Այսօր Ազգային ժողովի փոխխոսնակ և Հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը, հղում անելով նախագահ Սերժ Սարգսյանին, հայտարարեց, որ «կարող ենք մեղադրել (Ռուսաստանին – խմբ.) այն ժամանակ, երբ ռուսական զենքը, որը մատակարարվել է Ադրբեջանին, ուղիղ վնաս է հասցնում մեզ»: Ըստ էության, Շարմազանովն այսպես փորձել է ներկայացնել, թե Ադրբեջանին մատակարարված ռուսական զենքը մեզ ուղիղ վնաս չի հասցրել: Այնինչ իրականությունը հակառակն է:
Մի-24 ուղղաթիռը
Տարիներ շարունակ Ռուսաստանը Ադրբեջանին մատակարարել է տարատեսակ զենքեր և զինամթերքներ: Հայկական բանակի զինվորների ուղղությամբ համարյա ամեն օր արձակվում էին ռուսական արտադրության փամփուշտներ և այլ զինամթերքներ, որոնք չեն համարվում «կոնվենցիոն» (խոսքը Եվրոպայում սովորական զինված ուժերի կոնվենցիայի մասին է) և որոնց վաճառքը չի արձանագրվում միջազգային ատյանների կողմից:
Ռուսաստանը Ադրբեջանին 2012-ից 2013 թվականներին մատակարարել էր 1000 հատ «Իգլա-Ս» տեսակի հրթիռ՝ 200 արձակման կայաններով:
2014 թվականի նոյեմբերի 12-ին Արցախի արևելյան հատվածում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական զինված ուժերի կողմից Ռուսաստանից «թարմ-թարմ» ստացած «Իգլա-Ս» տեսակի հրթիռով խոցվեց հայկական օդուժի Մի-24 հարվածային ուղղաթիռը, որի անձնակազմի 3 անդամները զոհվեցին:
Ապրիլյան պատերազմ
Վերջին տարիներին Ռուսաստանը Ադրբեջանին մատակարարել է 100 հատ T-90s տեսակի հիմնական մարտական տանկեր, հետևակին կենդանի այրելու համար ստեղծված 18 հատ «Սոլնցեպյոկ» համազարկային հրանետներ, հազարից ավելի հակատանկային հրթիռներ, 24 գրոհային ուղղաթիռներ, 18 հատ համազարկային կրակի «Սմերչ» համակարգեր և ինքնագնաց հրետանու այլ տեսակներ, որոնք բոլորը կիրառվել են 2016 թվականի ապրիլյան պատերազմում:
Ապրիլյան պատերազմը սկսվեց Ռուսաստանից 2011-ից 2014 թվականներին մատակարարված Մի-35Մ գրոհային ուղղաթիռների հարձակմամբ (որը հետ մղվեց):
Այնուհետև տեխնիկայից մարտի մեջ նետվեցին ամեն տեսակի հրետանային համակարգերը, որոնց թվում էին 2012 թվականից հետո մատակարարված ռուսական ինքնագնաց հրետանային համակարգերը:
Մարտերից անմասն չմնացին նաև 2013-ից 2014 թվականներին մատակարարված T-90s տանկերը: Այդպես, օրինակ տանկային լայնամասշտաբ հարձակման փորձ եղավ Աղդամի ուղղությամբ (որը կանխվեց հրետանու աշխատանքի շնորհիվ):
Ադրբեջանական կողմը՝ այդ թվում նաև ռուսական «Բաստիոն» (մասամբ նաև իսրայելական «Սպայկ») հակատանկային համակարգերով, խոցեց 14 հայկական տանկ, իսկ ապրիլի 4-ի կեսօրին Թալիշ գյուղի հատվածում Ադրբեջանը կիրառեց նաև ռուսական ՏՕՍ-1Ա «Սոլնցեպյոկ» հրանետները:
Այնուհետև, ապրիլի 4-ի լույս 5-ի գիշերը ադրբեջանական կողմը նաև կիրառեց «Սմերչ» համազարկային կրակի համակարգերը՝ Դուբլինյան կոնվենցիայով արգելված կասետային մարտագլխիկներով հրթիռներով (որոնք մատակարարվել էին 2012-2014 թվականներին):
Եթե չզինեին
Այսպիսով, ադրբեջանական կողմի գերակշռապես ռուսական զենքերով իրականացված ագրեսիայի արդյունքում հայկական կողմը կրեց շուրջ 100 զոհ, կորցրեց 800 հեկտար տարածք:
Եվ, առհասարակ, կարելի է պնդել, որ ապրիլյան պատերազմը չէր էլ լինի, եթե Ռուսաստանը, բազմաթիվ այլ երկրների նման հրաժարվեր զինել Ադրբեջանին (ինչի մասին ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկրները պայմանավորվել էին 1994 թվականին Բուդապեշտում):
Հետևապես, Էդուարդ Շարմազանովի պնդումը ռուսական զենքերից մեզ հասցված վնասի վերաբերյալ սուտ է: Այսկերպ Շարմազանովը միացավ Սերժ Սարգսյանին և Դավիթ Բաբայանին, ովքեր ևս վերջին մի քանի օրում սուտ հայտարարություններ արեցին Բաքվին մատակարարվող ռուսական զենքի շուրջ: