություններ, ինչի հետևանքով փոխվել է տրամադրվող ուտեստների և՛ մատակարարման կարգը, և՛ որակը, և՛ տեսականին։
Զորամասերում սննդի մատակարարման այս տարբերակի հեղինակների հարցը, սակայն, մշտապես եղել է քննարկման առարկա: ՀՀԿ-ականները բազմիցս հայտարարել են, որ նախագծի իրական նախաձեռնողներն իրենք են եղել: ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Հայկ Մամիջանյանը ևս հոկտեմբերի 21-ին «5-րդ ալիքի» եթերում հայտարարել էր, որ բանակում սննդի և հագուստի բարեփոխումները սկսվել են նախորդ իշխանությունների օրոք:
«Փաստերի ստուգման հարթակը» որոշեց պարզել, թե երբ է նախաձեռնվել և իրականացվել սննդի բարելավման այս ծրագիրը և արդյո՞ք Արտակ Զաքարյանի հայտարարությունը, որ Զինված ուժերում սննդի բարելավման այս ծրագիրը պատկանում է նախկին իշխանություններին, համապատասխանում է իրականությանը։
Բանակում սննդի կազմակերպման նախկին խնդիրները
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը բանակում սննդի որակի ոչ բավարար լինելու մասին խոսել էր դեռևս անցյալ տարի: 2018 թվականի նոյեմբերին Արցախ կատարած այցի ժամանակ նա հայտարարել էր, որ սննդի գործող համակարգը չի գոհացնում ոչ ոքի:
«Շատ դեպքերում կենցաղային հարցերի լուծման գործում հրամանատարության ներգրավվածությունը նրանց անպատեհորեն շեղում է զուտ մարտական, զինվորական պատրաստակամության և պատրաստվածության խնդիրներից: Խնդիր ունենք, որ զինվորականությունը զբաղվի մաքուր զինվորական գործով, իսկ կենցաղային ապահովման հարցերում այդքան ժամանակ և էներգիա չծախսի»,- ասել էր վարչապետը:
Հետագա ամիսներին քննարկվեց, իսկ ապա հանրությանը ներկայացվեց Պաշտպանության նախարարության զորամասերում սննդի ապահովման հարցը մասնավոր ընկերությունների փոխանցելու փորձնական ծրագիրը:
Այն կառավարության հավանությանն արժանացավ 2019 թվականի փետրվարի 21-ին: Որոշման նախագիծը հիմնավորվում էր այն հանգամանքով, որ մինչև այդ պահը սննդի կազմակերպման գործող ձևաչափի պարագայում հաճախակի էին դարձել խնդիրները, որոնք պայմանավորված էին սննդի կազմակերպման գործընթացը բազմաթիվ օղակների բաժանված լինելու հանգամանքով. «Մասնավորապես՝ նախարարությունը կազմակերպում է սննդամթերքի առանձին տեսակների գնման գործընթացներ, որոնց մի մասը չի կայանում, կնքված պայմանագրերը հաճախ միակողմանի լուծվում են պայմանագրային պարտավորությունները չկատարելու հիմքով և այլն: Արդյունքում խաթարվում է այս կամ այն սննդամթերքի մատակարարման գործընթացը, և սննդի պատրաստման ժամանակ ստիպված այդ սննդամթերքը փոխարինվում է այլ սննդամթերքով, ինչը, սակայն, երբեմն արժանանում է ոչ դրական արձագանքի…»,- ասված էր որոշման նախագծում:
Նշվում էր, որ փորձնական ծրագրի շրջանակում մասնավոր ընկերությունների հետ կնքվելու էր 3 տարվա պայմանագիր:
Նիկոլ Փաշինյանը 2019 թվականի սեպտեմբերի 2-ին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել էր, որ ժամկետային զինծառայողների սննդի կազմակերպումը նոր համակարգով իրականացնող զորամասերի թիվը հասել է 15-ի:
Հավելենք, որ փորձնական ծրագիրը իրականացվում է Պաշտպանության նախարարության և Արցախի Պաշտպանության բանակի զորամասերում: ՊՆ զորամասերում սննդի մատակարարումը ներկայում իրականացնում է 6 ընկերություն:
Ինչպե՞ս է ներդրվել սննդի կազմակերպման նոր համակարգը
Պաշտպանության նախարարությունից, Fip.am-ի հարցմանն ի պատասխան, հայտնեցին, որ սննդի մատակարարման բարելավման ծրագիրը սկսվել է քննարկվել 2018 թվականի օգոստոսից և գործողության է դրվել 2019 թվականին՝ գնումների մասին օրենսդրության պահանջների համաձայն՝ մասնավոր կազմակերպությունների կողմից մատուցման միջոցով։
