Հայաստանի հանրապետական կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը նոյեմբերի 20-ին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Միլանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որում վերջինս նշել էր ՀՀ նախագահներ Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի կողմից Արցախի 7 շրջաններն ու Մեղրին հանձնելու պատրաստակամության մասին։
Շարմազանովը, մասնավորապես, գրել է. «Ալիևին «կիրթ և նորմալ» որակող Նիկոլը, ով մատը մատին չի տվել համազգային կարևորագույն որևէ օրակարգում, բացի քանդելուց, հասել է այնտեղ, որ Արցախի հերոսներ Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին հայտարարում է «Մեղրին հանձնողներ»։ Այ պոպուլիստ, Քոչարյանն ու Սարգսյանը Արցախ են ազատագրել, ու այդ 7 շրջանները, որոնց մասին դու տվայտվում ես, նաև իրենց առաջնորդությամբ է ազատագրվել»:
Հիշեցնենք, որ Միլանում հայ համայնքի հետ հանդիպման ընթացքում ներկաներից մեկը, որը ներկայացել էր որպես գիտնական, դիմելով Փաշինյանին, հայտարարել էր, որ մտահոգված է Հայաստանի կառավարության քաղաքականությամբ, ըստ նրա՝ Հայաստանում ատելության քարոզ է, իսկ Արցախի հարցում ռազմավարություն գոյություն չունի:
«Ասում են, որ Արցախի հարցում մենք չունենք ռազմավարություն։ Իսկ ո՞րն է Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի ռազմավարությունը։ Մեղրին տա՞լն էր ռազմավարությունը, թե էն, որ, այսպես ասած, ինչպես իրենք էին բանակցում, Ադրբեջանի յոթ շրջանները վերադարձնեին խաղաղության դիմաց…»,- հակադարձել էր Փաշինյանը՝ հավելելով, որ հիմա իրենց են մեղադրում հող վերադարձնելու մեջ։
Էդուարդ Շարմազանովը, անդրադառնալով Փաշինյանի այս հայտարարությանը, նշում է. «Հիշիր, Քոչարյանը, սպարապետ Վազգենն ու Սերժ Սարգսյանը մերժեցին և դեն նետեցին քո քաղաքական կնքահոր պարտվողական թեզն Արցախի հարցում: Հերիք է ստես: Ամեն ինչի պատասխանը տրվելու է: Նա, ով Արցախի հերոսներին կվարկաբեկի, ունի մեկ հանգրվան՝ պատմության աղբանոցը»։
«Փաստերի ստուգման հարթակը» որոշեց հասկանալ, թե արդյո՞ք Փաշինյանն իսկապես ստում և «վարկաբեկում է» ՀՀ նախկին նախագահներին, և ինչ մոտեցում ու հայտարարություններ են արել Սարգսյանն ու Քոչարյանը՝ հակամարտության կարգավորման վերաբերյալ։
ՀՀ նախագահների հայտարարությունները. տարածքներ՝ կարգավիճակի դիմաց
Սերժ Սարգսյան
Նախագահի պաշտոնական president.am կայքում հրապարակված է երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցը Սիրիական «Ալ Վաթան» թերթին։ 2010-ին տված այս հարցազրույցում Սերժ Սարգսյանը, անդրադառնալով ԼՂ հարցում Հայաստանի համար ընդունելի զիջումների մասին հարցին, նշում է «…երբ Ղարաբաղի ժողովուրդը ստանա իր ինքնորոշման իրավունքն իրագործելու իրական հնարավորություն և ստեղծվեն անվտանգության և զարգացման գործնական մեխանիզմներ, հայկական կողմի փոխզիջում կարող է դիտվել Ղարաբաղի շուրջ գտնվող այդ շրջանների վերադարձն Ադրբեջանին, իհարկե, պահպանելով Լեռնային Ղարաբաղն ու Հայաստանը կապող միջանցքը»։ Փաստացի, Սարգսյանը դեռ 2010-ին հայտարարել է, որ որպես «փոխզիջում»՝ պատրաստ է հողերը հանձնել։
Կարգավիճակի դիմաց տարածքները զիջելու մասին Սերժ Սարգսյանի ամենաթարմ հայտարարությունը երեք տարվա վաղեմություն ունի: 2016 թվականի նոյեմբերի 17-ին «Սպուտնիկ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Սերժ Սարգսյանն ասել էր. «Մենք հանդիպեցինք Մայենդորֆում և ստորագրեցինք փաստաթուղթ, որի համաձայն` Լեռնային Ղարաբաղի խնդիրը պետք է լուծվի միայն քաղաքական ճանապարհով։ Հետո բանակցային գործընթացը շարունակվեց, և մենք մի քանի անգամ մոտ էինք այն փաստաթուղթը ստորագրելուն, որտեղ բոլոր այդ սկզբունքները հստակ արտացոլված էին։ Այսինքն` հայկական կողմերը` Լեռնային Ղարաբաղն ու Հայաստանը, թողնում են այն տարածքները, որոնք վերցված են որպես անվտանգության գոտի, այն տարածքները, որոնք ադրբեջանցիներն անվանում են բռնազավթված։ Թողնում ենք տարածքները, հեռանում»,- հայտարարել էր Սարգսյանը։
Լրագրողի հարցին, թե հայկական կողմը պատրա՞ստ է վերադառնալու այդ փաստաթղթին և այն գործող համարել, նա պատասխանել էր. «Մենք պատրաստ ենք այդ երեք սկզբունքների հիման վրա գնալ խնդրի կարգավորմանը, բայց միայն՝ այդ երեք սկզբունքների հիման վրա»:
Ռոբերտ Քոչարյան
«Մեղրիի տարբերակի» մասին
Մեղրիի շրջանը Լաչինով փոխանակելու վերաբերյալ Ռոբերտ Քոչարյանի և Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիևի քննարկումների մասին հայտարարել են շատերը: Նրանց թվում են Վազգեն Սարգսյանի եղբայր, նախկին վարչապետ Արամ Սարգսյանը, պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը, Կարեն Դեմիրճյանի կինը՝ Ռիմա Դեմիրճյանը, և այլք: Մեղրիի շրջանը փոխանակելու մասին քննարկումների գոյությունը հերքում են Քոչարյանն ու աջակիցները. ըստ Քոչարյանի՝ ինքը Հեյդար Ալիևի հետ քննարկել է Մեղրիով Ադրբեջանին ճանապարհ տրամադրելու հարցը:
2018-ին հրատարակված «Կյանք և ազատություն» գրքում Ռոբերտ Քոչարյանը գրում է, որ պայմանագիրը նախատեսվում էր կնքել 2001-ին Քի-Վեսթում, սակայն վերջին պահին Ադրբեջանը հրաժարվել է այն ստորագրելուց: Պայմանագրով Ադրբեջանին վերադարձվում էին նաև ազատագրված տարածքները:
Նույն գրքի մեկ այլ հատվածում (էջ. 380-381) Քոչարյանը, այնուամենայնիվ, ընդունում է, որ Մեղրիի շրջանը Լաչինով փոխանակելու քննարկումներ եղել են։ Նա գրում է, որ 1999-ին Հեյդար Ալիևն իրեն առաջարկել է Ղարաբաղը հայկական ճանաչել՝ Հայաստանի հետ կապող միջանցքով հանդերձ։ «Բայց դրա փոխարեն, պատերազմի ժամանակ մեր (հայկական-խմբ.) կողմից Ղարաբաղի շուրջ զբաղեցրած շրջանների վերադարձի հետ մեկտեղ, առաջարկում էր տարածքների փոխանակում։ Խոսքը Հայաստանի Մեղրու շրջանի մասին էր, որը Ադրբեջանը բաժանում է Նախիջևանից։ Այդպիսի փոխանակումը մենք բացարձակապես անընդունելի էինք համարում՝ առաջին հերթին Իրանի հետ սահմանը կորցնելու պատճառով»:
2000 թվականին Գլենդելում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը ևս հայտարարել էր տարածքների փոխանակման առաջարկի մասին՝ նշելով. «Մեղրին տրվում է Ադրբեջանին, Լաչինը Ղարաբաղի հետ տրվում է Հայաստանին։ Մեղրիով Հայաստանին տրվում է մի սուվերեն ճանապարհ, որով Հայաստանը կարող է սուվերեն հաղորդակցության մեջ մտնել Իրանի հետ»։ Օսկանյանը հավելել էր, որ այս առաջարկությունը մտածելու տեղիք տալիս է, «ինչ-որ տրամաբանություն կա» և «պետք է դրվի լուրջ քննարկման»։
Նախկին վարչապետ Արամ Սարգսյանը պատմել է, որ 1999 թ. Անվտանգության խորհրդի նիստում արտգործնախարար Վարդան Օսկանյանը քննարկման էր ներկայացրել «Մեղրիի» մի քանի տարբերակ: Ըստ առաջինի՝ Մեղրիի շրջանը՝ Մեղրի քաղաքով և Ագարակ ավանով, փոխարինվում է Լաչինի միջանցքի հետ: Ղարաբաղի գրավյալ տարածքները վերադարձվում են Ադրբեջանին, Ղարաբաղի անկախությունը ճանաչվում է:
Երկրորդ տարբերակով Ագարակը դառնում է զրոյական կետ: Կարգավիճակի հարցը որոշվում է հետագայում՝ հանրաքվեով: Հայաստանը կորցնում է Իրանի հետ սահմանը:
Երրորդ տարբերակը, ըստ Արամ Սարգսյանի, այն էր, որ զրոյական կետը տեղափոխվում էր լեռնանցք, որտեղ բնակչություն չկար: Այդ կետով անցնելու թույլտվություն ստանում էին ադրբեջանցիները, հայերը կարող էին անցնել սահմանապահ ուժերի վերահսկողության միջոցով: Կարգավիճակի հարցը լուծվելու էր փուլային տարբերակով։
Այսպիսով, հաշվի առնելով վերոնշյալ փաստերը, կարող ենք փաստել, որ Մեղրիի փոխանակման տարբերակը եղել է քննարկման առարկա։ Իսկ Մեղրիով Ադրբեջանին ճանապարհ հանձնելու պատրաստակամության մասին հաստատել է հենց ինքը՝ Քոչարյանը։
Քոչարյանը հող հանձնո՞ւմ էր, թե՞ ոչ
Ռոբերտ Քոչարյանը 2019 թ. հունիսին այլ դիրքորոշում հայտնեց նշյալ տարածքների վերաբերյալ` հայտարարելով, որ ինքը հող հանձնող չէ, այլ հող գրավող է։ «Իմ՝ Ղարաբաղում ղեկավար լինելու ժամանակ մենք յոթ շրջան ենք ազատագրել, միացրել Ղարաբաղին, ստեղծել անվտանգության գոտի։ Եվ այսօր այդ տարածքները ղարաբաղյան անվտանգության չափազանց կարևոր բաղկացուցիչ մասն են կազմում»,- ասաց Քոչարյանը:
Այս հայտարարությունը հակասում է Քոչարյանի՝ նախագահության տարիներին արված հայտարարություններին։
Այսպես, 1998-ի նոյեմբերին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից ներկայացվել էին «Ընդհանուր պետություն» կարգավորման առաջարկները։
Փաստաթղթի կետերով.
(1) Հայաստանի ուժերը, որոնք տեղակայված են ՀՀ սահմաններից դուրս, հեռացվում են այդ սահմաններից ներս:
(2) ԼՂ ուժերը բերվում են 1988 թ. ԼՂԻՄ սահմանագիծ, բացառությամբ` Լաչինի շրջանի, մինչև ԼՂ և Հայաստանի միջև անարգել հաղորդակցության համաձայնագրի ձեռքբերումը:
Պաշտոնական Երևանը՝ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ, համաձայնել էր ընդունել կարգավորման այս փաստաթուղթը որպես բանակցությունների հիմք։
2006 թվականի սեպտեմբերին երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը խոսել էր տարածքները զիջելու պատրաստակամության մասին։ «Ալ Ջազիրա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ նա ասել էր․ «Ղարաբաղի վարչական սահմաններից դուրս կան հողեր, որոնք գրավված են հայկական ուժերի կողմից: Բազմիցս ասել ենք, որ բացի Հայաստանի և Ղարաբաղի միջև գտնվող Լաչինի նեղ հողաշերտից, մենք պատրաստ ենք քննարկել տարածքներն Ադրբեջանին վերադարձնելու պայմանները»:
Լևոն Տեր-Պետրոսյան
Հայաստանի առաջին նախագահը, որին հաջորդող երկու նախագահները մեղադրում էին «պարտվողական քաղաքականություն» վարելու մեջ, 1997 թվականի նոյեմբերի 1-ի իր հայտնի «Պատերազմ, թե՞ խաղաղություն․ լրջանալու պահը» հոդվածում գրել է. «Բանակցությունների արդյունքում ստորագրվում է կարգավորման փուլային տարբերակը, բայց այն կիրառվում է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հստակեցումից հետո։ Դրանով Ղարաբաղը միջազգային հանրությանն ապացուցում է իր կառուցողականությունը, ցույց է տալիս, որ ոչ մի մտադրություն չունի պահպանել գրավված տարածքները, իսկ մյուս կողմից՝ լուրջ առաջխաղացում է արձանագրվում կարգավորման գործընթացում, և վերսկսվում են շուրջ մեկ տարի ընդհատված բանակցությունները»։
Այսպիսով, Հայաստանի բոլոր երեք ղեկավարներն էլ բազմիցս հայտարարել են, որ պատրաստ են վերադարձնել ազատագրված տարածքները` Արցախի կարգավիճակի կամ, այսպես ասած, «խաղաղության» դիմաց։ Եվ Նիկոլ Փաշինյանի վերը նշված հայտարարությունները համապատասխանում են իրականությանը։
Անի Ավետիսյան