Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 22-ին ասուլիս է տվել: Դրա զգալի մասը վերաբերում էր հայ-ադրբեջանական կարգավորմանը և Արցախի խնդրին:
Նա կրկին խոսել է ԼՂ հակամարտության բանակցային շրջանի՝ տարբեր տարիների տարբերակների մասին: Փաշինյանը, մասնավորապես, հիշեցրել է, որ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ 1997-ին հրապարակված «Պատերազմ, թե խաղաղություն. լրջանալու պահը» հոդվածում ասվում է, որ Լեռնային Ղարաբաղի անկախության հարցում մենք բարեկամներ չունենք, ըստ էության՝ ասել է, որ ԼՂ անկախության հասնելը հնարավոր չէ:
«Հաջորդը՝ 98 թ.-ին տեղի է ունեցել իշխանության փոփոխություն և Հայաստանի Հանրապետությունը բանակցային գործընթացից դուրս է թողել Ղարաբաղին, որից հետո որպես բանակցությունների հիմք ընդունվել է «Ընդհանուր պետության» տարբերակը, որտեղ արձանագրված է, որ Լեռնային Ղարաբաղը ինչ-որ տիպի միավորվում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում: … Որից հետո քննարկվել է ՀՀ և Ադրբեջանի միջև տարածքների փոխանակման բանակցային փաթեթը, որը հրապարակված է, բոլորդ տեղյակ եք՝ Մեղրիի շրջանը հանձնելու դիմաց Ղարաբաղը ստանալը»,- ասել է Փաշինյանը:
Լեռնային Ղարաբաղի՝ բանակցությունների սեղանից դուրս մնալու հանգամանքները երկար տարիներ շահարկման առարկա են եղել Հայաստանի ներքաղաքական կյանքում: Դեռևս 2019 թ.-ին FIP.am-ը անդրադարձել է թեմային: Այն ժամանակ մեր ուսումնասիրությունը պարզել էր, որ Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև վերջին եռակողմ հանդիպումը տեղի է ունեցել Մոսկվայում 1997 թվականի գարնանը: Այդ հանդիպումից հետո էլ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը շարունակել է հանդես գալ որպես բանակցությունների կողմ։ Այդ մասին է վկայում այն, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի՝ 1998 թվականի նոյեմբերի 10-ին հակամարտության կողմերին առաջարկված «Ընդհանուր պետություն» տարբերակը հասցեագրված է նաև Լեռնային Ղարաբաղին։ Ռոբերտ Քոչարյանը ՀՀ նախագահ էր դարձել 1998 թվականի ապրիլին, իսկ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ՄԽ համանախագահների կողմից որպես հակամարտության կողմ դիտարկվում էր, առնվազն, մինչև 1998 թվականի նոյեմբերը։ Հետևաբար, Փաշինյանն այս դրվագում ճիշտ է՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը դուրս է մնացել բանակցային գործընթացից 1998 թ.-ի իշխանափոխությունից հետո:
«Մեղրիի փոխանակումը Ղարաբաղի հետ»
Բանակցությունների Քիվեսթյան տարբերակը և Մեղրիի հարցը նույնպես ժամանակ առ ժամանակ դառնում են քննարկման առարկա: Սակայն Նիկոլ Փաշինյանը միանշանակ կեղծ պնդում է անում՝ ասելով, թե ՀՀ և Ադրբեջանի միջև տարածքների փոխանակման բանակցային փաթեթը հրապարակված է: Քի Վեսթի բանակցությունների փաստաթուղթը չի հրապարակվել, ինչն էլ հետագայում դարձել է տարատեսակ մեկնաբանությունների և մանիպուլյացիաների առարկա:
Ինչ վերաբերում է Մեղրիի՝ Ղարաբաղի դիմաց փոխանակման հարցին, ապա այս թեմային ևս «Փաստերի ստուգման հարթակն» անդրադարձել է:
Ըստ լրագրող Թաթուլ Հակոբյանի՝ «Տարածքների փոխանակման կամ Մեղրիի տարբերակ քննարկվել է, սակայն Քոչարյանը մերժել է այն, քանի որ Հայաստանը չէր կարող ամբողջությամբ կորցնել Իրանի հետ սահմանը: Իսկ Քի Վեսթում մշակված տարբերակով, որը ստացել էր փաստաթղթային տեսք և որպես ոչ պաշտոնական առաջարկ ներկայացվել հակամարտության կողմերին, նախատեսում էր կարգավորման հասնել միջանցքների ստեղծումով»:
2001-ին Քի Վեստում Հայաստանի և Ադրբեջանի նախագահները քննարկել են Մեղրիով Ադրբեջանի արևելյան տարածքների և Նախիջևանի ինքնավար հանրապետության միջև ճանապարհ/միջանցք բացելու տարբերակը։ Ըստ դրա՝ հայկական կողմին էր տրամադրվում Լաչինի միջանցքը, որը միացնելու էր Հայաստանն ու Արցախը: Ըստ այս տարբերակի, հայկական ուժերը դուրս էին գալու ԼՂԻՄ-ից դուրս գտնվող 7 շրջաններից՝ բացի միջանցքից, իսկ ադրբեջանական կողմը Մեղրիի շրջանում ստանալու էր սուվերեն անցում, որը կապելու էր Ադրբեջանը Նախիջևանի հետ։ Մեղրիի միջանցքն ունենալու էր 40 կմ երկարություն և 8 մ լայնություն։ Սկզբնական շրջանում քննարկվում էր էստակադայով Նախիջևանն ու Ադրբեջանն իրար կապելու տարբերակը։ Այնուհետև առաջարկվեց ճանապարհ Արաքսի ափով, որը Մեղրիի շրջանում՝ բնակավայրերի հանդիպելու դեպքում, դառնալու էր էստակադա, ապա կրկին իջնելու էր գետնի վրա:
Ե՛վ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը, և՛ այն ժամանակվա արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը հերքում են Մեղրիի շրջանը Լաչինի հետ փոխանակելու մասին տեղեկությունները: Ըստ նրանց՝ քննարկվել է միայն Մեղրիով Նախիջևանն Ադրբեջանին կապող ճանապարհ տրամադրելու տարբերակը։
Քոչարյանն իր «Կյանք և ազատություն» գրքում, որոշ մանրամասներ ներկայացնելով բանակցային գործընթացի վերաբերյալ, նաև գրել է (էջ 382), որ ինքն ու Ալիևը «ընդհանուր առմամբ՝ բավական մոտեցել էին այն տարբերակին, որի դեպքում Ադրբեջանը Ղարաբաղը՝ Լաչինի միջանցքով, ճանաչում է Հայաստանի մաս՝ մեր կողմից զբաղեցրած տարածքների և Մեղրիով Նախիջևան ճանապարհի հատուկ կարգավիճակի դիմաց, որը պետք է պարեկեին միջազգային խաղաղապահները»։
Հետևաբար, Նիկոլ Փաշինյանի պնդումը, թե Ղարաբաղի դիմաց Մեղրին պետք է հանձնվեր Ադրբեջանին, մանիպուլյատիվ է:
Լուսինե Ոսկանյան