Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը 2019-ի նոյեմբերի 4-ին ֆեյսբուքյան իր էջում հայտարարել էր, որ շուտով կսկսվեն Նորք-Մարաշ վարչական շրջանի և Սարի թաղի հատման կետում գտնվող՝ նախկինում անտառապատ տարածքների վերականգման աշխատանքները։ Այդ լուրով իր էջում կիսվել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Փաստերի ստուգման հարթակը» որոշեց պարզել, թե ինչ փուլում է անտառի վերականգման գործընթացն այսօր։
Անտառի պատմությունը
Ըստ Երևանի անտառատնտեսության պետ Վարդան Հովհաննիսյանի՝ այգին տնկվել է խորհրդային ժամանակաշրջանում՝ 1940-50-ական թվականներին։ Անտառը մասնակի հատվել է 1990-ականների էներգետիկ ճգնաժամի ժամանակ։ Այն վերականգնելու աշխատանքները սկսվել են 2004-ին։ Սակայն վերականգնումն ամբողջական բնույթ չի կրել և անտառի մի զգալի մասը մինչ օրս ամայի է։
Սա հստակ երևում է ստորև ներկայացված լուսանկարներում։
2019-ի նոյեմբերի 28-ին կառավարության նիստում շրջակա միջավայրի նախկին նախարար Էրիկ Գրիգորյանը հայտնել էր, որ անտառը նախկինում ավելի մեծ է եղել, և այսօր դրա մի մասի գոտիավորումը փոխվել է և կառուցապատվել է։
Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինության վարչության կողմից պատրաստված Նորք-Մարաշ համայնքի տարածքի գոտիավորման 2006 թվականի նախագծով Նորքի անտառի հյուսիսային մասը, որը մոտ է Նորք-Մարաշի բնակեցված հատվածին, պետք է կառուցապատվի, և անտառի միայն հարավային կեսն է նախատեսվում պահպանել որպես անտառ։
Կառավարությունը գումար է հատկացնում
Աղաջանյանի հայտարարությունից շաբաթներ անց՝ 2019 թ. նոյեմբերի 28-ին, կառավարության որոշմամբ 6 մլն դրամ հատկացվեց Երևանի անտառպետության 45 հեկտար տարածքում կաթիլային ոռոգման համակարգի ներդրման նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման համար։ Այդ օրը կայացած կառավարության նիստում շրջակա միջավայրի նախկին նախարար Էրիկ Գրիգորյանը հայտնեց, որ Նորքի անտառի ամբողջ տարածքը կազմում է 56 հեկտար, որից 20 հեկտարը գրեթե ամայի է և առաջնային պետք է վերականգնվի, իսկ մնացածում կան որոշակի անտառային հատվածներ, որոնցում ևս աշխատանքներ պետք է արվեն։
Ըստ նախնական գնահատականի՝ տարածքում կաթիլային ոռոգման համակարգի ներդրման համար անհրաժեշտ է մոտ 120 մլն դրամ:
Ինն ամիս անց
Մեր հարցմանն ի պատասխան՝ Շրջակա միջավայրի նախարարությունից տեղեկացրեցին, որ վարչապետ Փաշինյանի՝ 2020 թ. օգոստոսի 27-ի հանձնարարականով ներկայումս մշակվում են Երևանի անտառպետության՝ հեռուստաաշտարակի հարակից տարածում նախատեսվող կաթիլային ոռոգման համակարգի ներդրման նախագծանախահաշվային փաստաթղթերը։ Դրանց մշակումից հետո պետք է ներկայացվի շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննությունը։ Եվ միայն փորձաքննության՝ դրական եզրակացություն ստանալուց հետո փաթեթը կներկայացվի ֆինանսավորման։
Փաստացի՝ կառավարությունը դեռ անցած տարվա նոյեմբերի վերջին էր գումար հատկացրել Նորքի անտառում կաթիլային ոռոգման համակարգի ներդրման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման համար, և ինն ամիս անց է միայն եղել վարչապետի հանձնարարականը՝ այդ աշխատանքները սկսելու մասին։
Հովհաննես Նազարեթյան