Անդրադառնալով Արտակ Զաքարյանի հայտարարությանը, որ նորամուծությունը դրվել է դեռևս Ռազմական ինստիտուտում, պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Fip.am-ի հետ զրույցում հայտնեց, որ հստակ թիվ չի կարող ասել, թե երբ է ուսումնական հաստատությունում ներդրվել սննդի մատակարարման նոր ձևը, սակայն ընդգծեց, որ դա եղել է Սեյրան Օհանյանի՝ ՊՆ ղեկավար լինելու տարիներին:
Նշենք, որ Սերյան Օհանյանը պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրել է 2008-2016 թվականներին։ 2016 թ. հոկտեմբերին նրան փոխարինեց ՀՀԿ-ական Վիգեն Սարգսյանը։ Արտակ Զաքարյանը պաշտպանության նախարարի տեղակալ է նշանակվել 2017 թվականի ապրիլին՝ Վիգեն Սարգսյանի նախարար լինելու օրոք:
Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ զորամասերում սննդի մատակարարումը մասնավոր սեկտորին հանձնելու գաղափարը եղել է դեռևս 2010-ականների սկզբին։ «Գաղափարի տեսքով այս միտքը Սեյրան Օհանյանի և Դավիթ Տոնոյանի նախաձեռնությամբ եղել է: Թե՛ Սեյրան Օհանյանը, թե՛ Վիգեն Սարգսյանը շատ լավ հասկանում էին, որ ավելի առաջադեմ լուծում է կոնկրետ աութսորսը, բայց մասսայաբար այն չէր ներդրվում զորքերում ինչ-ինչ պատճառներով: Ամեն դեպքում՝ մասսայաբար այս ծրագիրը քննարկվել է 2018 թվականին և իրագործվել է 2019-ին: Հիմա եթե դրանից առաջ ով, ինչ միտք ուներ, փառք իրենց. լավ մտքեր շատերն են ունեցել»,- ասաց Հովհաննիսյանը:
Նա ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանը «զորքեր» չէ. «Այն ուսումնական հաստատություն է, որի սննդի կազմակերպման տեխնոլոգիան ուրիշ է։ Ամեն դեպքում՝ զորամասն ու ուսումնական հաստատությունը որոշակի տարբերություն ունեն»:
Սա նշանակում է, որ բանակում սննդի մատակարարման կարգի փոփոխության փաստացի նախաձեռնողները և կատարողները հետհեղափոխական իշխանություններն են:
Ինչ վերաբերում է Զաքարյանի նշած այն հարցին, թե արդյո՞ք պահպանվում են սննդի նորմերը, ապա, ըստ ՊՆ-ի ներկայացրած տվյալների, անձնակազմի սննդի մատուցումն իրականացվում է ոլորտը կանոնակարգող՝ կառավարության 03.12.2015 1456-Ն որոշմամբ հաստատված հիմնական ապահովման և լրացուցիչ չափաքանակների շրջանակներից ոչ պակաս, ինչպես նաև օգտվելով սննդամթերքի փոխարինման չափաքանակներից: Նշենք, որ կառավարության նշված որոշմամբ սահմանվում են զինծառայողներին պարենային ապահովության կարգը, հասանելիք մթերքի քանակը, տեսակը, կալորիականությունը և այլն։
Ըստ հարցման պատասխանի՝ մատակարարման ընթացքում մասնավոր ընկերությունները պարտավորված են պահպանել հետևյալ ստանդարտները.
«Մշտապես պետք է պահպանվի օրական անձնակազմին մատուցվող ճաշատեսակների, աղցանների և խավարտների բազմազանությունը, որոնք պետք է լինեն`
Նախաճաշին`
-երկու տեսակից ոչ պակաս խավարտ
-կաթնամթերք (կաթնաշոռ, թթվասեր, մածուն և այլն)`շաբաթը 4 օր
Ճաշին`
-երկու տեսակից ոչ պակաս ապուր
-երկու տեսակից ոչ պակաս խավարտ
-երկու տեսակից ոչ պակաս աղցան
-երկու տեսակից ոչ պակաս մսեղիք
Ընթրիքին`
-երկու տեսակից ոչ պակաս խավարտ
-մեկ տեսակից ոչ պակաս ձուկ, բացառությամբ սկումբրիա, սարդինելա, կարաս հաստաճակատ տեսակներից
-ծառայություն մատուցողը պայմանագրի գործողության ժամկետում ըստ սեզոնայնության յուրաքանչյուր օր լրացուցիչ պետք է հատկացնի միրգ` յուրաքանչյուր օր մեկ զինծառայողի հաշվարկով առնվազն 150 գրամ, ինչպես նաև թարմ կամ չորացրած մրգերից պատրաստված կոմպոտ առնվազն 200 գրամ,
-խմելու ջուր`առանց սահմանափակման (համապատասխան տարաներով)»:
Այսպիսով, հաշվի առնելով, որ ՊՆ զորամասերում սննդի մատակարարման բարելավման վերջին ծրագիրը քննարկվել և իրականացվել է հետհեղափոխական կառավարության օրոք, պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանի պնդումը, որ այն նախաձեռնվել է նախկին իշխանությունների կողմից, սխալ է:
Լուսինե Ոսկանյան