Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը freenews.am հեռուստաընկերության եթերում ապրիլի 25-ին տված հարցազրույցի ընթացքում անդրադարձել է մի շարք հարցերի, այդ թվում՝ ժողովրդից ստացած քվեի վերաբերյալ։
Հարցազրուցավարը, դիմելով ԱԺ պատգամավորին, ասում է․ «Ասում են՝ ժողովուրդը խաբվել է արտահերթ ընտրությունների ժամանակ», ինչին ի պատասխան Բադալյանն ասում է․ «Ես չեմ կարծում, որ առանձնապես մեծ բան է փոխվել ընտրություններից առաջ և հետո՝ քաղաքական և աշխարհաքաղաքական օրակարգում, որևիցե բան չի փոխվել, որպեսզի մենք հասկանանք՝ ժողովուրդը խաբվել է, թե ոչ»։
Ըստ Լուսինե Բադալյանի՝ իր թիմը քարոզարշավի ամբողջ ընթացքում հանրության հետ հանդիպումների ժամանակ շատ հստակ ասել է, որ իրենց ընտրվելու դեպքում բերելու են խաղաղության օրակարգը, ապա հավելում է․ «Ժողովուրդը դրա համար մեզ տվել է քվե, մենք իրենց չենք ասել՝ մենք գալու ենք պատերազմենք, հետ վերադարձնենք կորցրած տարածքները․․․»։ Պատգամավորի պնդմամբ՝ իրենք ընտրություններից հետո այլ օրակարգ առաջ չեն քաշել, որից էլ կարող էր ժողովուրդը խաբված լինել։
Բադալյանը նաև նշում է, որ այս ամենը ամրագրված է եղել կառավարության և նախընտրական ծրագրերում։ «Ժողովուրդը, էս իմաստով, ես չեմ համարում, որ խաբված է, ժողովուրդը հստակ իմացել է։ Մեր կառավարության ծրագրում էդ ամենը գրված էր, նախընտրական ծրագրում գրված էր, և կառավարության ծրագիրը դա հաստատել է ու շարունակում է քայլ-քայլ դրանով գնալ, այսինքն՝ որտե՞ղ ենք մենք խաբել ժողովրդին, որ ժողովուրդը խաբված է»,- նշել է ԱԺ պատգամավորը։
Հարցազրույցի մեկ այլ հատվածում էլ Լուսինե Բադալյանն ասում է, որ հայկական կողմից չպետք է հնչեն պատերազմի կոչեր։ Հարցազրուցավարի հարցին, թե ովքեր են պատերազմի կոչեր հնչեցնում, պատգամավորն ասում է․ «Չէ, անում են, բա դրա համար եմ ասում՝ խաղաղության օրակարգը տապալելը պատերազմ է։ Արդյո՞ք դա պատերազմի կոչ չէ, երբ որ ընդդիմության ներկայացուցիչը հայտարարում է, որ իրենք հեսա Շուշին ու Հադրութը հետ են բերելու․․․»։
Արցախի դեօկուպացիայի մասին
Թեև Լուսինե Բադալյանն ասում է, որ իրենց քաղաքական թիմի նախընտրական ծրագրում կորցրած տարածքները վերադարձնելու մասին ոչ մի հիշատակում չկա, սակայն իրականությունն այլ է։
«Քաղաքացիական պայմանագրի» նախընտրական ծրագրում Արցախի հիմնախնդրին նվիրված հատվածում ներառված է նաև ԼՂԻՄ տարածքների դեօկուպացիայի խնդիրը։ Ծրագրում, մասնավորապես, նշվում է․ «Բանակցային գործընթացում Հայաստանի առաջնահերթություններից է լինելու այն տարածքների դեօկուպացիան, որի վրա ինքնորոշվել է Արցախի ժողովուրդը, նախևառաջ նախկին ԼՂԻՄ բնակավայրերի վերադարձն Արցախի վերահսկողության ներքո՝ խաղաղ, բանակցային ճանապարհով, ինչը հնարավորություն կտա տեղահանված անձանց վերադառնալ իրենց տները»:
Լուսինե Բադալյանի այն պնդումը, թե իրենք չեն ասել, թե գալու են պատերազմեն, կորցրած տարածքները հետ վերադարձնեն, ճիշտ է միայն այնքանով, որ իրենք չեն ասել պատերազմելու մասին, սակայն տարածքների դեօկուպացիան ներառված է նրանց նախընտրական ծրագրում։ Հետևաբար, առնվազն մանիպուլյատիվ է պնդումը, թե իրենք տարածքներ վերադարձնելու մասին չեն խոսել։
