Վերջին տարիներին Հանրապետությունում աճել է ավտոմեքենաների քանակը։ Դրան զուգահեռ ավելացել են վարորդները, հաճախացել են ճանապարհատրանսպորտային պատահարները։
Դատելով տարեկան արձանագրվող ճանապարհատրասնպորտային պատահարների քանակից, ինչպես նաև արձանագրված տուգանքների քանակից՝ կարելի է եզրակացնել, որ վարորդները լավ չեն տիրապետում Ճանապարհային երթևեկության անվտանգության կանոններին։
Փողոցում հաճախ կարելի է տեսնել հետիոտնին չզիջող, չամրակապված, առանց լուսային թարթիչի երթևեկության շարք փոխող, ղեկին ծխող և բազում այլ վտանգավոր խախտումներ անող վարորդների։ Այդ բոլոր վարորդները, սակայն, ստացել են վարորդական իրավունքի վկայականներ։
Շատերին է ծանոթ վկայական ստանալու «կարգը»․ տեսուչին վճարում ես 60-80 հազար դրամ և ստանում ես վկայականը, նույնիսկ եթե վարել չգիտես։ Իրականում, սակայն, անհրաժեշտ է սովորել ճանապարհային երթևեկության կանոնները, պատասխանել 10 հարցից առնվազն 9-ին, այնուհետև հաճախել ավտոդպրոց և մեքենա վարել սովորել, հանձնել գործնական քննությունը։ Վկայականը տրամադրվում է միայն նրանից հետո, երբ տեսուչը համոզվում է, որ անձը բավարարում է պահանջվող բոլոր պայմաններին և վտանգ չի ներկայացնում իր և երթևեկության այլ մասնակիցների համար։ Դատելով հանձնած քննությունների և հանձնած վկայականների վիճակագրությունից՝ հաճախ գործել է «մաղարիչի սկզբունքը»։
2016 թվականին Երևանի ՃՈ հաշվառման-քննական բաժնում վարորդականի գործնական քննություն է հանձնվել 7036 անգամ, որի արդյունքում 4997 մարդ ստացել է վարորդական վկայական։ Այլ կերպ ասած, քննությունից «կտրվել» է դիմորդների 29%-ը։
2016 թվականի ցուցանիշները
Նույն տարում, օրինակ, Արտաշատի բաժնում վարորդական վկայական են ստացել քննություն հանձնածների ավելի քան 96%-ը, իսկ Աշտարակում՝ 97%-ը։ Կոտայքի մարզի Նոր գյուղի բաժնում վարորդական իրավունք ստացել է ավելի շատ մարդ, քան Երևանում, այստեղ քննությունը չեն կարողացել հանձնել դիմորդների ընդամենը 3․9%-ը, մինչդեռ Երևանում՝ 29%-ը։
2017 թվականի համար իրավիճակը համանման է։ Երևանում դիմողների 81%-ը ստացել է վարորդական վկայականներ՝ 7866 մարդուց 6394-ը։ Իսկ Կոտայքի նույն բաժնում վկայական է ստացել դիմողների 99%-ը։
Փաստորեն, Կոտայքի բաժնում քննություն հանձնողներից գրեթե ոչ ոք երբեք չի «կտրվում» և հաջողությամբ ստանում է վկայական։
Իրավիճակն ավելի մտահոգիչ է մյուս մարզերի դեպքում։ Արտաշատում գործնական քննություն հանձնողների 99․5%-ը ստացել է վկայական, Արմավիրում՝ 99․6%-ը, Աշտարակում՝ 99․8%-ը, իսկ Մարտունիում՝ 99․9%-ը։