«5-րդ ալիքի» «Հայլուր» հաղորդման մարտի 17-ի գլխավոր թողարկման ընթացքում «Ո՞ւմ կտան իրենց ձայնը Արցախի բնակիչները» խորագրով ռեպորտաժ է հեռարձակվել, որում լրագրողը ներկայացրել է Արցախում առաջիկայում սպասվող ընտրությունների վերաբերյալ վերջերս իրականացված հարցման արդյունքները։
«Ո՞վ է Արցախում նախագահի ամենահավանական թեկնածուն։ Հայկական երկրորդ հանրապետությունում ընտրապայքարի ավարտից մոտ երկու շաբաթ առաջ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՅՏՆԻ ՍՈՑԻՈԼՈԳԻԱԿԱՆ ընկերությունը հրապարակել է հարցումների արդյունքները»,- ռեպորտաժը ներկայացնելիս ասել է հաղորդավար Տարոն Կոխլիկյանը՝ չհստակեցնելով, թե որ ընկերության մասին է խոսքը։
Իսկ արդեն լրագրող Գայանե Մովսիսյանը ռեպորտաժում կազմակերպությունն անվանում է «ռուսական հայտնի ընկերություն»` սակայն կրկին չնշելով կազմակերպության անվանումը։
Ի դեպ, այս հարցման արդյունքների մասին գրել է նաև news.am կայքը, որը ևս չի նշել հարցումն իրականացրած կազմակերպության անվանումը:
«Փաստերի ստուգման հարթակը» փորձեց հասկանալ, թե ինչ հարցման մասին է խոսքը և որ միջազգային կազմակերպությունն է իրականացրել այն։
Ո՞ւր են տանում հարցման հետքերը
Կապ հաստատեցինք Արցախի Արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչների հետ, որոնք մեզ հայտեցինք, որ որևէ միջազգային կառույց չի դիմել իրենց հարցումներ իրականացնելու հարցով։
Հարցման աղբյուրի մասին կցկտուր տեղեկություն ստանում ենք «5-րդ ալիքի» ռեպորտաժի ավարտին, երբ լրագրողը հայտնում է, որ հարցման արդյունքներն իրենց թվիթերյան էջերում կիսվել են Компромат СНГ-ն և Хроники Армении-ն։
Փորձեցինք Թվիթերում գտնել այս անուններով միկրոբլոգեր, սակայն՝ ապարդյուն։ Պարզվեց՝ լրագրողը շփոթվել էր կամ սխալվել։ Թվիթերի փոխարեն այս անուններով հարթակներ գտանք Տելեգրամում։
Բավական երկար որոնումների արդյունքում պարզեցինք, որ Компромат СНГ Տելեգրամի ալիքը հարցումների արդյունքների մասին գրելիս հղում էր տվել ոչ թե հարցումն իրականացրած կազմակերպությանը, այլ հենց տելեգրամյան Хроники Армении ալիքին։
Хроники Армении-ն ստեղծվել է նախորդ տարվա գարնանը և ունի շուրջ 1000 հետևորդ։ Հատկանշական է, որ ալիքը հեղինակած նյութեր գրեթե չունի, մեկ տարվա ընթացքում ալիքի սեփական նյութերը չեն հատում մեկ տասնյակը։ Փոխարենն այն ակտիվորեն տարածում է մի շարք հայտնի լրատվամիջոցների և տելեգրամյան ալիքների, այդ թվում՝ հիշատակված մյուս՝ Компромат СНГ ալիքի հրապարակումները։
Хроники Армении Տելեգրամի ալիքում գտանք հարցաթերթիկի նմուշն ու 2 էջից բաղկացած հարցման արդյունքները, որոնք ալիքը հրապարակել է մարտի 17-ին։ Հարցաթերթիկի նմուշում հստակ նշված է, որ հարցումն իրականացնում է քաղաքական կուսակցություններից մեկի շտաբը, սակայն չի նշվում, թե հատկապես որ ուժի՝ պատասխանների վրա չազդելու համար։
Այսպիսով, պարզում ենք, որ վերոնշյալ հարցումն իրականացվել է կուսակցություններից մեկի շտաբի կողմից, իսկ «5-րդ ալիքը» միտումնավոր կամ սխալմամբ հեռուստադիտողներին շփոթեցնում է՝ հարցման արդյունքները վերագրելով «միջազգային» կամ «ռուսական» հայտնի սոցիոլոգիական ընկերության։
Սխալներ՝ ռեպորտաժում
Բավականին կասկածելի ծագումով և մեթոդաբանությամբ այս հարցման մեջ նշվում է, որ սոցիոլոգիական մոնիտորինգն իրականացվել է երկու անգամ՝ մարտի 7-9-ին և 14-16-ին՝ փողոցային հարցման եղանակով։ Իսկ արդյունքներում ներկայացվում է այս երկու ժամանակաշրջանների հարցումների արդյունքների տարբերությունը։
Ըստ «5-րդ ալիքի» ռեպորտաժի հեղինակի՝ հարցման արդյունքներով առաջատարն Արայիկ Հարությունյանն է՝ 28․8 տոկոսով, երկրորդը Վիտալի Բալասանյանն է՝ 18․9 տոկոսով։ «Բալասանյանը յոթ տոկոս ձայնով շրջանցել է Մասիս Մայիլյանին (17.18), որը անցած հարցումներին երկրորդ տեղում էր»,- նշում է լրագրողը։
Մինչդեռ հարցումների արդյունքները ուսումնասիրելով՝ պարզ է դառնում, որ լրագրողը կրկին սխալվել է։ Այսպես, ըստ արդյունքների՝ առաջին հարցման ժամանակ (մարտի 7-9) Մասիս Մայիլյանի օգտին է արտահայտվել հարցվածների 24․3 տոկոսը, երկրորդում (մարտի 14-16)՝ արդեն 17․18 տոկոսը։ Հավանաբար՝ հենց այս 7 տոկոս անկման մասին է ցանկացել խոսել ռեպորտաժի հեղինակը, սակայն չգիտես ինչու՝ այն կապել է Վիտալի Բալասանյանի հետ, որի օգտին առաջին փուլում արտահայտվել էր հարցվածների 15․14, իսկ երկրորդում՝ 18․9 տոկոսը։
Այլ թվաբանական սխալների ևս հանդիպում ենք ռեպորտաժում։ Օրինակ՝ լրագրողը, ներկայացնելով չորս թեկնածուների վերաբերյալ հարցման արդյունքները, նշում է, որ մյուս 11 թեկնածուին շատ ավելի քիչ մարդ է վստահում։ 11-ին գումարած չորս լինում է 15, այնինչ Արցախի նախագահի թեկնածու է 14 անձ։
Փաստացի, «5-րդ ալիքը» կասկածելի ծագմամբ հարցումը միջազգային կազմակերպությանը վերագրելուց զատ՝ ռեպորտաժում թույլ է տվել նաև մի շարք թվաբանական սխալներ և այլ մանիպուլյացիաներ։
Սևադա Ղազարյան