Հոկտեմբերի 22-ին, Ազատության «Կիրակնօրյա վերլուծականի» եթերում Հանրապետական կուսակցության փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, խոսելով Սերժ Սարգսյանի պաշտոնավարման տասնամյակի ընթացքում Հայաստանում գրանցված առաջընթացից, նշել էր․«Հայաստանում ժողովրդավարությունը լրիվ այլ մակարդակի վրա է․ բացեք բոլոր զեկույցները, հիշեք 2008 թվականը և այսօր: Հայաստանում խոսքի ազատությունը լրիվ այլ մակարդակի վրա է, Հայաստանում խղճի ազատությունը լրիվ այլ մակարդակի վրա է, Հայաստանում բանավեճը՝ նույն ընտրությունների գնահատականը․․․ ժողովրդավարության առումով էլ կան զարգացումներ»։
Այդուհանդերձ, 2008թ․ համեմատ Հայաստանում ժողովրդավարությունն ու խոսքի ազատությունը անկում է ապրել։ Այսինքն, Էդուարդ Շարմազանովը չի ստում ժողովրդավարությունը լրիվ այլ մակարդակի լինելու մասին, սակայն ստում է դրա առաջընթացի մասին։
Բացենք նրա խորհրդով ցանկացած զեկույցներից մեկը՝ Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպության հրապարակած ամենամյա «Ազգերը անցումային շրջանում» 2008թ․ զեկույցը, և կտեսնենք, որ Հայաստանի ժողովրդավարության ցուցանիշը 7 բալանոց համակարգով 2008թ․ եղել է 5.21, որտեղ 1 բալանոց ցուցանիշ ունեն ամենաժողովրդավար երկրները, իսկ 7՝ ամենաավտոկրատները։ 2009թ․ այս ցուցանիշը դարձել է 5,39, որից հետո Սերժ Սարգսյանի 10-ամյա կառավարման ընթացքում այն կայուն մնացել է 5,36-5,41 կտրվածքում։ Այսպես, օրինակ 2017թ․ եղել է 5,39, ինչպես և 2009-ին, այսինքն՝ ստաբիլ վատ։
Ավելին՝ 2015թ․ և դրանից առաջ «Էկոնոմիստ Ինթելիջենս Յունիթի» աշխարհում ժողովրդավարության միտումների ամենամյա հետազոտությունը Հայաստանը որակավորում էր որպես «հիբրիդային ռեժիմ», այսինքն ժողովրդավարության և ավտորիտարության միջև գտնվող պետական համակարգ: Ընդ որում, 2015-ին Հայաստանը աշխարհի երկրների ցանկում 116-րդն էր ժողովրդավարության ցուցանիշով՝ եզրափակելով հիբրիդ ռեժիմների ցուցակը: Սակայն, 2016թ․-ից Հայաստանը, դասակարգվելով 120-րդ տեղում (որտեղ առաջին տեղում ամենաժողովրդավարն է, իսկ 167-րդ տեղում՝ ամենաավտորիտարը), որակավորվել է որպես «ավտորիտար ռեժիմ»:
Փաստորեն, երկու առաջատար համաշխարհային կազմակերպությունների զեկույցները ժողովրդավարության մասին վկայում են, որ Հայաստանը հետընթաց է ապրել։ Հետևաբար, հարց է ծագում, թե արդյո՞ք Էդուարդ Շարմազանովը ճիշտ է հասկանում «առաջընթաց» բառի իմաստը։