ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն Ազատություն ռադիոկայանի «Կիրակնօրյա վերլուծական» ծրագրին տված հարցազրույցում ասել է, որ Ժնևում Ալիև և Սարգսյան բանակցությունների առաջընթացը փաստաթղթային մակարդակում Վիեննայի և Պետերբուրգի բանակցությունների համեմատ այն է, որ Ժնևի հայտարարությանը միացել են Ադրբեջանն ու Հայաստանը, իսկ Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի հայտարարություններն արվել են բացառապես համանախագահների ձևաչափով:
Իրականում 2016թ․-ի հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգի հայտարարությունն արվել է ոչ թե համանախագահների կողմից, այլ Վլադիմիր Պուտինի, Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի: Մասնավորապես, հանդիպումից հետո տարածված հաղորդագրության մեջ նշված է. «Սերժ Սարգսյանը, Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում մասնավորապես ասված է…»:
Շարմազանովը նաև ասել է, որ հենց Ժնևում էլ արձանագրվել է փաստաթղթային առումով, որ Սանկտ Պետերբուրգի ու Վիեննայի պայմանավորվածությունները պետք է կատարվեն: Ժնևի բանակցություններից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից տարածած հայտարարության մեջ որևէ խոսք չի եղել Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների մասին: Ավելին, օրինակի համար Պետերբուրգի հայտարարության մեջ նշված էր. «…նախագահները վերահաստատեցին Վիեննայում ս.թ. մայիսի 16-ին կայացած հայ-ադրբեջանական գագաթնաժողովի պայմանավորվածությունները», մինչդեռ նման որևէ միտք Ժնևի հայտարարությունում չի եղել:
Արմեն Գրիգորյան