Բադալյանի այն պնդումը, թե Շուշին ու Հադրութը վերադարձնելու մասին ընդդիմության հայտարարությունները խաղաղության օրակարգի տապալում և պատերազմ են նշանակում, ևս մանիպուլյատիվ է։ Ընդդիմադիր գործիչները խոսել են Շուշին ու Հադրութը բանակցություններով վերադարձնելու հնարավորությունների մասին։
Մասնավորապես, 2021-ի ապրիլի 29-ի ասուլիսի ընթացքում «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանն ասել էր, որ հնարավոր է բանակցայի ճանապարհով վերականգնել նախկին ԼՂԻՄ-ի տարածքները։ Նախընտրական շրջանում այդպիսի տեսակետ էր հայտնել նաև «Պատիվ ունեմ» դաշինքի ղեկավար Արթուր Վանեցյանը։
«Ես համոզված եմ՝ թե՛ Շուշին, թե՛ Հադրութը վերադարձնելու հնարավորություններ կան։ Համոզված եմ, որ քաղաքական ճանապարհով, բանակցային ճանապարհով այդ հարցի լուծումը հնարավոր է»,- ասել էր Վանեցյանը։
Ավելի ուշ՝ հետընտրական շրջանում, խորհրդարանական ընդդիմությունը վերահաստատել էր իր այդ դիրքորոշումը
Օրեր առաջ էլ ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Մանուկյանի՝ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցի ժամանակ օգտատերերից մեկը հետաքրքրվել էր․ «Ինչպե՞ս եք վերադարձնելու Շուշին և Հադրութը, պատերա՞զմ եք հայտարարելու, ո՞վ է լինելու դաշնակիցը այդ դեպքում»: Այս հարցին ի պատասխան, «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գեղամ Մանուկյանն ասում է․ «Թյուր է այն տպավորությունը, թե «Շուշին և Հադրութը լինելու են Արցախի Հանրապետության կազմում» տեսակետը ենթադրում է միանգամից պատերազմ․․․ Տվյալ դեպքում դեօկուպացիա տերմինը պատահական չի, որ օգտագործվում է։ Արցախի դեօկուպացիան նշանակում է այն դիվանագիտական, իրավական մեխանիզմների կիրառումը, որովհետև ի վերջո Հադրութի և Շուշիի կարգավիճակն այլ է Քարվաճառի, Ջրականի և մյուս շրջանների կարգավիճակից։ Ուղղակի հիմա մարդկանց միտքը պղտորում են, թե ով ասում է Շուշի և Հադրութ, նա անպայման ուզում է պատերազմ»։
Լուսինե Բադալյանը միակ ՔՊ-ականը չէ
Պատգամավոր Լուսինե Բադալյանը միակ ՔՊ-ականը չէ, որը քննադատել է խորհրդարանական ընդդիմությանը՝ Շուշին ու Հադրութը հետ բերելու մասին խոսակցությունների համար։
Մեկ այլ ՔՊ-ական Հակոբ Ասլանյանը 24News.am-ի հետ զրույցում քննադատել է ընդդիմադիրներին՝ Շուշին, Հադրութը հետ բերելու մասին հայտարարելու համար՝ պնդելով, որ Հայաստանը դա անելու համար «ոչ հզոր բանակ և ոչ էլ հզոր տնտեսություն ունի»։
Նույն տաղավարում ՔՊ պատգամավոր Հովիկ Աղազարյանն էլ, հակառակ նրան, որ իր ուժի նախընտրական ծրագրում արձանագրված է Շուշիի ու Հադրութի օկուպացիայի մասին, պնդեց՝ չի կարող ասել, թե արդյոք այդ տարածքները օկուպացված են։ Իսկ պատգամավոր Արեն Մկրտչյանն էլ այդ հռետորաբանության համար ԱԺ ամբիոնից հեգնեց խորհրդարանական ընդդիմությանը։
Այսպիսով, «Քաղաքացիական պայմանագիրը» քննադատում է ընդդիմությանը Արցախյան երկրորդ պատերազմում ԼՂԻՄ կորսված տարածքները խաղաղ ու բանակցային ճանապարհով վերադարձնելու հայտարարություններով պատերազմ հրահրելու մեջ: Միևնույն ժամանակ, իր նախընտրական ծրագրում ՔՊ-ն ամրագրել է այդ տարածքների վերադարձի անհրաժեշտությունը նույն՝ բանակցային ու խաղաղ ճանապարհով։
Չավուշօղլուի ժեստի մասին
Նույն հարցազրույցի ժամանակ Լուսինե Բադալյանը նույնացնում է Հայաստանում որոշ քաղաքական ու հասարակական կազմակերպությունների կողմից Թուրքիայի ու Ադրբեջանի դրոշների այրումը Թուրքիայի ԱԳ նախարար Չավուշօղլուի՝ օրերս կատարած աղմկահարույց ժեստի հետ, երբ Չավուշօղլուն, ի պատասխան Ուրուգվայի հայ համայնքի խաղաղ ցույցի, մեքենայից ձեռքով ցույց էր տվել թուրք ծայրահեղ ազգայնական «Գորշ գայլեր» խմբավորման նշանը։
«Ի՞նչ էր Թուրքիայի արտգործնախարարի այդ ժեստը, սա ծա՞ղր է, սա ցինի՞զմ է»,- հաղորդման երկրորդ հատվածն սկսվում է հաղորդավարի այս հարցով։ Սրան ի պատասխան, Բադալյանը պատասխան հարցադրում է անում․ «Իսկ ի՞նչ էր մեր ԱԺ-ում, այնուամենայնիվ, քվոտա ունեցող կուսակցության կողմից Թուրքիայի դրոշի այրումը»,- ապա ավելացնում է,- այսինքն՝ սրանք վերաբերմունք են։ Երկուսն էլ քաղաքական գործոն են, այսինքն էնպես չի, որ երիտասարդներ են ուղղակի, այրել են դրոշը, պարբերաբար «Դաշնակցություն» կուսակցությունը կազմակերպում է դրոշի այրելը, և «Դաշնակցություն» կուսակցությունն այս պահին ներգրավված է Ազգային ժողովի․․․ և արդեն մեծ քաղաքականության մեջ ներգրավված է պաշտոնապես։ Հետևաբար և՛ հայ, և՛ թուրք պաշտոնյաների այս վերաբերմունքը կամ այդ ժեստերը, որոնք նրանք ցուցադրում են, նրանք նույնաբովանդակ ժեստեր են, որոնք իսկապես տհաճ է, բայց ես հուսով եմ, որ այնուամենայնիվ գործընթացին առանձնապես մեծ խանգարող չեն լինի»։
Լրագրողը նորից հարցադրում է անում․ «Ընդամենը տհա՞ճ, թե ես հարցրի՝ սա ծա՞ղր է, սա վերաբերմո՞ւնք է, ի՞նչ է, գուցե նաև սադրա՞նք․․․»։ Բադալյանը պատասխանում է․ «Այո, կարող է լինել նաև սադրանք։ Ինչպես ՀՀ-ում, ես վստահ եմ, այնպես էլ Թուրքիայում միանշանակ չէ վերաբերմունքը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ»։
Փաստացի, ԱԺ պատգամավորը նույն հարթության մեջ է դնում կառավարման լծակ չունեցող ՀՀ ընդդիմադիր ուժերից մեկի և Թուրքիայի արտգործնախարարի արտահայտած «վերաբերմունքները»։ Ընդդիմադիր գործիչները երկրի ներսում իրականացվող ակցիաներով չեն կարող արտահայտել երկրի պաշտոնական դիրքորոշումները, ի տարբերություն կառավարող ուժի մեջ ներգրավված անձանց, այդ թվում՝ հատկապես արտաքին գործերի նախարարի։ Հետևաբար տվյալ իրավիճակում Թուրքիայի արտգործնախարարի ժեստը ջահերով երթի ընթացքում ընդդիմադիր քաղաքական ուժի կազմակերպած այրված դրոշի հետ համեմատելը տեղին չէ և մանիպուլյատիվ է։
Այսպիսով՝ Լուսինե Բադալյանի՝ «ժողովրդին չեն ասել կորցրած տարածքները վերադարձնելու մասին» պնդումը մանիպուլյատիվ է և հակասում է ՔՊ կուսակցության նախընտրական ծրագրին։ Միևնույն ժամանակ, Թուրքիայի արտգործնախարարի ցուցադրած ժեստը և ջահերով երթի ընթացքում Թուրքիայի դրոշն այրելը համեմատության մեջ դնելը և նույն հարթության մեջ դիտարկելը նույնպես մանիպուլյատիվ է։
Նարեկ Մարտիրոսյան
Նանե Մանասյան