Օգոստոսի 1-ին տեղի ունեցած կառավարության նիստում որոշվեց Հայաստանում ստեղծել «Ատոմային նոր էներգաբլոկի կառուցում» փակ բաժնետիրական ընկերություն։ Կառավարության որոշման հիմնավորման համաձայն՝ ընկերության կանոնադրական կապիտալի չափը կսահմանվի 2 մլրդ դրամ, որը բաժանված է 20000 հատ հասարակ բաժնետոմսի` յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով: Ընկերության բոլոր բաժնետոմսերը պատկանում են Հայաստանի Հանրապետությանը: Նորաստեղծ ընկերությունը կզբաղվի նոր ատոմային էներգաբլոկի (էներգաբլոկների) կառուցման ծրագրի կառավարմամբ։
«Փաստերի ստուգման հարթակը» ուսումնասիրել է վերջին տարիներին Հայաստանում նոր ատոմակայան կառուցելու շուրջ հնչած խոստումներն ու հայտարարությունները։
Նոր ատոմակայանի ոդիսականը
Հայաստանում վաղուց է քննարկվում նոր ատոմակայան կառուցելու հարցը, ծրագրեր կային դեռևս 1990-ականներից։ Մեծամորի գործող ատոմակայանը` Հայկական ատոմային էլեկտրակայանը (ՀԱԷԿ), որը Խորհրդային Միության ժամանակներից մնացած ժառանգություն է, Հայաստանում էլեկտրաէներգիայի ստացման հարցում առանցքային դեր ունի։ Մասնավորապես, Մեծամորի ատոմակայանն այժմ ապահովում է Հայաստանում արտադրվող էլեկտրաէներգիայի 30-35%-ը։ Վիճակագրական կոմիտեի տվյալներով, 2023-ին՝ 32 տոկոսը։ Ատոմակայանի առաջին էներգաբլոկը շահագործման է հանձնվել 1976-ին, չորս տարի անց՝ 1980-ին շահագործվել է 2-րդ էներգաբլոկը։ 1989-ի փետրվարին և մարտին դադարեցվել է աշխատանքը։ 1995-ին վերաբացվել է 2-րդ էներգաբլոկը։ 1-ին էներգաբլոկը 1988-ի երկրաշարժից հետո մինչ այսօր չի շահագործվում։
Այժմ շահագործվում է ատոմակայանի միայն մեկ էներգաբլոկ, որի շահագործման ժամկետը պետք է ավարտվեր 2016-ին։ Այն պարբերարաբար երկարաձգվել է։ Կառավարության 2023-ի որոշմամբ՝ այդ էներգաբլոկը նախատեսվում է շահագործել մինչև 2036 թվականը։
2012-ին Մեծամորում նախընտրական ելույթի ժամանակ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարել էր, որ 1995-ից Հայաստանը շատ լուրջ բանակցություններ է վարել Ֆրանսիայի հետ նոր 1200 ՄՎտ հզորությամբ ատոմակայան կառուցելու համար։
2005 թվականին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որի իշխանության տարիներին «գույք պարտքի դիմաց» պայմանագրով ՀԱԷԿ-ը շահագործման հանձնվեց ռուսական կողմին, ելույթ ունենալով ԵՊՀ տնտեսագիտական ֆակուլտետի ուսանողների առջև հայտարարել էր․ «Ես չեմ բացառում Հայաստանում նոր ատոմակայանի կառուցման հնարավորությունը»։ Իսկ 2007 թվականին հայտարարել էր․ «Ենթադրում եմ, որ 2012-2013 թվականներին գործնական աշխատանքներ կսկսվեն նոր ատոմակայանի հետ կապված կամ առկա ատոմակայանի արդիականացման հարցում»։
2008թ. հոկտեմբերին՝ ժողովրդին և Ազգային ժողովին ուղղված իր ուղերձում նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր. «Առաջիկա ամիսների ընթացքում Հայաստանը սկսում է նոր ատոմակայան կառուցել։ Հարցնում եք` կկարողանանք, պատասխանում եմ, որ կկարողանանք: Հեշտությամբ կկարողանանք, եթե միասին գործենք»։
Ոչ միայն ամիսների, այլ տարիների ընթացքում գործնական ոչինչ չի արվել և միայն երկու տարի անց այդ ժամանակի Հանրապետական իշխանությունները սկսեցին խոսել ոչ թե նոր ատոմակայանի, այլ նոր էներգաբլոկների մասին․ 2010-ի օգոստոսին, Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների միջև ստորագրվել է Հայաստանում ատոմային էլեկտրակայանի նոր էներգաբլոկներ կառուցելու համագործակցության համաձայնագիրը, ըստ որի՝ պետք է կառուցվեր 1060 ՄՎտ ատոմային էլեկտրակայանի նոր էներգաբլոկներ։
2012-ին ՀՀ երրորդ նախագահը հայտարարել էր, որ 2014-ին կսկսվեն Մեծամորի ատոմակայանի նոր միջուկային էներգաբլոկի շինարարության հողային աշխատանքները։ Իսկ շատ ավելի ուշ արդեն ժամկետները զգալի փոխվեցին` 2017-ին հայտարարել է, թե ատոմային նոր էներգաբլոկների շինարարությունը կիրականացվի 2027-ից հետո։
Գործող իշխանությունը և նոր ատոմակայանի ուրվականը
