«5-րդ ալիքի» «Օրագիր» հաղորդման մարտի 21-ի թողարկման ընթացքում քաղաքագետ Արթուր Խաչիկյանը պնդել է, թե Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի՝ Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքի վերաբերյալ հայտարարությունը հեռացվել է այդ երկրի կառավարության կայքից։
«Որևէ մեկն այլևս չի խոսում մեր ինքնորոշման իրավունքի մասին կամ Ցեղասպանության մասին։ Եկան Եվրոպայից մի քանի ներկայացուցիչներ, այդպիսի բան մենք չլսեցինք։ Շոլցը դա ասեց, հետո կայքի վրայից այդ հայտարարությունը հանվեց կամ կայքի վրա չեղավ։ Այսինքն դա հետ վերցրեցին»,- ասել է Խաչիկյանը։
Գերմանիայի կանցլերը մարտի 2-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո համատեղ ասուլիսի ընթացքում, շեշտելով ԼՂ հիմնախնդրի խաղաղ ու երկարաժամկետ լուծման անհրաժեշտությունը, ասել էր, որ այն պետք է կարգավորվի Հայաստանի ու Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ԼՂ քաղաքացիների ինքնորոշման իրավունքի հիման վրա։
«Փաստերի ստուգման հարթակը» պարզեց, որ ի հեճուկս քաղաքագետ Խաչիկյանի պնդման, Գերմանիայի կառավարության պաշտոնական կայքից ԼՂ քաղաքացիների ինքնորոշման իրավունքի մասին խոսքերի սղագրությունը չի հեռացվել։
«․․․անհրաժեշտ է հասնել խաղաղ հանգուցալուծման, Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության, ինչպես նաև ԼՂ-ի քաղաքացիների ինքնորոշման իրավունքի տեսանկյունից: Ընդ որում, այս բոլոր սկզբունքները հավասարապես կարևոր են»:
Այսպիսով, «5-րդ ալիքի» եթերում քաղաքագետի հնչեցրած պնդումը, թե ԼՂ հայերի ինքնորոշման մասին Գերմանիայի կանցլերի հիշատակումը հեռացվել է այդ երկրի կառավարության կայքից, չի համապատասխանում իրականությանը։
Նանե Մանասյան