Մի խումբ մարզիկներ և ֆեդերացիաներ նոյեմբերի 19-ին համատեղ հայտարարություն են տարածել՝ դատապարտելով ՀՀ կանանց ծանրամարտի հավաքականի նախկին անդամ Մելինե (Մել) Դալուզյանի մասին ֆիլմ նկարահանելու գաղափարը:
Հայտարարությունը ստորագրել է 28 ֆեդերացիաների 116 ներկայացուցիչ, այդ թվում՝ 24 մարզիչ և 53 մարզիկ:
Հայտարարությանը միացած անձինք իրենց դժգոհությունն են հայտնում, որ հասարակությունը քննարկում է ոչ թե մարզաշխարհի մարզական հաջողություններն ու ձեռքբերումները, «այլ հայկական մարզաշխարհի անունը խայտառակած մի սուբյեկտի սեռափոխման հանգամանքն ու նրան նվիրված ֆիլմ նկարահանելու վերաբերյալ պետության որոշումը»։
«Որպես հայ մարզիկի լավագույն կերպար փորձ է արվում ներկայացնել սեռափոխված Մելինե Դալուզյանին, ում խայտառակ դոպինգ սկանդալի պատճառով Հայաստանի Ծանրամարտի հավաքականն այսօր լրջագույն խնդիրների առաջ է կանգնած»,- նշվում է հայտարարությունում։
Ըստ հայտարարության՝ հայկական մարզաշխարհում միշտ գնահատվել են բարոյական բարձր արժեքներն ու ավանդույթները, և Մել Դալուզյանի «մեծարման ուղղված հետևողական վարքագիծը» անընդունելի է։
«Փաստերի ստուգման հարթակը» որոշեց ուսումնասիրել հայտարարության մեջ ներկայացված փաստերը։
«Մել» ֆիլմը նկարահանվում է պետությա՞ն որոշմամբ
Այսպես, հայտարարության առաջին պարբերությունում նշվում է, որ Դալուզյանին նվիրված ֆիլմը պետության որոշմամբ է նկարահանվել։ Սակայն դա սխալ է։
«Մել» վավերագրական դրամայի մտահղացումը պատկանում է «Բարս Մեդիա» ՍՊԸ-ին: Ֆիլմի ռեժիսորներն են Իննա Սահակյանը և Պոլ Կոհենը: Այն 2019 թվականին մասնակցել է Ազգային կինոկենտրոնի մրցույթին՝ պետական դրամաշնորհ ստանալու նպատակով: Դրա արդյունքում ֆիլմը ստացել է 20 մլն դրամի ֆինանսավորում: Սակայն այն ֆինանսավորում են նաև այլ կազմակերպություններ՝ Ճապոնիայից, Կանադայից և Եվրոպական Միությունից: Հավելենք, որ, ըստ հաստատված կանոնակարգի, Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարությունը չի կարող ունենալ ազդեցություն ֆիլմերի ընտրության հարցում: Մրցույթներին ներկայացված ֆիլմերը գնահատում է փորձագիտական հանձնախումբը:
Հաշվի առնելով այս հանգամանքը՝ կարող ենք փաստել, որ հայտարարությունում առկա միտքը, թե Մել Դալուզյանի մասին ֆիլմը նկարահանվում է պետության որոշմամբ, սխալ է:
Որակազրկված մարզիկները՝ «խայտառակ դոպինգ սկանդալի» մասին
Նույն հայտարարությունում անդրադարձ է կատարվում նաև Մելինե Դալուզյանի կողմից արգելված խթանիչ օգտագործելու մասին տեղեկատվությանը. «Որպես հայ մարզիկի լավագույն կերպար փորձ է արվում ներկայացնել սեռափոխված Մելինե Դալուզյանին, ում խայտառակ դոպինգ սկանդալի պատճառով Հայաստանի Ծանրամարտի հավաքականն այսօր լրջագույն խնդիրների առաջ է կանգնած»,- ասված է հայտարարությունում։
Նշենք, որ Մել Դալուզյանի և Ծանրամարտի հավաքականի այլ անդամների հետ կապված դոպինգ սկանդալին «Փաստերի ստուգման հարթակն» անդրադարձել էր օրեր առաջ:
Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան, հնարավոր է, Տոկիոյում նախատեսված 2020 թ. Օլիմպիական խաղերին ներկայանա 1-ական կին և տղամարդ մարզիկով, քանի որ այն երկրները, որոնց մարզիկները 2008 թ. Պեկինի օլիմպիական խաղերից սկսած՝ 20 և ավելի դոպինգ թեստերի դրական արդյունք ունեն, ընկնում են, այսպես ասած, «պատժամիջոցների» տակ։
2008-ից ի վեր Հայաստանում դոպինգի պատճառով որակազրկված մարզիկների թիվը 19-ն է։ Վերջինը Մել Դալուզյանն էր, որի որակազրկման մասին հայտարարվեց այս տարվա մայիսին։ Ընդ որում՝ ի տարբերություն մյուս 18 մարզիկի, Դալուզյանը դեռևս չի հայտնվել Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի որակազրկվածների ցանկում: Եվ եթե Հայաստանը ստիպված լինի Տոկիոյում ներկայանալ 1-ական մարզիկով, դա չի կարող լինել միայն Մելինե Դալուզյանի «մեղքը»։
Հատկանշական է, որ այս հայտարարության տակ ստորագրած Գոռ Մինասյանը, Անդրանիկ Կարապետյանը և Տիգրան Գ. Մարտիրոսյանը ևս մեղադրվում են պաշտոնական մրցաշարերի ժամանակ արգելված խթանիչ օգտագործելու մեջ: Այս մարզիկները, ընդ որում, հայտնվել են Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի՝ արգելված խթանիչներ օգտագործած և որակազրկված մարզիկների ցուցակում։ Նրանք 18 մարզիկի ցանկում են, և հավաքականը լրջագույն խնդիրների առաջ է կանգնել, փաստացի, նաև նրանց պատճառով։
Սա նշանակում է, որ հայտարարության մասնակիցները մանիպուլացնում են դոպինգ սկանդալի փաստերը։
Այսպիսով, Հայաստանի մի շարք ֆեդերացիաների և մարզիկների նոյեմբերի 19-ին արված հայտարարությունը, որում նրանք խիստ քննադատության են ենթարկում Մել Դալուզյանի մասին ֆիլմի ստեղծումը, մանիպուլյատիվ է և աղավաղում է փաստերը:
Լուսինե Ոսկանյան