2019 թվականի դեկտեմբերի 23-ին Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախկին նախարար Սուրեն Պապիկյանը հայտնել էր, թե կառավարությունը քննարկում է նոր, ավելի փոքր ատոմակայան կառուցելու հարցը։
2021-ի ապրիլին վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը նշել էր, թե ցանկանում է «քննարկել Հայաստանում նոր ատոմակայանի կառուցման հնարավորությունը»։
Նույն տարում՝ նոյեմբերին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ կառավարությունը նախատեսում է նոր ատոմակայան կառուցել և այդ հարցով քննարկումներ են ընթանում՝ հաշվի առնելով այն, որ գործող ատոմակայանը կարող է աշխատել մինչև 2036 թվականը։
2022 թվականի հունվարի 20-ին Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքում «Ռոսատոմ» պետական կորպորացիան և Հայկական ատոմային էլեկտրակայանի ղեկավարությունը ստորագրել էին Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսական դիզայնով նոր ատոմային էներգաբլոկների կառուցման հարցով հնարավոր համագործակցության ուսումնասիրման համար փոխըմբռնման հուշագիր։ Իսկ անցյալ տարվա դեկտեմբերին Երևանում կայացած Հայաստանի և Ռուսաստանի տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստում ստորագրվել էր Մեծամորի ատոմակայանի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետը 10 տարով երկարացնելու մասին համաձայնագիր:
2022 թվականի ապրիլի 25-ին տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանը հայտարարել էր, որ Հայաստանը գործուն քայլեր է ձեռնարկում նոր ատոմակայանի կառուցման ուղղությամբ, և այդ նպատակով Երևանն ու Մոսկվան համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել: «Ինչ վերաբերում է նոր ատոմային էներգաբլոկին, մենք ոչ միայն հակված ենք, մենք երկկողմանի ստեղծել ենք աշխատանքային խումբ, որն աշխատում է, արդեն առաջին համատեղ նիստն ունեցել ենք: Այս պահին տեխնիկա-տնտեսական հիմնավորման վրա ենք աշխատում, և այո, մենք կառուցելու ենք նոր էներգաբլոկ», — նշել էր Վարդանյանը:
Հայկական ատոմային էլեկտրակայանի (ՀԱԷԿ) երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքները և նոր էներգաբլոկի կառուցման հարցը 2023 թվականի մայիսի 2-ին կայացած հանդիպման ժամանակ քննարկել են վարչապետ Նիկոլ Փաշինյանը և «Ռոսատոմ» պետական կորպորացիայի ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը:
2023 թվականի մայիսի 24-ին Ազգային ժողովում Կառավարության հարց ու պատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադառնալով տարածված տեղեկությանը, թե ԱՄՆ-ն դիտարկում է Հայաստանում փոքր մոդուլային միջուկային ռեակտորներ կառուցելու հնարավորությունը, հայտարարել էր, որ մտադրություն ունեն զարգացնելու Հայաստանի միջուկային կարողությունները։
«Ցավոք, մեր գործող ատոմակայանը ունի մեկ վերջնաժամկետ, որից հետո այն չենք կարող շահագործել: Հիմա մենք շատ ակտիվ մի քանի գործընկերների հետ բանակցում ենք ատոմակայան կառուցելու հարցի շուրջ, այդ բանակցությունները վարվում են և՛ Ռուսաստանի, և՛ ԱՄՆ-ի, և երրորդ երկրների հետ: Հիմա դիտարկում ենք, թե այդ տարբերակներից որն է տնտեսապես ավելի շահավետ», — հավելել էր Փաշինյանը, ընդգծելով՝ «առաջիկայում Հայաստանից պատվիրակություն կմեկնի ԱՄՆ, որ տեղում ավելի մանրամասն ծանոթանան մոդուլային տիպի ատոմային էլեկտրակայանների հնարավորություններին»:
Վարչապետի այս հայտարարությունից մի քանի օր անց, խորհրդարանում բյուջետային քննարկումների ժամանակ շարունակելով թեման Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը նկատել էր, որ նոր ատոմակայանի կառուցումը բարդ ընտրություն է ենթադրում, քանի որ հարկավոր է հասկանալ, թե ինչ հզորության ատոմակայան է կառուցվելու։ «Ու քանի որ նոր ատոմակայանը կառուցվում է 100 տարվա համար, մենք պետք է 2036 թվականից ու դրան հաջորդող 100 տարիների համար հաշվարկներ անենք։ Օրինակ, մենք պետք է հաշվենք, թե 2080 թվականին մենք որքան էլեկտրաէներգիա կտանք Իրանին կամ կտա՞նք, թե՞ չենք տա, Վրաստանին էլեկտրաէներգիա կտա՞նք, թե՞ չենք տա։ Պետք է հասկանալ, թե ինչպիսին կլինեն Հայաստան-Թուրքիա հարաբերությունները, Թուրքիան Հայաստանից էլեկտրաէներգիա կգնի՞, թե՞ ոչ, որովհետև Թուրքիայի արևելյան շրջանները հիմա դրա կարիքն ունեն»։
