Երեկ Hraparak.am կայքը գրել է․ «Ռուսաստանից Հայաստան բերված նոր էլեկտրագնացքը «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ն պատրաստվում է վերադարձնել Ռուսաստանին»։ Սակայն այս տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը և հարմարավետ էլեկտրագնացք Հայաստանում այնուամենայինիվ լինելու է։
Հիշեցնենք, որ խոսքն այս տարվա հոկտեմբերին ՌԴ-ից Հայաստան բերված ժամանակակից էլեկտրագնացքի մասին է։ Հրապարակը իր հոդվածում մեջբերելով «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ մամուլի ծառայության պետ Վարդան Ալոյանի խոսքը՝ գրում է, որ գնացքն ուղարկվում է ՌԴ, որպեսզի փոխարինվի մեր ռելիեֆին, կլիմայական պայմաններին առավել համապատասխանող գնացքով։ Հաջորդիվ հղում կատարելով աշխատակիցներից «ոմանց» կարծիքին՝ նշվում է, որ նոր էլեկտրագնացք Հայաստան այլևս չի բերվելու, կամ այն փոխարինվելու է ավելի ցածր դասի գնացքով։
Տեղեկությունը ստուգելու նպատակով մենք ևս կապ հաստատեցինք Վարդան Ալոյանի հետ։ Վերջինս գնացքը վերադարձնելու մասին տեղեկությունը ծիծաղելի որակեց․ «Էլեկտրագնացքը չի վերադարձվում։ Պարզապես մի քանի դետալ փոխելու անհրաժեշտություն կա։ Ամենայն հավանականությամբ, ոչ թե գնացքը կուղարկվի Ռուսաստան, այլ այնտեղի մասնագետները կգան մեզ մոտ՝ իրենց հետ բերելով անհրաժեշտ դետալները՝ որոշ փոփոխություններ կատարելու համար»։
Հարկ ենք համարում նշել, որ դեռևս հոկտեմբերին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության տարածած հաղորդագրության մեջ հստակ գրված էր, որ գնացքը թեստային փորձարկման փուլ պետք է անցներ՝ ստուգելու համար դրա տեխնիկական վիճակը, համապատասխանությունը Հայաստանի ռելիեֆային պայմաններին, երկաթուղային ճանապարհներին։
Հիշեցնենք նաև, որ էլեկտրագնացքը Հայաստան էր բերվել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի և «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի ղեկավարության միջև տեղի ունեցած հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն: Հոկտեմբերին նաև իրականացվել էր փորձնական երթ դեպի «Մասիս» կայարան, որի ժամանակ էլեկտրագնացքի ուղևորների թվում էին Հայաստանի և Ռուսաստանի տրանսպորտի նախարարները։