Կառավարությունը, այսօրվա արտահերթ նիստում, Սյունիքի մարզպետ նշանակեց նախկին փոխոստիկանապետ Հունան Պողոսյանին։ Այս նշանակումը միանշանակ չի ընդունվել հասարակության կողմից և վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս դա ընդունեց նիստի ընթացքում՝ «կարծում եմ, որ որոշ իմաստով այս առաջարկը կարող է տարօրինակ թվալ»։
Հատկանշական է, որ Պողոսյանը իր պաշտոնավարման ընթացքում մամուլի և հենց Փաշինյանի կողմից մեղադրվել է բռնություն գործադրելու և ապօրինի հարստացման մեջ։
Ըստ 2012 թվականի ուսումնասիրության, նրա դրամական ունեցվածքը 2011 թվականի տարեսկզբին եղել է 75 մլն դրամ, տարեվերջին` 72 մլն, չնայած, որ նրա աշխատավարձը, ըստ 2011 թվականի հայտարարագրի, եղել է 4 մլն 552 հազար դրամ։ Այսինքն, նրա ունեցվածքը 19 անգամ գերազանցել է նրա տարեկան աշխատավարձը։
Նիկոլ Փաշինյանը, որպես ԱԺ ընդդիմադիր պատգամավոր, 2013 թվականի նոյեմբերին դիմել էր Հատուկ քննչական ծառայություն (ՀՔԾ), որպեսզի վերջինս քննի Շանթ Հարությունյանի դեմ կատարված բռնության ահազանգերը։
Դիմումի մեջ Փաշինյանը հայտարարել էր, որ, ըստ Շանթ Հարությունյանի, նոյեմբերի 5-ի երեկոյան իր դեմ բռնություններ են կիրառել անձամբ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը և նրա առաջին տեղակալ Հունան Պողոսյանը։ Ավելին, Պողոսյանը, ըստ Շանթ Հարությունյանի, «սպառնալիքներ է հնչեցրել նաև իր որդու (Շահեն Հարությունյանի — խմբ․) հասցեին և սեռական բնույթի նվաստացուցիչ հայհոյանքներ տվել։ Այդ ընթացքում մի խումբ ոստիկաններ բռնած են եղել իր ձեռքերը»։ ՀՔԾ-ն մերժել էր Փաշինյանի դիմումը՝ «գրությամբ նկարագրված հանցագործության դեպքի բացակայության պատճառաբանությամբ»:
2018թ․ ապրիլյան ցույցերի ժամանակ Հունան Պողոսյանը, դեռ որպես փոխոստիկանապետ, խոչընդոտել է «Հայկական ժամանակի» լրագրողի աշխատանքը Բաղրամյան պողոտայում։ Ապրիլի 18-ին նա, ըստ օրաթերթի, «իր ենթականերից մեկին հրամայել է թույլ չտալ լուսանկարել տեղակայված զրահատեխնիկան», իսկ հետո արդեն «ագրեսիվ տոնով իր ենթակային հարմայել է հեռախոսը թղթակցի մոտից վերցնել»:
Հովհաննես Նազարեթյան