2023 թվականի հունիսի 6-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծվել էր նոր միջուկային էներգաբլոկ կառուցելու հարցով միջգերատեսչական աշխատանքային խումբ:
Այս տարվա ընթացքում Հայաստանում առավել ակտիվացել են քննարկումները ատոմակայանի կառուցման-չկառուցման շուրջ։ Խոսվել է նաև նվազ հզորությամբ ամերիկյան մոդուլային ատոմակայան կառուցելու հնարավորության մասին։
2024 թվականի փետրվարի 2-ի կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ՀՀ կառավարությունը քննարկում է մոդուլային ատոմակայան ունենալու հարցը: «Մոդուլային ատոմակայանի առավելությունն այն է, որ վթարի դեպքում շրջակա բնակավայրերի բնակիչներին չեն տարհանում, քանի որ հնարավոր է դառնում վթարը լոկալիզացնել ու վերացնել։ Մենք պետք է գնանք անհրաժեշտ համաձայնագրերի ստորագրմանը, որպեսզի այդ ուղղությամբ մեր տեղեկատվությունն ընդլայնվի, ու մենք ավելի մանրամասնորեն տիրապետենք թեմային։ Այս պահին մենք ուսումնասիրում ենք ատոմակայանների բոլոր հնարավոր տարբերակները, թե որ առաջարկն է առավել համապատասխանում ՀՀ շահերին։ Այս պահին դեռ չկա վերջնական որոշում, քանի որ քննարկումները դեռ շարունակվում են»,– ասել էր Փաշինյանը։
2024 թվականի մարտին Սոչիում կայացած «Ատոմէքսպո-2024» միջազգային համաժողովի շրջանակում ճեպազրույցի ժամանակ Հայկական ԱԷԿ-ի գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը հայտնել էր, որ նոր ատոմակայանի կառուցման համար ՀՀ-ն, բացի ՌԴ-ից, առաջարկներ է սպասում նաև Հարավային Կորեայից, Չինաստանից, Ֆրանսիայից, ԱՄՆ-ից։ Համաժողովի շրջանակներում Հայկական ԱԷԿ-ը և «Ռուսատոմ Սերվիսը» պայմանագիր էին ստորագրել Հայկական ԱԷԿ-ի էներգաբլոկի ռեակտորային բաժանմունքի սարքավորումների մատակարարման և հովացման համակարգի արդիականացման վերաբերյալ:
2024 թվականի ապրիլի 26-ին տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը դարձյալ խոսում է նոր ատոմակայան կառուցելու նպատակների մասին «Ներկայումս իրականացվում են տեխնիկատնտեսական հետազոտություններ, որոնք հնարավորություն կտան հասկանալ, թե Հայաստանի պարագայում որ տեխնոլոգիան և ինչ հզորության կայանն առավել արդյունավետ և տնտեսապես շահավետ կլինի»։ Նա նաև հավելել է, որ Հայաստանում նոր ատոմակայանի կառուցման տեխնիկատնտեսական ուսումնասիրություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ, սակայն Ռուսաստանի հետ համագործակցությունը նույնպես շարունակվում է:
Ավելի ուշ՝ արդեն հուլիսի 15-ին այս պաշտոնյան, որը համակարգում է ՏԿԵՆ էներգետիկ ոլորտը DW-ի հետ զրույցում ասել էր․ «Հայաստանում նոր ատոմակայանի կառուցման նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերել այնպիսի երկրներ ինչպիսիք են՝ ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Հարավային Կորեան և Չինաստանը».
2024 թվականի հուլիսի 3-ին Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ մասնակցելով «ՀՀ-Արևելյան գործընկերություն-ԵՄ․ մարտահրավերներն ու հնարավորությունները» խորագրով պանելային քննարկմանը մանրամասնել էր, որ նոր ատոմակայան կառուցելու հետ կապված Հայաստանը մտել է առարկայական փուլ։ «Նոր ատոմակայանի կառուցման հետ կապված մտել ենք շատ առարկայան փուլ։ Մենք հիմա ԱՄՆ-ի հետ քննարկում ենք իրավապայմանագրային դաշտը կարգավորելու հարցը՝ առանց դրա չենք կարող առաջ ընթանալ։ Այս պահին կարող եմ ասել, որ գնդակը ԱՄՆ-ի դաշտում է։ Մենք ակնկալում ենք Միացյալ Նահանգների ներհամակարգային գործընթացների անցկացում և այնուհետև կսկսենք աշխատել»,— նշել էր Գրիգորյանը։
Այսպիսով, տարիներ շարունակ Հայաստանում նոր ատոմակայանի կառուցման շուրջ քննարկումներ են ընթացել, երկրի տարբեր ղեկավարներ արտաքուստ վճռականություն են դրսևորել այն կառուցելու հարցում, սակայն գործնական ոչինչ չի արվել։
Սյուզաննա Համբարձումյան