Ըստ Նոտարական պալատի տվյալների՝ Հայաստանում 110 գործող նոտար կա, որից 54-ը՝ Երևանում։
«Փաստերի ստուգման հարթակը» բողոքներ էր ստացել քաղաքացիներից նոտարական ծառայության դիմաց վարձատրության որոշ խնդիրների վերաբերյալ, ինչից հետո FIP.am-ի թղթակիցն այցելել է Երևանի տարբեր վարչական շրջաններում գտնվող 10 նոտարական գրասենյակներ, ներկայացել է որպես նոտարական գրասենյակի հաճախորդ, ծառայություն է պատվիրել և վեր հանել նոտարական ծառայության հետ կապված որոշ խնդիրներ ու խախտումներ։
Նոտարական պալատի կայքում նշված են նոտարների աշխատանքային ժամերը։ Չնայած որպես աշխատանքի սկիզբ նշվում է ժամը 9։00-ն կամ 10։00-ն, այնուամենայնիվ, ոչ բոլոր նոտարներն են նշված ժամին գալիս աշխատանքի։ Նոտարներից մեկը առավոտյան 9։25-ին տեղում չէր, աշխատակիցը խնդրեց 11։00-ին գալ։ Երբ մոտակա նոտարական գրասենյակի տեղը հարցրինք, պատասխանեց, որ նոտարները սովորաբար գալիս են 11։00-ին, ուստի խորհուրդ չի տա այլ գրասենյակ այցելել։ Նույնը՝ այլ նոտարական գրասենյակներում։
Արձանագրված մյուս խնդիրները վերաբերում են սպասասրահում փակցված տեղեկատվական պաստառներին, նոտարի ծառայության դիմաց վճարի մասին պաստառների բացակայությանը կամ ոչ տեսանելի վայրում փակցված լինելուն, ՀԴՄ (հսկիչ դրամարկղային մեքենա) կտրոն չտրամադրելուն, ինչպես նաև փաստաթղթում նշված գումարի և փաստացի գանձված գումարի անհամապատասխանությանը։
Ինչ է պահանջում օրենքը
Համաձայն «Նոտարիատի մասին օրենքի» 15 հոդվածի 4-րդ կետի՝ նոտարական գործողությունների սակագները հաստատում է կառավարությունը: Դրանք հաստատված են կառավարության 2011 թ․ մայիսի 26-ի N-733 որոշմամբ։
Նոտարի մատուցած ծառայությունների համար վճարի չափը սահմանում է նոտարը:
Նոտարական գործողությունների դիմաց գանձվում է նաև պետական տուրք։ «Պետական տուրքի մասին» օրենքով հաստատված են յուրաքանչյուր նոտարական գործողության համար նախատեսված դրույքաչափերը։
Պետական տուրքի չափը հստակ է, սակայն նոտարական յուրաքանչյուր ծառայության դիմաց վճարը կարող է տատանվել ֆիքսված գնային միջակայքում։
Պետական տուրքի դրույքաչափերը սահմանվում են գնահատման ենթակա գույքի արժեքի կամ օրենքով սահմանված բազային տուրքի նկատմամբ։ Բազային տուրքի չափ է սահմանված 1000 դրամը։ «Պետական տուրքի մասին» օրենքում նշված են նոտարական գործողությունների համար դրույքաչափերը։ Օրինակ՝ փաստաթղթերի պատճենների և դրանցից քաղվածքների յուրաքանչյուր էջի իսկության վավերացման համար դրույքաչափը սահմանված է բազային տուրքի 30 տոկոսի չափով, բազային տուրքը 1000 դրամ էր սահմանված, այսինքն՝ 30 տոկոսի չափով հաշվարկելու դեպքում պետական տուրքն այս ծառայության համար կկազմի 300 դրամ։
Տեղեկատվական պաստառների առկայության դեպքում քաղաքացին կարող է տեսնել, թե կոնկրետ որքան գումար է սահմանված նոտարական ծառայության համար և որքան է կազմում պետական տուրքը տվյալ ծառայության համար։
Մեր այցելած նոտարական գրասենյակներում ներկայացված տեղեկատվությունը հիմնականում մատչելի չէ հաճախորդի համար․ սովորաբար փակցված են սակագների վերաբերյալ կառավարության որոշումը և «Պետական տուրքի մասին» օրենքի՝ նոտարական ծառայությանը վերաբերող վճարների հատվածը։ Այսինքն՝ քաղաքացին ինքնուրույն պետք է գլուխ հանի, որ կառավարության որոշման մեջ նշված նվազագույն աշխատավարձի գործակիցը 1000 դրամն է, հետո հասկանա, թե տվյալ ծառայության համար պետական տուրքը որքան է կազմում, օրինակ՝ բազային տուրքի հիսուն տոկոսի չափով վճարը որքան կկազմի, այնուհետև գումարի իրար՝ ծառայության ընդհանուր արժեքը հասկանալու համար։
Վերևում արդեն նշել էինք, որ որոշ նոտարական ծառայությունների դեպքում գները կարող են տատանվել որևէ գնային միջակայքում, այդ դեպքում արդեն նոտարն է որոշում՝ այդ գնային միջակայքում ինչ գին սահմանել։
Յուրաքանչյուր նոտար Հայաստանի կառավարության կողմից սահմանված սակագների շրջանակներում սահմանում է իր ծառայության սակագինը․ ամեն դեպքում՝ նշված գնային միջակայքից բարձր գին նոտարը չի կարող սահմանել։ Օրինակ՝ անշարժ գույքի օտարման (փոխանակման, առուվաճառքի, հանձնման և այլն) պայմանագրերը վավերացնելու համար նոտարական վճար է սահմանված 10-15 հազար դրամը, նոտարը կարող է պահանջել առավելագույնը 15 հազար դրամ կամ այս միջակայքում ընկած վճար, օրինակ՝ 12 հազար դրամ։
Նոտարի կողմից կատարվող յուրաքանչյուր նոտարական գործողության վճարը ներառում է տվյալ գործողության համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերի ուսումնասիրումը, պարզաբանումը, փաստաթղթերի պատրաստումը և տրամադրումը: Բացառություն են կազմում խառը և բարդ պայմանագրերը, անձանց առաջարկությունների հիման վրա կազմված գործարքները, որոնց պարագայում իրավական օգնության, խորհրդատվության, ոչ ստանդարտ փաստաթղթերի պատրաստման և տրամադրման համար կարող է գանձվել լրացուցիչ վճար՝ ծառայության մատուցման համար անհրաժեշտ յուրաքանչյուր ժամի համար։
Քաղաքացին կարող է նույն գործարքն անել ցանկացած նոտարական գրասենյակում, ուստի եթե համաձայն չէ վերը նշված գնի հետ, կարող է այլ նոտարական գրասենյակ ընտրել։
ՀԴՄ կտրոն չեն տալիս կամ տալիս են ուզելուց հետո
Մեր այցելած 10 գրասենյակներից միայն 4-ում ծառայությունը մատուցելուց հետո անմիջապես ՀԴՄ կտրոն տրամադրեցին, մյուսները կտրոնը տրամադրեցին ակնհայտ դադարից հետո այն պահանջելուց հետո միայն (այս և բոլոր մյուս ներկայացված փաստերը ապացուցելի են, անհրաժեշտության դեպքում տվյալները կարող են տրամադրվել համապատասխան մարմիններին — խմբ․)։
Ուշագրավ է, որ Պետական եկամուտների կոմիտեից FIP.am-ի հարցմանն ի պատասխան հայտնում են, որ նոտարական գրասենյակներում 2019-ին հայտնաբերվել է հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառության կանոնների խախտման 2 դեպք, 2020-ին՝ 4, իսկ 2021-ին՝ 3 դեպք։ Մինչդեռ միայն մեկ շաբաթվա ընթացքում 10 նոտարական գրասենյակ այցելելու արդյունքում FIP.am-ը նման 6 դեպք է հայտնաբերել։
ՀԴՄ կտրոն տրամադրելու պարտավորությունը, ըստ էության, պատշաճ չեն կատարել (տվել են միայն պահանջելուց հետո կամ չեն տվել) նոտարներ Աննա Աբրահամյանը, Աստղիկ Մազմանյանը, Դիաննա Բեգլարյանը, Քրիստինե Արսենյանը, Տաթևիկ Մինասյանը, Հայկուհի Հարությունյանը։
Փաստացի գանձված գումարը տարբերվում է փաստաթղթում գրվածից
