Հուլիսի 10-ին ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը հրապարակեց ապրիլի 2-ին կայացած ՀՀ խորհրդարանական ընտրությունների դիտորդական առաքելության վերջնական զեկույցը: Զեկույցը հուլիսի 11-ին լուսաբանվեց Հ1 և Շանթ հեռուստաալիքների հիմնական լուրերի թողարկումներում` Հ1 Օրակարգի 21։00 եթերում և Շանթի Հորիզոնի 22։00 թողարկման ընթացքում: Ընդ որում, Հորիզոնի դեպքում խոսքը դասական ռեպորտաժի մասին չէ, այլ՝ քաղաքագետ Կնյազ Սարոյանի հետ հարցազրույցի (այդ քաղաքագետի մասին մենք նախկինում չենք լսել):
Ուշագրավ է, որ թե Հ1 Օրակարգը և թե Շանթի տաղավար հարցազրույցի հրավիրված Կնյազ Սարոյանը զեկույցը ներկայացնում են հիմնականում միայն դրական կողմից՝ բացասականին անդրադառնաով հպանցիկ: Ավելին, թե Հ1-ի լրագրողի կողմից և թե Շանթի եթերում հարցազրույցի հրավիրված Սարոյանի կողմից ԵԱՀԿ զեկույցում հեռուստատեսությունների աշխատանքի գնահատման վերաբերյալ հնչեցվում է «հավասարակշռված» բառը: Այդուհանդերձ, զեկույցում չկա նմանօրինակ բառ, և նման գնահատական չէր էլ կարող լինել:
Զեկույցը հեռուստատեսությունների աշխատանքի գնահատումը կատարում է երկու հիմնական սկզբունքով՝ ժամանակի հավասար տրամադրում բոլոր քաղաքական ուժերին և տոնայնություն:
Ժամանակ
Ըստ ԵԱՀԿ զեկույցի՝ Հ1-ի լրատվական հաղորդումներում ժամանակը քաղաքական ուժերի միջև համաչափ է բաշխվել, սակայն Շանթի դեպքում պատկերը այլ է. Շանթի լրատվական հաղորդումների ժամանակի 20 տոկոսը ՀՀԿ-ին է տրամադրվել, մինչդեռ մյուս քաղաքական ուժերին հասել է ընդամենը 7-12 տոկոս:
Տոնայնություն
Թեև ԵԱՀԿ զեկույցը նշում է, որ անմիջական քարոզչական ժամանակահատվածում մշտադիտարկված հեռուստատեսությունների տոնայնությունը 98 տոկոսի դեպքում չեզոք կամ դրական է եղել, այդուհանդերձ նախաքարոզչական շրջանում՝ փետրվարի 24-ից մարտի 4-ն ընկած ժամանակահատվածում, մշտադիտարկված հեռուստատեսությունները ցուցաբերել են հստակ կողմնակալություն՝ հօգուտ այն կուսակցությունների, որոնց հետ կոնկրետ հեռուստաալիքները հրապարակայնորեն ասոցացվում են: Ըստ ամենայնի, հենց այս նկատառումից ելնելով՝ ԵԱՀԿ զեկույցում առաջարկվում է հեռուստատեսությունների լրատվության մշտադիտարկում իրականացնել ողջ տարվա կտրվածքով:
Քննադատություն
Բացի վերոնշյալ կետերից ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ զեկույցը նաև նշում է, որ «հեռարձակվող լրատվամիջոցների ազատությունը սահմանափակված էր դրանց սեփականատերերի կողմից խմբագրական անկախությանը միջամտելու միջոցով: Դա հանգեցրեց լրագրողների ինքնագրաքննության և կառավարությանը քննադատող հաղորդումների ապաքաջալերմանը, ներառյալ հանրային հեռուստատեսությամբ»: Այս միջամտությունը ըստ ԵԱՀԿ-ի՝ «ապաքաջալերում է կառավարության քննադատական լուսաբանումը, այդ թվում՝ Հանրային հեռուստատեսությամբ: Ընտրություններին առնչվող նորությունները, որոնք հանրային հետաքրքրություն են առաջացնում, այդ թվում՝ դպրոցների տնօրենների կողմից կազմված աջակիցների ցուցակների հրապարակումը, ԿԸՀ ներկայացված ընտրություններին առնչվող բողոքները չեն լուսաբանվել Հանրային հեռուստատեսության երեկոյան 21:00-ի լուրերի թողարկումներում, բայց լուսաբանվել են այլ լրատվամիջոցների կողմից»:
Հետևաբար, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ զեկույցի հեռուստատեսությունների աշխատանքի գնահատականը որևէ կերպ չի կարելի բնութագրել որպես «հավասարակշիռ»: Զեկույցում այս բառը չի կիրառվում, և բացառապես դրական կողմից զեկույցի լրատվամիջոցների վերաբերյալ հատվածի ներկայացումը Հանրային հեռուստատեսության կողմից հասարակական կարծիքի մանիպուլյացիա է և ուրիշ ոչինչ: