Ֆեյսբուքի հայկական տիրույթում վերջին օրերին տարածվում է մի տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես են մի խումբ մարդիկ ներխուժում Բրազիլիայի հիվանդանոցներից մեկը, ստուգելու՝ այնտեղ իսկապե՞ս կորոնավիրուսով հիվանդներ են, թե՞ ոչ։
Հրայր Կոստանյան անունով ֆեյսբուքյան օգտատերը, տարածելով տեսանյութը, գրել է. «Բրազիլիայում պատգամավորները /մենք նման պատգամավորներ չունենք/ ներխուժել են հիվանդանոց, որի բժիշկները և ղեկավարությունը հայտարարել են՝ իբրև 5000 վարակված և 200 մահացած ունեն։ Սակայն իրականում պարզվում է պատկերն այլ է՝ հիվանդանոցը բացարձակապես դատարկ է»: Նշենք, որ տեսանյութը պորտուգալերեն է։
Կոստանյանի գրառումը մեծ տարածում է ստացել համացանցում, և «Փաստերի ստուգման հարթակը» որոշեց ստուգել, թե արդյո՞ք տեսանյութի նրա մեկնաբանությունը համապատասխանում է իրականությանը։
Նախապատմությունը
Թեպետ այսօր կորոնավիրուսով վարակվածների և մահերի թվով Բրազիլիան զիջում է միայն Ամերիկայի Միացյալ Նահանգներին, երկրի նախագահ Ժաիր Բոլսոնարուն շարունակում է լուրջ չվերաբերել վիրուսին՝ այն կոչելով «փոքրիկ գրիպ»։ Ի հակառակ կառավարության անդամների դժգոհություններին, նա նախընտրում էր բաց պահել գործարաններն ու կարանտինային ռեժիմ չկիրառել՝ պահպանելով երկրի տնտեսական զարգացման տեմպերը։ Մինչ օրս, սակայն, երկրում կորոնավիրուսից մահացել է ավելի քան 50 հազար մարդ, վարակված է շուրջ մեկ միլիոնը։
Բացի այդ, նախագահն անձամբ էր հորդորել քաղաքացիներին մուտք գործել հիվանդանոցներ և տեսնել իրական վիճակը, ինչին հետևել էին մի քանի նման միջադեպեր։
Տեսանյութը և իրական պատմությունը
Հիվանդանոցը, որտեղ վերոնշյալ տեսանյութում մայիսի 28-ին ներխուժում են բրազիլացի պատգամավորները, Ռիո դե Ժանեյրոյի «Սան Գոնսալո» ժամանակավոր հիվանդանոցն է։ Այս հիվանդանոցի կառուցման աշխատանքները սկսվել էին մարտին՝ հատուկ կորոնավիրուսով հիվանդների համար, բացումը պետք է տեղի ունենար ապրիլի 30-ին, սակայն այն հետաձգվել էր վեց անգամ՝ ի վերջո բացվելով միայն հունիսի 18-ին։
Այսինքն, տեղեկությունը, թե «Սան Գոնսալո» հիվանդանոցում մայիսի 28-ին կարող էր 5000 վարակված և 200 մահացած մարդ լինել, չի կարող համապատասխանել իրականությանը։ Ավելին, ներխուժման ժամանակ, փաստորեն, հիվանդանոցում դեռ ընթանում էին նախապատրաստական աշխատանքներ, ուստի, բնականաբար, ներսում հիվանդներ չէին կարող լինել։
Սա բրազիլացի պատգամավորների՝ հիվանդանոց ներխուժելու միակ դեպքը չէ, և նման միջադեպ տեղի է ունեցել նաև Սան Պաուլո քաղաքի հիվանդանոցներից մեկում։ Այդ ժամանակ ևս տարածվել էին տեղեկություններ, թե հիվանդանոցը, որում պետք է բազմաթիվ վարակակիրներ լինեին, դատարկ է։ Բրազիլիայում փաստերի ստուգմամբ զբաղվող Agenda Lupa կայքը, սակայն, բացահայտել էր, որ միջադեպի մասին տարածվող տեսանյութերը մոնտաժված են եղել, և ցուցադրվել են հիվանդանոցի՝ դեռևս նախապատրաստվող հատվածները, իսկ տեսանյութի ամբողջական տարբերակում երևում էր նաև հիվանդանոցի՝ տվյալ պահին գործող հատվածը։
Հայկական մեդիատիրույթում այն տարածողը
Ինչպես նշեցինք, Ֆեյսբուքի հայ օգտատերերից առաջինն այս տեսանյութը կեղծ և մանիպուլացնող մեկնաբանությամբ տարածել էր Հրայր Կոստանյան անունով օգտատերը։ Կոստանյանի էջում կարելի է գտնել կորոնավիրուսի հետ կապված դավադրության բազմաթիվ տեսություններ, ինչպես նաև հրապարակումներ դիմակների անարդյունավետության, 5G կապի, պատվաստանյութերի վնասի և այլ թեմաներով։ Օգտատիրոջ խնդրահարույց գրառումները բավականին մեծ տարածում են ստանում։
Այսպիսով, տեսանյութում երևացող հիվանդանոցում վարակակիրների բացակայությունը բացատրվում էր նրանով, որ հիվանդանոցը դեռ չէր աշխատում, իսկ այդ թեմայով հայ օգտատիրոջ մեկնաբանությունը բոլորովին չի համապատասխանում իրականությանը։
Անի Ավետիսյան