Բոլոր 10 դեպքերում FIP.am-ի թղթակիցը դիմել է միևնույն փաստաթղթի պատճենը նոտարի կողմից վավերացնելու համար։ Նույն ծառայության համար տարբեր նոտարական գրասենյակներում պահանջված վճարի չափը տարբեր էր։ Օրինակ՝ փաստաթղթի պատճենի նոտարական վավերացման համար Երևանում աշխատող 10 նոտարներից 6-ը պահանջել են ֏1300 դրամ, սակայն եղել են դեպքեր, երբ նույն ծառայության համար պահանջել են 1500, 1800, 2000 դրամ։
Բացի այն, որ նույն ծառայության համար տարբեր նոտարների առաջարկած գները տարբեր էին, որոշ դեպքերում անհամապատասխանություն կար նաև փաստաթղթում նշված գնի և փաստացի գանձված գումարի միջև։ Այսինքն, ՀԴՄ պահանջելուց հետո մեզ տրամադրել են կտրոն, որտեղ նշված էր գանձված գումարը, բայց նոտարի կողմից հաստատված փաստաթղթում այլ՝ ավելի փոքր գումար էր նշված։ Օրինակ՝ նոտար Քրիստինե Արսենյանը փաստացի ֏2000 է վերցրել, ինչը հաստատվում է պահանջելուց հետո տրված ՀԴՄ կտրոնով, բայց փաստաթղթում նշված է՝ ֏300 պետական տուրք և ֏500 ծառայության վճար (ընդհանուր՝ ֏800): Նոտար Դիաննա Բեգլարյանը և Տաթևիկ Մինասյանը պահանջել են ֏1800, նոտար Աստղիկ Մազմանյանը նույն փաստաթղթի պատճենի նոտարական հաստատման համար պահանջել է ֏1500, բայց տրամադրված փաստաթղթում բոլոր երեք դեպքերում նշված է՝ ֏300 պետական տուրք, ֏1000՝ ծառայության վճար (ընդհանուր՝ ֏1300)։
Կառավարության 2011 թ․ մայիսի 26-ի N 733 որոշման համաձայն՝ փաստաթղթերի պատճենները և դրանցից քաղվածքները վավերացնելու դրույքաչափը սահմանված է ֏1000, իսկ պետական տուրքն այս ծառայության համար սահմանված է ֏300:
Նոտար Աստղիկ Մազմանյանի տրամադրած փաստաթուղթն ու կտրոնը:
Քրիստինե Արսենյանի տրամադրած փաստաթուղթն ու կտրոնը։ Վճարվել է ֏2000, թեև տրված փաստաթղթով պետք է վճարվեր ֏800:
Դիաննա Բեգլարյանի տրամադրած փաստաթուղթն ու կտրոնը:
Նախկին և ներկա պաշտոնյանների հետ ազգակցական կապեր ունեցող նոտարները
Ըստ օրենսդրության՝ նոտար կարող են դառնալ իրավաբանի բակալավրի կրթությամբ 25 տարին լրացած անձինք, որոնք հանձնել են նոտարի որակավորման ստուգումը։
Նախկինում նոտար կարող էին դառնալ միայն այն անձինք, որոնք նոտարի մոտ 6 ամիս ստաժավորում էին անցել։ 2011-ին կատարված փոփոխության արդյունքում սահմանվեց, որ նոտարի պաշտոնում կարող է նշանակվել նաև իրավաբանի առնվազն 5 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ գիտական աստիճան ունեցող` Հայաստանի Հանրապետության գործունակ քաղաքացին` անկախ ստաժավորման հանգամանքից:
Նոտարների շարքում քիչ չեն նախկին և ներկա պաշտոնյաների հետ փոխկապակցված անձինք։ Օրինակ՝ մեր այցելած նոտարներից․
Աննա Աբրահամյանը նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի դուստրն է,
Քրիստինե Արսենյանը «Ջերմուկ» ՓԲԸ-ի հիմնադիր նախագահ, նախկին պատգամավոր Աշոտ Արսենյանի դուստրն է,
Դիաննա Բեգլարյանը Երևանի նախկին քաղաքապետ, նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի եղբոր՝ Յուրի Բեգլարյանի դուստրն է,
Աստղիկ Մազմանյանը Վարչական դատարանի դատավոր Արգիշտի Ղազարյանի կինն է, Աստղիկ Մազմանյանի քույրը ևս դատավոր է։
Շուշան Ստեփանյան, Հակոբ Կարապետյան