Politik.am կայքը օգոստոսի 29-ին հոդված էր հրապարակել՝ կասկածի տակ դնելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից իր Ֆեյսբուքյան էջում տեղադրված շնորհակալական մեկնաբանության հեղինակի իրական լինելը։
Վարչապետի՝ օգոստոսի 29-ին տարածած լուսանկարում Մարիամ Ավետիսյան անունով ֆեյսբուքյան օգտատերը նշում է, որ ունի խմորեղենի փոքրիկ արտադրություն, որի աշխատանքներն աշխուժացել են հեղափոխությունից հետո, ինչի համար շնորհակալություն է հայտնում վարչապետին։
Politik.am-ի հոդվածում գրառման հեղինակի էջը կասկածելի է որակվում։ Դրա համար հիմք է հանդիսացել նաև այն, որ կայքի լրագրողն անձնական նամակով փորձել է կապ հաստատել Մարիամ Ավետիսյան օգտատիրոջ հետ, սակայն արգելափակվել է։
«Փաստերի ստուգման հարթակին» հաջողվեց կապ հաստատել գրառման հեղինակի հետ և զրուցել։
Ես եմ Ձեզ շնորհակալ՝ Ձեր ջանքի, աշխատասիրության ու լավատեսության համար: Ու բոլոր այն մարդկանց, ովքեր իրենց անհատական…
Gepostet von Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան am Mittwoch, 28. August 2019
Վերջինս Ֆեյսբուքում ընդունեց մեր «ընկերության հրավերը» և նշեց, որ գլխավոր նկարում իր թոռնուհին է և էջը կեղծ չէ։ Օգտատիրոջ էջում առկա են բազմաթիվ անձնական նկարներ, որոնցից մի քանիսը ներկայացնում ենք ստորև։
Մարիամ Ավետիսյանը 2018-ին Երևան քաղաքի ավագանու արտահերթ ընտրությունների ժամանակ եղել է թիվ 8/18 տեղամասի հանձնաժողովի անդամ։
Մարիամ Ավետիսյանը նշեց, որ իր փոքրիկ խմորեղենի արտադրամասը գտնվում է Շենգավիթում՝ Գարեգին Նժդեհ 13 հասցեում։ Տրամադրեց նաև արտադրամասի ֆեյսբուքյան էջը։
Politik.am-ը գրել է նաև, որ թեև Մարիամ Ավետիսյանի էջը ստեղծվել է 2015-ին, սակայն առաջին հրապարակումը եղել է 2018-ի դեկտեմբերին։ Այս հայտարարությունը ևս սուտ է, քանի որ Ավետիսյանի էջում գրառումներ կան սկսած 2016-ից։
Ուշագրավ է, որ Politik.am-ի հոդվածը վերահրապարակել է նաև 7or.am կայքը։
Այսպիսով, Նիկոլ Փաշինյանի տարածած նամակի հեղինակը կեղծ չէ։
Թարմացում. Նյութի պատրաստման ընթացքում նկատեցինք, որ Politik.am կայքից հեռացվել է վերոնշյալ հոդվածը։ Սակայն մեզ մոտ պահպանվել են հոդվածի սքրինշոթերը։
Ստորև ներկայացնում ենք հոդվածի սքրին-շոթը։