Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը մայիսի 25-ին ֆեյսբուքյան իր էջում գրառմամբ տեղեկացրեց, որ տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) նախորդ տարվա (2020 թ.) ապրիլի համեմատ աճել է 23․2 տոկոսով, իսկ առաջին չորս ամիսներին՝ 2․6 տոկոսով։
Վահան Քերոբյանի գրառման մեջ նշված տվյալները թեև ճիշտ են, սակայն՝ մանիպուլյատիվ։ Մասնավորապես, հաշվի առնելով նախորդ տարվա նշված ժամանակահատվածում Հայաստանում և աշխարհում կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումները և տնտեսության գրեթե բոլոր ճյուղերում արձանագրված խոշոր անկումը, 2020 թ. ապրիլի համեմատ ՏԱՑ-ի 23․2 տոկոսանոց աճը բավական օրինաչափ է։ Այսինքն՝ այս աճը պայմանավորված է ոչ թե այս տարվա ապրիլին տնտեսության աննախադեպ ակտիվությամբ, այլ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրված 17․2 տոկոսանոց անկումով։
Այս առումով էկոնոմիկայի նախարարի գրառումը թեև ոգևորիչ է, սակայն նման ցուցանիշի հիմքում ընկած է ոչ թե իրական աճը, այլ բազիսային գործոնը։
Հետաքրքիր զուգադիպությամբ, իշխանությունները շատ հաճախ որևէ ցուցանիշի մասին խոսելիս, տպավորիչ աճ ցույց տալու նպատակով հաշվետու տարվա ցուցանիշը համեմատում են ոչ թե նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածի հետ, այլ մի քանի տարի առաջ արձանագրված ցուցանիշների։
Այդպիսի դեպքերը բազմաթիվ են։ Օրինակ՝ վերջերս Ազգային ժողովում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի կողմից արված համեմատությունը բանտերում գտնվող անձանց՝ ներկայիս ու 2001 թվականի թվերի վերաբերյալ։
Նախորդ տարվա մայիսին, ներկայացնելով հերթական «100 փաստը», Նիկոլ Փաշինյանը զուգահեռներ էր տարել 2017 և 2019 թվականների միջև։ «2019 թվականին աշխատանք փնտրող 85,000 քաղաքացուց աշխատանքի է տեղավորվել 13,800 հոգի կամ 45 տոկոսով ավելի, քան 2017 թվականին»,- նշել էր նա։ Կամ՝ «Առողջապահության ոլորտի ընդհանուր շրջանառությունը, 2017 թվականի համեմատ, 2019 թվականին աճել է 25.5 տոկոսով կամ 38.73 մլրդ դրամով»։
Նմանատիպ մանիպուլյատիվ հայտարարություններով մայիսի 10-ին Ազգային ժողովում հանդես է եկել նաև «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը։ Նա, մասնավորապես, հայտարարեց, որ 2007 թվականի համեմատ ՀՆԱ-ն դրամային արժեքով կրկնապատկվել է։
Պաշտոնյաների այս հայտարարությունները, ինչպես նշեցինք, համապատասխանում են իրականությանը, սակայն համեմատության համար ընտրվում են այնպիսի բազիսային ցուցանիշներ, որոնց նկատմամբ համեմատությունը շահեկան կլինի։
Հաշվի առնելով այս ամենը, ինչպես նաև նախորդ տարի կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված տնտեսական սահմանափակումներն ու դրանց հետևանքով տնտեսական ցուցանիշների անկումը՝ «Փաստերի ստուգման հարթակը» որոշեց համեմատել այս տարվա ապրիլին արձանագրված մակրոտնտեսական ցուցանիշները 2019 թվականի ապրիլի հետ։
Այսպես, ըստ Վիճակագրական կոմիտեի տվյալների՝ 2021 թ. ապրիլին, իրոք, նախորդ տարվա ապրիլի համեմատ տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 23․2 տոկոսով, իսկ առաջին 4 ամիսների համեմատ՝ 2․6 տոկոսով։ Մինչդեռ 2019 թվականի համեմատ ՏԱՑ-ն աճել է ընդամենը 2 տոկոսով։
Ինչպես տեսնում ենք, մակրոտնտեսական ցուցանիշների աճը թեև նախորդ տարվա համեմատ բավական ակնառու է, սակայն, համեմատելով մինչճգնաժամային ժամանակահատվածի ցուցանիշների հետ, տեսնում ենք, որ տնտեսության ոչ բոլոր ճյուղերն են վերադարձել նախաճգնաժամային ցուցանիշներին։
Սևադա Ղազարյան